RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 916, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԿՈՍՄԵՏԻԿԱՆ` ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Կանայք միշտ ձգտել են գեղեցկանալ, ունենալ անթերի տեսք` սկսած աչքերը սուրմայող Կլեոպատրայից ու շուրթերը որդան կարմիրով ներկող Շամիրամից:

Այսօր էլ շատ երիտասարդ աղջիկներ օգտագործում են կոսմետիկ միջոցներ նույնիսկ վաղ տարիքից: Առաջին հերթին շատերն ուզում են հարթ մաշկ ունենալ: Այս պարագայում դիմում են հարթեցնող քսուքի օգնությանը. վիտամինները, ամինաթթուները եւ հանքային նյութերը լավացնում են մաշկի տեսքը` դարձնելով հարթ ու թավշյա: Բայց սա միայն մեդալի մի կողմն է:

Կոսմետիկայի արտադրության մեջ գրեթե հնարավոր չէ խուսափել քիմիական միջոցներից, որոնք օգնում են, որ կոսմետիկ միջոցն ունենա ավելի երկար պահպանման ժամկետ: Պարզ է, որ այսպիսի քսուքները դեմքի համար անվտանգ չեն: Քաղցկեղային հիվանդությունների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն տարիքը, երբ աղջիկը կանոնավոր կերպով սկսում է կոսմետիկա օգտագործել, ուղիղ կապ ունի կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Աղջիկը որքան փոքր հասակից է սկսում շպարվել, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը: Իսկ ըստ «Vasser College» եւ «Pitisburg» քաղցկեղային հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի հրապարակած տվյալների` կրծքի քաղցկեղի առաջացմանը նպաստում են զանազան արտաքին գործոններ, այդ թվումՙ կոսմետիկայի եւ անձնական հիգիենայի միջոցների օգտագործումը: Պատճառը դրանց բաղադրության մեջ մտնող քիմիկատների ազդեցությունն է: Քաղցկեղից բացի` այդ քիմիկատները կարող են հորմոնալ խանգարումներ ու ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, զգայուն մաշկի բորբոքման պատճառ դառնալ:

Բժիշկ-կոսմետոլոգ Մելինե Ավետիսյանը նշում է.

- Կինը պետք է խնամված տեսք ունենա: Հարկավոր է հատկապես մաշկին մեծ ուշադրություն դարձնել: Պետք է ճիշտ քսուքներ օգտագործել, ոչ միայն մաշկին հարթ տեսք տալու, այլեւ արեւից, ցրտից ու զանազան արտաքին գործոններից պաշտպանելու համար: Կա մաշկի երեք տեսակ` չոր, համակցված, յուղոտ: Ամեն մաշկի համար հատուկ քսուքներ կան` խոնավացնող, սնուցող, հարթեցնող: Հարկավոր է ճիշտ օգտվել կոսմետիկ միջոցներից, այլապես դրանք մարդու օրգանիզմին վնասներ կհասցնեն:

Ասվածից արդեն իսկ պարզ է դառնում, որ կլինեն աղջիկներ, ովքեր «տուժել» են կոսմետիկայից: Մեր 19-ամյա զրուցակիցը մեկն է նրանցից, ովքեր կոսմետիկայի սխալ կիրառման պատճառով լուրջ մաշկային խնդիրներ են ունեցել.

- Ես դեմքի քսուքներ էի օգտագործում ու դրա պատճառով մաշկիս հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա: Խանութից գնել էի իմ կարծիքով ինձ հարմար կոսմետիկա, օգտագործում էի: Որոշ ժամանակ անց մաշկային լուրջ խնդիրներ ի հայտ եկան` ցան, ալերգիա, ավելի ուշ` աղվամազեր... Կոսմետոլոգի դիմեցի, երկար ժամանակ բուժվեցի: Հիմա հազվադեպ եմ քսուքներ օգտագործում. վախենում եմ:

Մելինե Ավետիսյանը բացատրում է.

- Հարկ է կոսմետիկ միջոցները չափավոր օգտագործել ու օգտվել հնարավորինս լավ ֆիրմայի արտադրանքից` խնդիրներից խուսափելու համար. մաշկային հիվանդություններ, աղվամազերի աճ, ալերգիկ ռեակցիաներ... Ցանկալի է, որ կինը նախապես խորհրդակցի կոսմետոլոգի հետ` կոսմետիկա ընտրելուց առաջ: Այնպես որ` հնարավոր է լինել ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ առողջ, պարզապես հարկավոր է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, խորհրդակցել կոսմետոլոգի հետ եւ փողի խնայողություն չանել կոսմետիկա գնելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ