RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՏԱՐԻՆ

Պ. Ք.

Առաջիկա դեկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա հանդիսավորությամբ նշել այն տարվա ավարտը, որը Ռուսաստանին մեծ հաջողություններ բերեց միջազգային քաղաքականության անկայուն խաղատախտակի վրա: Այսպես է սկսվում ռումինացի հասարակական գործիչ Անդրեյ Սորեսկուի հոդվածը Le Huffington Post ֆրանսալեզու թերթում: Սիրիա, Իրան, Հայաստան, «Մեծ քսանյակի» գագաթաժողով, Սնոուդեն... Այս տարի Ռուսաստանի հաղթանակների ցանկն այնքան երկար է, որ Պուտինի անունը հիշատակվում էր նույնիսկ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում:

Այսօր Ռուսաստանը համաշխարհային դիվանագիտության բարձունքի վրա է, մինչդեռ մի քանի ամիս առաջ դրան հասնելու նախադրյալներ կարծես թե չկային, շարունակում է Սորեսկուն: «Ամեն ինչ փոխվեց օգոստոսին Դամասկոսի արվարձանում Սիրիայի կառավարական զորքերի գազային գրոհից հետո», ընդգծում է հոդվածագիրը: Երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստվում էին Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծել, Պուտինը նրանց զրկեց այդ հնարավորությունից, առաջարկելով ոչնչացնել սիրիացիների քիմիական զինանոցը: «Իր անսպասելիությամբ հանճարեղ այդ կոմբինացիան խաղարկվեց մեծ հմտությամբ, եւ այսուհետեւ Արեւմուտքը տասն անգամ կմտածի Կրեմլի տիրոջը մարտահրավեր նետելուց առաջ», կարծում է հոդվածագիրը:

Սանկտ Պետերբուրգումՙ «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Պուտինն իրեն պահում էր իսկական ցարի պես: Լարված իրադրությունը նրան բնավ չի վախեցնումՙ ի տարբերություն արեւմուտքցի ղեկավարների, որոնք հիմա ջանում են չքննադատել ՌԴ նախագահին, նույնիսկՙ «միասեռական քարոզչության» արգելումից հետո:

Ռուսաստանի նախագահը ժամանակի մեծ մասը հատկացնում է լուրջ գործերին, բայց երբեմն շեղվում է դրանցից, օրինակՙ ՌԴ քաղաքացիություն է շնորհում Ժերար Դեպարդյոյին: «Երբեմն էլ, ինչպես Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանում ապաստան տրամադրելու դեպքում, աշխատանքն ու զվարճանքները համընկնում են, եւ այդ ժամանակ Պուտինն ուրախությամբ նվաստացնում է Ամերիկային», նշում է Սորեսկուն:

Բացի դրանից, Ռուսաստանն այսօր առաջատար է գազի ու նավթի հետ կապված համաշխարհային գործերում: «Պուտինը նստած է նավթադոլարների վրա եւ կարող է չնախանձել Պարսից ծոցի միապետներին: Էներգետիկան դարձել է գլխավոր զենք, իսկ Մոսկվան կարողանում է այն օգտագործել առանձնակի ճարպկությամբ», ասվում է հրապարակման մեջ:

Միեւնույն ժամանակ Սորեսկուն գրում է, որ Ռուսաստանի ներկայիս հաջողությունները դեռ անամպ ապագայի գրավական չեն: «Միջազգային հարաբերությունները երբեմն դաժան են լինում նրանց հետ, ովքեր հավակնում են կառավարել դրանք: Բավական է նավթի գինն ընկնի, եւ Մոսկվան կարողությունից կզրկվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», եզրակացնում է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ