«ԽԵԼԱԳԱՐ» ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇ ԳՐԳՌԻՉ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Միխեիլ Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից առատ ցեխ է շպրտել Ռուսաստանի ու Եվրասիական միության ուղղությամբ «Հայաստանին մտցրեցին անկյուն ու պարտադրեցին մտնել Մաքսային միություն, ինչը ոչ Հայաստանի, ոչ էլ մեր տարածաշրջանի շահերից չի բխում», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Երբեւէ Հայաստանի հանդեպ հարգանքի դրսեւորում չունեցած Սաակաշվիլին հակառուսական իր ձեւակերպումներում կարգին հեռուն է գնացել, թեեւ որոշներին չհամաձայնել չիկարելի: «Մոլդովային շրջափակում են հայտարարել, հարձակումներ Ուկրաինայի վրա, Ադրբեջանը մնացել է երեսառերես ճնշման դեմ, Վրաստանն էլ օկուպացված է», ասել է Վրաստանի նախագահը Նյու Յորքում սեպտեմբերի 25-ի իր ելույթում, որի մեկնարկից քիչ անց ռուսաստանյան պատվիրակությունը լքել է դահլիճը (իսկ որտե՞ղ էր հայկական պատվիրակությունը- Վ.Պ.): Իսկ թե ինչու է այդպես` Սաակաշվիլին ներկայացրել է, թե սահմաններ չունեցող Խորհրդային Միությունը կամ Եվրասիական միությունը եւ, որ նույնն է, Ռուսական կայսրությունը «միայն ծայրամասեր, եզրեր ունեն, որոնց անունից էլ» Սաակաշիլին խոսում է: «Ռուսաստանի Դաշնությունն, ի տարբերություն երկրների մեծ մասի, հետաքրքրված չէ իր շրջապատում կայուն պետությունների գոյությամբ: Հավերժական քաոսն ու անկարգությունը հարեւան երկրներում հենց այն են, ինչի ձգտում է Կրեմլը», մի քիչ պաթետիկ, բայց իրականությունից ոչ հեռու դատողություն է մատուցել Վրաստանի ոչ այնքան հավասարակշիռ նախագահը: «Ինչ եք կարծում, օրինակ, Պուտինը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը ամբողջական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ», թերեւս ակամա Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի տարած հաղթանակը թեեւ ոչ ամբողջական, բայց ընդունել է Սաակաշվիլին, շեշտադրմամբ, թե այդ դեպքում կնշանակեր, որ Հայաստանը դառնում է չափից դուրս ուժեղ եւ չափից դուրս անկախ: Սաակաշվիլու համար հակառակն էլ ընդունեի չէ, այսինքն` Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ, քանի որ «արդիականացված Ադրբեջանի վերածնունդն էլ ռուս լիդերների համար հավասարազոր է սարսափի»: Վրաստանի նախագահի դատողությամբՙ Ռուսաստանը հենց հակամարտությունն է ուզում, քանի որ այդ դեպքում ապահովվում է երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից եւ խոչընդոտվում դրանց եվրոպական ինտեգրումը: Ուկրաինային ահավոր ճնշում են, Վրաստանի առումով էլ «Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելուն Ռուսաստանը պատրաստ չէ»: Սաակաշվիլու` ինքնագովության ու Վրաստանի բացառիկության եւ նմանատիպ դատողությունների մասը բաց թողնելովՙ նշենք նաեւ, որ ասվածի համատեքստում թեեւ ճշմարտության բաժինը քիչ չէ, բայց Սաակաշվիլին այդպես էլ շարունակում է լոթի թիֆլիսցու մենթալիտետով մոտենալ Հայաստանին` իր ծագման արմատներում հայկականից վախեցած, թե դժգոհ: «...Ռուսաստանի այսօրվա ղեկավարները հրաշալի գիտեն, որ հենց ամուր հաստատություններ կառուցվեն Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում կամ էլի ինչ-որ տեղ (ողջ ելույթի համատեքստում այդ ինչ-որ տեղը Հայաստանն է ստացվում- Վ.Պ.), այդ հաստատությունները կամրացնեն իրապես անկախ ու եվրոպական ընտանիքի մաս լինելու այդ երկրների ժողովուրդների ցանկությունը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության գլխավոր նախագիծ հանդիսացող Եվրասիական միությունն, ըստ Սաակաշվիլու, ոչ թե արտաքին քաղաքականության հարց է, այլ անցյալ վերադառնալու ճանապարհ, որն ուղեկցվում է «հատուկ ներդրված» մտայնություններով, թե Եվրոմիությունը ընտանեկան արժեքների ավերման է բերում, քայքայում ազգային ավանդույթներն ու սեռական այլ կողմնորոշում պարտադրում: 20-րդ դարասկզբի հայ-ադրբեջանական (թե այդ ժամանակվա ադրբեջանցին որն էր- Վ.Պ.) կամ վրաց-աբխազական հակամարտությունների սաակաշվիլիական պատմագիտությունը, նաեւ Ռուսաստանի ապագային առնչվող դատողությունները ելույթի կարեւոր հատվածներից չեն: Դրա փոխարեն ՄԱԿ-ի ամբիոնի իր խոսքում, որ ուժեղ, հզոր ու նման այլ որակումներով են ներկայացրել ԱՄՆ շատ դիվանագետներ ու չինովնիկներ, Արեւելյան Եվրոպայի որոշ ներկայացուցիչներ, Սաակաշվիլին Եվրասիական միությանն անդամությունը պիտակել է որպես գաղութ դառնալու քայլ: Սաակաշվիլու ելույթի ավարտն էլ կենաց է «Սաքարթվելո գաումարջոս»` «հանուն Վրաստանի կամ կեցցե Վրաստանը» տարբերակով: Մեկնաբանությունների կարիք չկա, միայն ընդգծում, որ Սաակաշվիլին իր երկրի կենացը խմելու իրավունք, անգամ եթե հաջող նախագահ չի եղել տարբեր գնահատականներով, հաստատ ունի, թեկուզ ՄԱԿ-ի ամբիոնից: |