ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՆԵՐՍՈՒՄ` ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ Վ. Պ. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների: Վերջին շրջանում արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զգալի ինտենսիվությամբ հանդիպումներ է ունենում Եվրոմիության անդամ երկրների տարբեր ներկայացուցիչների հետ արտերկրյա այցելությունների ժամանակ, իսկ այժմ էլ, փաստորեն, հնարավոր քայլերն ու արդեն իսկ համաձայնեցված իրավիճակը քննարկվում են Հայաստանում ԵՄ դեսպանների հետ: |