Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Ադրբեջանը ներկայացել է ԱԳ նախարար Մամեդյարովի մակարդակով: Հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարիՙ Նյու Յորքում հանդիպումների մասին տեղեկատվությունը բավական սուղ է: Հայտնի է, որ Մամեդյարովը հանդիպել է Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ կողմերը «կարեւորել են Ադրբեջանում ավանդական էթնիկ եւ կրոնական հանդուրժողականությունը, քննարկել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին»: Ինչ խոսք, արտառոց է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն իր երկրի եւ Իսրայելի հարաբերությունների հարցը քննարկում է ԱՄՆ հրեական կազմակերպությունների հետ կամ նույն ձեւաչափով անդրադառնում «տարածաշրջանային զարգացումներին»: Տպավորություն է ստեղծվում, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում վերջերս ծագել են «պարզաբանման կարիք ունեցող» խնդիրներ, որոնք, սակայն, պաշտոնական Բաքուն փորձում է հարթել ոչ թե ուղղակի, այլ` միջնորդավորված բացատրություններով: Մամեդյարովն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ հրեական կազմակերպությունների միջոցով Իսրայելին պարզաբանումներ է տվել Իրան-Ադրբեջան վերջին շփումների վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում մասնակցել է նաեւ այսպես կոչված «Կասպյան համաժողովի» շրջանակներում քննարկումներին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հիմնականում խոսել է «Հարավային գազային միջանցքի» թեմայով: Սա մի նախագիծ է, որ ծրագրվում է ավարտին հասցնել 2019-ին: Ըստ կանխատեսումների, ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա: Այդ նպատակով ստեղծվել է կոնսորցիում: Վերջերս միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Եվրոմիությունը «հիասթափված է, քանի որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է իր մասնաբաժինը կիսել Ռուսաստանի հետ, որն արդեն իսկ 10 տոկոսի մասնակցություն ունի «Հարավային գազային միջանցք» նախագծում»: Բրյուսելում մտահոգություններ կան, որ ռուսաստանյան «Գազպրոմը» բանակցում է նաեւ նորվեգական ընկերությունների հետ` տվյալ նախագծում վերջիններիս մասնաբաժինը ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ իրողություն է, որ «Հարավային գազային միջանցքը» ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, որով Եվրոմիությունը ձգտում է մասնակիորեն թոթափել Ռուսաստանից էներգակախվածությունը: Եթե «Գազպրոմ»-ին հաջողվի ադրբեջանական եւ նորվեգական կողմերի հետ ավարտին հասցնել բանակցությունները եւ, ինչպես մեկնաբաններն են կարծում, «եռապատկի «Հարավային գազային միջանցք» ծրագրում իր մասնակցությունը», ապա Եվրոմիությունը քաղաքական իմաստով գրեթե ոչինչ չի շահի: Այս եւ այլ հարցերի շուրջը Մամեդյարովը բացատրություններ տվե՞լ է, թե՞ ոչ` հայտնի չէ: Ադրբեջանական աղբյուրներն առանձնացրել են նրա խոսքի հետեւյալ հատվածը. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածաշրջանային հակամարտությունը սառեցված չէ: Այդ հակամարտությունը շինարարության (դեպի Եվրոպա գազատարի-Վ. Ա.) ճանապարհին կարող է խնդրահարույց լինել»: Շարունակելով միտքըՙ Մամեդյարովն ասել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է օգնել Հայաստանին, եթե Երեւանը հետեւի միջազգային նորմաներին, իսկ հետո կարող է միանալ նախագծին»: «Միջազգային նորմերին հետեւելու» մասին Մամեդյարովի ասածը թերեւս մեկնաբանելու կարիք չկա: Պարզ է, թե այդ ձեւակերպման տակ ինչ են նկատի ունենում Ադրբեջանում: Բայց որ «հակամարտությունը գազատարի շինարարության ճանապարհին կարող է խնդրահարույց դառնալ», սա արդեն բավական հետաքրքրական միտք է: Դա կարելի է հասկանալ այնպես, որ «քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, գազատարի շինարարությունը չի սկսվի»: Այս դեպքում ստացվում է, որ Մամեդյարովը շահագրգիռ կողմերին կոչ է անում «արագացնել հակամարտության կարգավորումը, ընդ որում` Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով»: Չի բացառված, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը քողարկված սպառնալիք է հնչեցրել, որ «հակամարտությունը սառեցված չէ, հնարավոր է, որ վերստին բորբոքվի, իսկ այդ դեպքում կարող է վտանգվել գազատարը»: Կա նաեւ երրորդ հավանականությունը: Միջազգային մամուլում «Հարավային գազային միջանցքի» կառուցման նախագիծը գնահատվել է «չափազանց ծախսատար»: Ադրբեջանական կողմը պնդում է, որ գազատարը պետք է անցնի Վրաստանի տարածքով: Միաժամանակ, սակայն, Բաքուն չի պատրաստվում ներդրումներ անելու գազատարի կառուցման ծրագրում: Բացառված չէ, որ եվրոպական ներդնողները քննարկել են գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու տարբերակը, որը կարող է զգալիորեն էժան լինել: Այս դեպքում Մամեդյարովի ասածից ենթադրվում է, որ «դա հնարավոր է հակամարտության կարգավորումից հետո: Այս ենթադրության օգտին է խոսում Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին ընդգծումը. «Եթե ծրագիրն ավարտվի 2019-ին, ապա հաջորդ տասնամյակում Ադրբեջանը դրանից ավելի մեծ շահույթ կստանա` հօգուտ պետության եւ մարդկանց»: Թեականորեն խոսել մի ծրագրի հաջողության մասին, որով հետաքրքրված են Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները, նշանակում է ունենալ լուրջ վերապահումներ դրա քաղաքական նպատակահարմարության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստորեն այդ վերապահումն արել է: |