ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԴՐԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ Դորտմունդի «Բորուսիան» չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին շրջանն ավարտեց F խմբի առաջատարի դերումՙ դժվարին մրցապայքարում Լոնդոնում 2-1 հաշվով հաղթելով տեղի «Արսենալին»: Այդ հաղթանակի հիմքը դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը 16-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Դա չեմպիոնների լիգայի մրցաշարերում Հենրիխի 3-րդ գնդակն էր: Նախորդ գոլերը նա խփել էր անցյալ տարի «Շախտյորում»ՙ դանիական «Նորդշելանդի» դարպասը: F խմբում 1/8 եզրափակիչի 2 ուղեգրերի համար համառ պայքար է ծավալվել «Բորուսիայի», «Արսենալի» եւ «Նապոլիի» միջեւ, որոնք վաստակել են 6-ական միավոր: «Նապոլին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Մարսելին»: «Արսենալ»-«Բորուսիա» խաղից հետո մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել: Արսեն Վենգեր («Արսենալ»)-Շատ համառ մրցակցություն էր, որում վտանգավոր պահերը սակավաթիվ էին: Մրցակիցը լավ կազմավորված թիմ էր, որին հաջողվեց կանգնեցնել մեր հաղթարշավը: Մենք անվճռականություն դրսեւորեցինք, ուստի պարտվեցինք: Մրցակցին թույլ տվեցինք իրեն վստահ զգալ: Այժմ մեզ անհրաժեշտ է դրական արդյունքի հասնել Դորտմունդում: Մենք դժվարին խմբում ենք հայտնվել, սակայն հնարավոր է հաջորդ փուլ դուրս գալ: Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)-Ցավում եմ, որ Արսեն Վենգերի թիմը պարտվեց նրա ծննդյան օրը: Երկու թիմերն էլ անզիջում պայքար մղեցին, իսկ խաղի ելքը կարող էր վճռել մեկ վտանգավոր գրոհը: 2-րդ գոլից հետո մենք հսկայածավալ աշխատանք կատարեցինք, որպեսզի պահպանենք հաղթական հաշիվը: Տղաներն իրենց ողջ ուժերը ներդրեցին եւ շատ լավ համագործակցեցինք: E խմբում երկիշխանություն է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Չելսին» եւ «Շալկե-04-ը»: Գելզենկիրհենում կայացած այս թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց «Չելսիին», որը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերից 2-ն իր օգտին գրանցեց Ֆեռնանդո Տորեսը: Խմբի մյուս խաղումՙ «Ստյաուայի» եւ «Բազելի» մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի (1-1): Իր հաղթարշավը շարունակեց Մադրիդի «Ատլետիկոն»ՙ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով ավստրիական «Աուստրիային»: Դա մադրիդցիների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Իսկ ահա «Զենիթին» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնելՙ Պորտուգալիայում 1-0 հաշվով առավելության հասնելով «Պորտոյի» նկատմամբ: «Զենիթին» հաղթանակ պարգեւեց խաղավերջում Կերժակովի խփած միակ գոլը: «Զենիթը» 4 միավորով 2-րդ տեղում է: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Միլան»-«Բարսելոն» հանդիպումը, որում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: Արդեն 9-րդ րոպեին Ռոբինյոն առաջ մղեց «Միլանին», սակայն 23-րդ րոպեին Մեսին վերականգնեց հավասարակշռությունը: «Բարսելոնը» 7 միավորով H խմբի առաջատարն է: 5 միավոր ունի 2-րդ տեղում ընթացող «Միլանը»: «Սելթիկն» առաջին հաղթանակը տոնեց «Այաքսի» հետ մրցավեճում (2-1)ՙ 3 միավորով տեղափոխվելով 3-րդ հորիզոնական: |