ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Սեպտեմբերի 2-ին Ժնեւի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանըՙ Հայոց Մեծ եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը եւ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Թեմատիկ ցուցավահանակների եւ գրքույկի միջոցով այցելուներին ներկայացվեցին պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի եւ հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր եւ լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, քրիստոնեական եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հայտարարություններ: Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաեւ առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակՙ Կ.Պոլսի հայոց պատրիարքի նամակները: Որպես խոսնակ` ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի եւ Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը եւ ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին: Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի ցուցադրությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի վերջ եւ հետագայում կկազմակերպվի նաեւ այլ երկրներում: |