ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸՙ ՍԻՐԻԱԿԱՆԱՑԱԾ Հ. Ա. Օբաման այսօր հանդիպելու է ռուսական հոմոսեքսուալների հետ Դեպի Արեւմուտք բացվելու ռուսական պատմական կողմնորոշման խորհրդանիշ Սանկտ Պետերբուրգում երեկ բացված G-20-ի երկօրյա գագաթաժողովն ընթանում է խիստ լարված մթնոլորտում: Պատճառըՙ սիրիական ճգնաժամն է, ավելի ճշգրիտՙ քիմիական զենքի օգտագործման պատրվակով Սիրիային ռազմական հարված հասցնելու ամերիկյան սպառնալիքը եւ դրա նկատմամբ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի կեցվածքների բեւեռային տարբերությունը: Գագաթաժողովի օրակարգում անշուշտ կան տնտեսական ու ֆինանսական կարեւորագույն հարցեր, ինչպեսՙ G-20-ի անդամ եւ ոչ անդամ երկրների ներքին պարտքերի խնդիրը, հարկային ու մաքսային տրանսնացիոնալ հանցագործությունների դեմ պայքարը, Արժույթի միջազգային ֆոնդի փոխարեն նոր կազմակերպություն ստեղծելու առաջարկը, նոր աշխատատեղեր հայթայթելու մտահոգությունները, եւ այլն: Սակայն գլխավոը մնում է Սիրիայի հարցըՙ հյուրընկալող երկրի եւ Մ. Նահանգների ու երկուսի աջակիցների միջեւ տիրող խորը տարակարծության պատճառով: Գագաթաժողովի մթնոլորտն առավելագույնս է ծանրացնում այն հանգամանքը, որ նախապես ծրագրված Պուտին-Օբամա առանձնաժողովը վերջին պահին ջնջվեց վերջինիս պահանջով, որպես ամերիկյան դեմարշ Էդուարդ Սնոուդենին քաղաքական ժամանակավոր ապաստան տալու Մոսկվայի որոշման դեմ: Անշուշտ, կան նաեւ այլ պատճառներ: Այնուամենայնիվ, գագաթաժողովում տիրող լարվածության պայմաններում հույս ներշնչող հանգամանք է այն, որ մասնակից երկրների մեծամասնությունը կողմ է Սիրիայի հարցի նկատմամբ միայն ՄԱԿ-ի գլխավորությամբ ու միջոցով միասնական դիրք որդեգրելու գաղափարին: Մանավանդ, որ հենց այդ նպատակով գագաթաժողովին մասնակցում է նաեւ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, կողքին ունենալով սիրիական հարցով միջազգային բանագնաց Լախդար Իբրահիմին, որն արդեն ձեռնարկել է նույն հարցի շուրջը միջազգային համաժողով գումարելու գաղափարի իրականացումը: Ռուս-ամերիկյան լարվածության մեկ ուրիշ ցուցիչ կարելի է համարել նախագահ Օբամայի այս երեկո նախատեսված հանդիպումը ռուսական հոմոսեքսուալիստների եւ նրանց քարոզչությունն արգելելու օրենքը բողոքարկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սիրիական մղձավանջ եւ միասեռականների պաշտպանություն: Իսկը ժամանակակից պատկեր է, չէ՞: |