ՉՆԱՅԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ Գաղտնիք չէ, որ հեծանվային սպորտը ֆինանսական խոշոր միջոցներ է պահանջում: Երեկ «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում մարզաձեւում տիրող իրավիճակը ներկայացրին հեծանվային սպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը եւ «Հայաստան» մարզական միության հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի եւ հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը: Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ արդեն 4 տարի գլխավորում է մարզաձեւի ֆեդերացիան եւ այդ ընթացքում միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների հետ գործնական կապերի ու համագործակցության շնորհիվ հաջողվել է որոշ չափով լուծել խիստ անհրաժեշտ մարզագույքի խնդիրը, ինչը բավական թանկ է: Սակայն եղած մարզագույքը չի բավականացնում Երեւանում գործող հեծանվային 2 մարզադպրոցների սաների մարզումային գործընթացը նորմալ կազմակերպելու համար: Բերեզովսկին տեղեկացրեց, որ պետբյուջեով այս տարի հեծանվասպորտի ֆեդերացիային 13 մլն դրամ է հատկացվել, որը նախատեսված է Հայաստանի առաջնությունների անցկացման եւ միջազգային մրցաշարերի մասնակցության համար: Սակայն այդ գումարը բավարար չէ: Նոյեմբերի 1-ից սկսվում են 2016-ի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները, իսկ մեր հեծանվորդների մասնակցության համար արդեն գումար չունի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահը համեմատության համար նշեց, որ Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի այս տարվա բյուջեն 408 հազար եվրո է եղել, իսկ մյուս տարվա համար 1 մլն 200 հազար եվրո են պահանջում: Եվ չնայած այս սուղ պայմաններին, հեծանվային սպորտում հայ մարզիկները հաջողություններ գրանցել եւ գրանցում են: Այս մասին նշեց Ալբերտ Սոլոյանըՙ առանձնացնելով 2011-ին Մոսկվայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Մհեր Մկրտչյանի նվաճումը: Մհերը 2 արծաթե մեդալ էր նվաճել, ինչը մեր հեծանվորդներին չէր հաջողվել նույնիսկ ԽՍՀՄ-ի տարիներին: Ներկայումս Մկրտչյանը հանդես է գալիս իտալական ակումբում: 20-ամյա հայ հեծանվորդը վերջերս 4-րդ տեղն է գրավել Իտալիայի առաջնությունում: Մեր մյուս խոստումնալից երիտասարդըՙ Հովհաննես Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել Ուկրաինայի բազմօրյա հեծանվավազքում, Իրանում: Իսկ Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նա փուլերից մեկում գրավել էր 1-ին տեղը, 2 անգամ զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Ցավոք, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը մուտքի վիզա չտրամադրեց Հովհաննիսյանին, պատճառաբանելով, որ փաստաթղթերը ուշ են ներկայացրել, որի պատճառով նա չկարողացավ մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը: Իսկ մեդալի ակնկալիքներ նրանից կային: Ալբերտ Սոլոյանն էլ անդրադարձավ մարզագույքի սակավությանը: Իր գլխավորած մարզադպրոցում 217 երեխաներ են մարզվում, իսկ հեծանիվները բոլորին չեն բավականացնում: Նա նշեց, որ պետական միջոցներով վերջին անգամ հեծանիվներ են ձեռք բերել 1992-ին: Հետագայում, երբ ստեղծվեց հեծանվասպորտի հանրապետական կենտրոնը, հնարավոր եղավ միջազգային ֆեդերացիայից օգնության կարգով հեծանիվների որոշ խմբաքանակ ստանալ: Ըստ Սոլոյանի, մարզաձեւը պետք է զարգացնել նաեւ հանրապետության մյուս մարզերում: Ներկայումս մարզադպրոցի մասնաճյուղեր են գործում Վանաձորում, Աբովյանում եւ Մասիսում, մոտ օրերս կվերականգնվի մասնաճյուղը նաեւ Գյումրիում: Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մարզաձեւի զարգացման գործում մեծ խթան էր Երեւանումՙ Իսակովի պողոտայում նոր հեծանվահրապարակի կառուցումը: Գլխավոր պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն էր, կապալառունՙ «Ռենկո» իտալական ընկերությունը, որը 2011-ի հոկտեմբերին շահագործման հանձնեց միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակը: Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նոր հեծանվահրապարակում հաջողությամբ անցկացվել է միջազգային մրցաշար, որին ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս 60 հեծանիվ է նվիրել, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել հեծանվորդների շրջանում: Ճիշտ է, հեծանվահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն այնտեղ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ անցկացնելու համար հարկավոր է էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել, հեծանվահրապարակի կենտրոնում արհեստական խոտածածկով դաշտ պետք է լինի: Այս հարցերով ֆեդերացիան դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ ՀՀ կառավարությանը, որոնք խոստացել են հնարավորության սահմաններում փուլ առ փուլ լուծել առկա խնդիրները: Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիան ցանկանում է 2014-ի Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնել: Սակայն ըստ գործող կարգի, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան պետք է 70 հազար եվրո գումար վճարի միջազգային ֆեդերացիային, իսկ դրա հնարավորությունը չունի: Առաջարկ եղավ այդ նպատակով հեռուստամարաթոն կազմակերպել ու գումար հանգանակել: Ի դեպ, Ալբերտ Սոլոյանը տեղեկացրեց, որ իր նախկին սաները, որոնք ներկայումս բնակվում են ԱՄՆ-ում, նմանատիպ մի միջոցառում կազմակերպել էին եւ 79 հազար դոլար էին հանգանակել, ինչի շնորհիվ մարզադպրոցին 28 հեծանիվ ու մարզահագուստ էին նվիրել: Չնայած առկա ֆինանսական դժվարություններին, հայկական հեծանվասպորտի պատասխանատուները լավատես են ու շարունակելու են աշխատանքը մարզաձեւի հետագա զարգացման ու մասսայականացման ուղղությամբ, մանավանդ որ այսօր բնակչության շրջանում մեծ է ցանկությունը հեծանվով երթեւեկելու: |