ՌԴ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Պ. Ք. Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայում քիմիական զենքի կիրառման քննությունների կապակցությամբ: ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակվել են տվյալներ ս.թ. մարտին Հալեպի մոտակայքում «Բաշաիր ան Նասր» բրիգադի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ: Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ 2013 թ. օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման առնչությամբ ՄԱԿ-ի քննությունը դեռ չի ավարտվել, սակայն ԶԼՄ-ներում պատասխանատվությունը բարդվում է Սիրիայի իշխանությունների վրա: Դրանով իսկ «հող է նախապատրաստվում» Բաշար Ասադի վարչակարգի դեմ ուժային գործողության համար: Այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն որոշել է հրապարակել մարտին Հալեպի արվարձան Խան ալ Ասալում մարտական թունանյութերի կիրառման վայրից առնված փորձանմուշների տարրալուծման տվյալները: Այդ գրոհից սպանվել էին 26 բնակիչ եւ զինծառայող, 86 այլ անձինք ստացել էին զանազան վնասվածքներ: Սիրիայի իշխանությունների խնդրանքով ռուսական հավաստագրված լաբորատորիաներում անցկացված տարրալուծման արդյունքները հուլիսի 9-ին փոխանցվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Ռուսաստանցի մասնագետների հիմնական հետեւությունները սրանք են. 1) կիրառված զինամթերքը սիրիական բանակինը չէ եւ պատրաստված է Սիրիայի հյուսիսում գործող «Բաշաիր ան Նասր» բրիգադի անկառավարելի ռեակտիվ արկերի պարամետրերով, 2) որպես զինամթերք պայթուցիչ կիրառվել է հեքսոգենը, որը բանակի քիմիական զինամթերքներում չի օգտագործվում, 3) զինամթերքի եւ բնահողի փորձանմուշներում հայտնաբերվել են ոչ արդյունաբերական պայմաններում սինթեզված զարին եւ դիզոպրոպիլֆտորֆոսֆատ, որը 2-րդ աշխարհամարտի ժամանակ Արեւմուտքի երկրներն օգտագործում էին քիմիական զենքի ստեղծման համար: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՄԱԿ-ին փոխանցված մոտ 100-էջանոց գիտատեխնիկական փաստաթուղթն ունի բազմաթիվ աղյուսակներ եւ փորձանմուշների սպեկտրային տարրալուծման դիագրամներ: Սակայն ՄԱԿ-ը մինչեւ օրս պատշաճ կերպով չի քննել հիշյալ միջադեպը: «Մասնավորապես փորձ է արվում անտեսելու Դամասկոսի արվարձանում օգոստոսի 22-ին, 24-ին եւ 25-ին նյութերի, սարքավորումների եւ զարինի հետքերով անոթների հայտնաբերման ժամանակ սիրիական բանակի զինծառայողների թունավորման դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ին պաշտոնական Դամասկոսի ներկայացրած տվյալները», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Փաստաթղթի հրապարակումից առաջ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 10-ի դեմ 7 ձայնով (մեկ ձեռնպահ) ընդունել էր Սիրիայի դեմ «սահմանափակ» (60+30 օր) ռազմական գործողություն ձեռնարկելու բանաձեւը: |