ՍԵՎԱՆՈՒՄ ՍԻԳԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում Սեւանի Իշխանի վերարտադրողականության ուղղությամբ: Այս պահին ուսումնասիրություններ են արվում, թե Սեւանա լիճը որքանով է վտանգավոր էնդոհամակարգի համար: Թեպետ իշխանի բազմացումը վերականգնվում է, սակայն հնարավոր կլինի խոսել հաջողության մասին միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա բնական բազմացում: Այս պահին դա չկա: Եթե իշխանը արհեստական ճանապարհով հնարավոր է վերականգնել, ապա սիգի պաշարները գնալով նվազում են: «Հասել ենք մի եզրագծի, երբ սիգը կանգնած է ոչնչացման առաջ»: Թեպետ արդեն հինգ տարի մասնագետներն առաջարկում են բնապահպանության նախարարությանըՙ արգելել սիգի որսը ոչ միայն բազմացման շրջանում, այլեւ ամբողջ տարին, սակայն բնապահպանության նախարարությունից ստանում են մերժում: Մինչդեռ առանց լուրջ միջոցառումների հնարավոր չի լինի փրկել արդեն անհետացող այդ ձկնատեսակը: Սիգի բազմացումն արհեստական ճանապարհով վերականգնելը շատ բարդ է: Ռուսաստանում արդեն սկսել են նման տեխնոլոգիաներ կիրառել, սակայն դա շատ թանկ հաճույք է, եւ կերակրման տեխնոլոգիան դեռեւս հասանելի չէ հայերին: «Մեզ մնում է ոչ թե արհեստական մեթոդներով, այլ բնական ճանապարհով նպաստել սիգի բազմացմանը, սակայն չի ստացվում»: Հիշեցնենք, որ 1980 ականներին Սեւանա լճում սիգի պաշարները կազմել են10-12,000 տոննա, 90-ականներինՙ 28-30,000 տոննա, այսօրՙ 6-8 տոննա: Լճում ձկնատեսակների ընդհանուր պաշարը 90 տոննա է, որից 60 տոննան կարաս ձկնատեսակն է, որն այնքան էլ հայտնի եւ արժեքավոր չէ: |