ՏՈՐՈՆՏՈՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Կանադայի Տորոնտո քաղաքի վարչակազմի ղեկավար Ռոբ Ֆորդը, որին հրաժարականի պահանջներ էին ներկայացվել թրմադեղերի ենթադրյալ առեւտրականի հետ կապերի եւ հրապարակային միջոցառումներում անվայել վարքագծի պատճառով, հանրությունից ներողություն է խնդրել հարբեցողության համար եւ խոստացել է փոխվել: Նա մեղայական հայտարարությամբ հանդես է եկել Newstalk 1010 քաղաքային ռադիոկայանի եթերում: Քաղաքապետի ելույթի ձայնագրությունը մատչելի է Google որոնողական համակարգում: Ռոբ Ֆորդը ներողություն է խնդրել մասնավորապես այն բանի համար, որ հասարակությանը հարբած վիճակում էր ներկայացել 2013-ի օգոստոսին Տորոնտոյում կազմակերպված քաղաքային փառատոնում: Բացի դրանից, նա խոստովանել է, որ «վերահսկողությունից մի քիչ դուրս է եկել» Սուրբ Պատրիկի տոնի օրը, երբ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, նրան խմած վիճակում տեսել էին քաղաքային վարչակազմում: Այս կապակցությամբ Ֆորդը խոստացել է այսուհետեւ խմիչք օգտագործել տանը: Քաղաքապետը նաեւ դիմել է Տորոնտոյի ոստւկանապետ Բիլ Բլերինՙ խնդրելով հրապարակել այն տեսագրությունը, որտեղ Ֆորդը իբր մարիխուանա է ծխում: Օրերս իրավապահ մարմինները հայտարարել էին, որ իրենք ստացել են այդ տեսագրությունը, սակայն չեն հրապարակի առանց դատարանի թույլտվության: Քաղաքապետին վարկաբեկող տեսաերիզը կցվել է Ֆորդի մերձավոր ընկեր Ալեքսանդր Լիսիի գործին: Իշխանությունները վերջինիս մեղադրում են մի ամբողջ շարք հանցագործությունների, այդ թվումՙ թմրանյութեր պահելու եւ վաճառելու մեջ: |