ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ Հոկտեմբերի 22-ին «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում պաշտոնապես բացվեց Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդեսվաճառք, որին ներկայացված են Հայաստանում եւ Լիբանանում տպագրված հայ եւ օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ եւ Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ հրատարակիչների ազգային միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, «Խնկո Ապոր» անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Արտ Բրիջ» հրատարակչատան տնօրեն Շաքե Կարապետյանը, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը: Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարեւորելով «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությունը, նշեց, որ միջոցառումն աննախադեպ է եւ յուրօրինակ, որովհետեւ առաջին անգամ Բեյրութում կազմակերպվում է Հայաստանի, Լիբանանի եւ սփյուռքի հրատարակչությունների համատեղ միջոցառում ցուցահանդես-վաճառք: Նա համոզմունք հայտնեց, որ ձեռնարկը երկարատեւ ազդեցություն կունենա տպագրական եւ հրատարակչական գործերի վրա: Դեսպան Քոչարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Հոկտեմբերի 23-ին «Փյունիկ» սրահում կանցկացվի կլոր սեղան «Հայաստանի հրատարակչական ոլորտի մարտահրավերներն այսօր» թեմայով: |