ՌԴ. ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՖԻՆՆԵՐՆ ՈՒ... ՌՈՒՍԱԿԱՆ ՕՂԻՆ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ ՀՀ շարքային քաղաքացին, եկեք ընդունենք, շատ բան չգիտի իր կյանքի ուղեկից ֆինանսական փաստաթուղթ բյուջեի գործառույթներից, հարկային քաղաքականությունից, դեֆիցիտի հայթայթման ձեւերից, ծախսերից ու այլ հարցերից: Նա հիմնականում վստահում է իր կառավարիչներին, նրանց օժտելով որոշակի իրավունքներով, աշխատապայմանների համար միջոցներ հատկացնելով: Բայց գալիս է մի պահ, երբ նա սկսում է թերահավատորեն նայել իր շուրջը կատարվողին, պարզ ու հասարակ համեմատություններ է կատարում, փորձում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել: Վերջին շրջանում մեզանում այսօրինակ վիճակ է առաջանում հայրենիքում ապաստանած սիրիահայերի որոշ մտահոգություններ ունկնդրելու ընթացքում: Նրանց բացարձակ մեծամասնությունը, որոնք նույնպես որեւէ պատկերացում չունեն իրենց երկրի ֆինանսական վիճակից, այսուհանդերձ տնտեսական առումով որոշակի մոտեցումների տիրապետում են: Հաճախ կարելի է լսել, որ Սիրիայում հարկային ինչ-ինչ արտոնություններ են տրվում ու գործում, փաստաթղթային ձեւակերպումներն են դյուրացված, վարչարարությունն է բարենպաստ: Այսօրինակ հարցերում մասամբ կողմնորոշվելու նպատակով տողերիս հեղինակը ձեռքը վերցրեց ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2013» տեղեկատուն, ուր յուրաքանչյուր երկրի ազգային վիճակագրական ծառայություն համապատասխան տեղեկատվություն է հրապարակում: Սիրիայի մասին կարդում ենք. 2010-ին բնակչությունը 22,5 մլն էր, երկրի համախառն ներքին արդյունքըՙ 108 մլրդ դոլար, բյուջենՙ 18 մլրդ դոլար: Ստացվում է ՀՆԱ-հարկեր 17-18 տոկոս հարաբերակցություն, 1 բնակչի հաշվով բյուջետային ծախսը տարեկան 800 դոլար: Ընթերցողը պարզորոշ կնկատի, որ հիմնական հետաքրքրություն ներկայացնող վերջին երկու ցուցանիշները ճիշտ ու ճիշտ հայաստանյանի արտացոլումներն են. վերջին 2-3 տարիներին ՀՀ-ում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 17-18 տոկոս է, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսըՙ մոտ 800 դոլար: Հետաքրքրական պատկեր է ստացվում, եւ հարկադրված ենք ընդունել, որ մեզանում մտորելու բան կա. ինչի՞ց են գոհ սիրիահայ գործարարներն իրենց ծննդավայրում, որ այսօր չեն գտնում մեր պայմաններում, որը նաեւ նրանց հայրենիքն է: Անշուշտ կարելի է սիրողական մակարդակով դատողություններ անել ու տեսակետ հայտնել, ասենք, ռազմական ծախսերը համեմատել: Բայց հանրահայտ է, որ այս ասպարեզում Սիրիան միշտ էլ 300-հազարանոց բանակ է պահում, որը որոշակի բեռ է այսպիսի երկրի համար: Իսկ գուցե պետական-կառավարական ապարատի մե՞ջ է խնդիրը: Վստահ եմՙ ընթերցողների մեջ այլ հարցեր էլ կծագեն, որոնց մասնագիտական ու սպառիչ պատասխաններ կարող են տալ մեր տնտեսագետները, տնտեսվարներն ու պաշտոնյաները: Արդեն հիշատակված տեղեկատուից նաեւ հայտնի է դառնում, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը Բելառուսում 15 տոկոս է, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսըՙ 2230 դոլար, Ռուսաստանի Դաշնությունումՙ 16 տոկոս եւ 2640 դոլար, Ղազախստանումՙ 18 տոկոս եւ 2200 դոլար: Հարկումը մասամբ բարձր է մերձբալթյան երկրներում. Լատվիայում 25 տոկոս է, Լիտվայումՙ 26 տոկոս, Էստոնիայումՙ մոտ 30 տոկոս. վերջինում 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը 7000 դոլար է, նախորդ երկուսումՙ 5000-ական դոլար: Ինչ քննարկվող խնդրի առումով կատարվում է ՌԴ-ին սահմանակից մի այլ երկրում, Ֆինլանդիայում, ոմանք կարող են հարկահավաքության ամենաթողություն որակել, հարկային տեռոր հռչակել: Երկրի 200 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքից բյուջե է ուղղվում մոտ 140 մլրդ դոլարը, որջ աշխատածի 70 տոկոսն է: Այն թերեւս բարեխիղճ ձեւով էլ ծախսվում է, 1 ֆիննի հաշվով տարեկան 17 հազար դոլար, այսպես ասածՙ մերոնցականների 6-7-ապատիկը, մեր էլՙ 20-ապատիկը: Մի պահ պատկերացնենք, որ մենք Ֆինլանդիայի օրինակով հարկահավաքություն ենք իրականացնում. ՀՀ բյուջեն ստացվում է 7-8 մլրդ դոլար, իրականի գրեթե եռապատիկը: Այ թե աշխատավարձեր ու կենսաթոշակներ կունենայինք, կրթական ու առողջապահական խնդիրներ կլուծեինք, գիտական ու մշակութային ծրագրեր կիրականացնեինք, Ադրբեջանի էլ... մի խոսքով գիտեք ինչ կանեինք: Բայց եկեք մեր իրականություն վերադառնանք եւ ընդամենը նկատենք, որ անսովոր հարկահավաք Ֆինլանդիայի օրինակով մենք Ռուսաստանի հետ առայժմ սահմանակից չենք: Ուրեմն ի՞նչ. լավ է սահմանակից լինել, բայց առավել սերտ կապեր չունենա՞լ, թե՞ սահմանակից չլինելովՙ սերտ կապեր փնտրել: Հայաստանի գործարարների այս մոտեցումը կարծես պարզ է, իսկ թե ինչ են ասում տնտեսագետները, առայժմ սպասում ենք: Հ.Գ.- Ընթերցողը, վստահ ենք, գիտի, որ ֆինները հարեւանի հետ առավել սերտ հարաբերություններում էական են համարում ռուսական օղին վայելելը: |