ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈԿԱՌՆՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՓԱՌԱՏՈՆՈՒՄ Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցավ «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռներ» -ի շրջանակներում «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաեւ վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի. այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» եւ Վարդան Հովհաննիսյանի «Պատմություներ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիմերը: «Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որեւէ տարածաշրջանի վրա եւ այս տարի ծրագիրը նվիրված էր Կովկասի տարածաշրջանի երեք երկրներինՙ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: «Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էին լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել էին 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լեւոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի եւ Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել էին 12-ը: Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Օքսանա Միրզոյանի «Անդունդ» նախագիծը հինգ մրցանակակիրների թվում էր: |