«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Կապանում կայացած հանդիպումը մրցաշարի ամենաարդյունավետ թիմիՙ «Գանձասարի» եւ ամենահուսալի պաշտպանությունն ունեցող «Արարատի» միջեւ: «Գանձասարը» մինչեւ այդ հանդիպումը 6 խաղ շարունակ անպարտելի էր: Արարատցիներն էլ վերջին 8 հանդիպումներում չէին պարտվել ու 5 խաղ շարունակ դարպասն անառիկ էին պահել: Կապանում էլ «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանն ամուր փակի տակ պահեց դարպասը, իսկ ահա նրա խաղընկերներին 67-րդ րոպեին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը: «Արարատին» անչափ կարեւոր հաղթանակ պարգեւեց Վահե Մարտիրոսյանը: Ցավոք, հանդիպումից անմիջապես հետո խաղադաշտում 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ սկսվեց: Միայն ոստիկանների միջամտությամբ հաջողվեց հանդարտեցնել կրքերը: Ըստ ականատեսների, «Արարատի» սերբ կիսապաշտպան Դարկո Բոնդիչը հայհոյել էր, որին ի պատասխան «Գանձասարի» պաշտպան Հրայր Մկոյանը հրել էր վերջինիս: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատն» ավելի ամրապնդեց առաջատարի դիրքըՙ 7 միավորով առաջ անցնելով «Փյունիկից»: Վերջինս «Բանանցի» հետ մրցավեճում բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Միկա»-«Ալաշկերտ» մրցախաղը: Այդ խաղում «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարում էր փորձառու մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, նոր մարզչին հաջողվել էր զգալիորեն կարգավորել թիմի խաղը: Համենայնդեպս «Միկային» չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա «Ալաշկերտը» կարողացավ ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: 78-րդ րոպեին դաշտի տերերը սեփական տուգանային հրապարակում վայր գցեցին Միհրան Մանասյանին: Հենց նա էլ փորձեց իրացնել 11 մ հարվածը, սակայն Արմեն Ֆիշյանը հետ մղեց գնդակը: Բայց Մանասյանն առաջինը հասավ գնդակին եւ 2-րդ հարվածով գրավեց դարպասը: Իսկ ավելացված ժամանակում աչքի ընկավ Արամ Հովսեփյանը, որը մենմենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, կրկնապատկեց հաշիվը: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանցը նորամուտն «Ալաշկերտում» նշեց հաղթանակով: Ընթացիկ մրցաշրջանում անկայուն ելույթներ ունեցող «Շիրակը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Շիրակցիներից 2 գոլերն էլ խփեց Դամե Դիոպը: Խաղավերջում Օրբելի Համբարձումյանը կրճատեց հաշիվը: Վերջինս դարձավ «Ուլիսում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Խաղի օրը նա 17 տարեկան 221 օրական էր: Մինչեւ առաջնության 12-րդ տուրի հանդիպումների մեկնարկը, վաղը կկայանան ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան 2 հանդիպումները: «Հրազդանում» «Արարատը» կհյուրընկալի «Փյունիկին», որի դաշտում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1: «Ուլիսն» էլ սեփական հարկի տակ կմրցի «Գանձասարի» հետ: Կապանում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | 1. Արարատ | 11 | 7 | 3 | 1 | 15-4 | 24 | 2. Փյունիկ | 11 | 4 | 5 | 2 | 21-15 | 17 | 3. Գանձասար | 11 | 4 | 4 | 3 | 23-15 | 16 | 4. Միկա | 11 | 3 | 6 | 2 | 12-10 | 15 | 5. Շիրակ | 11 | 4 | 3 | 4 | 18-16 | 15 | 6. Բանանց | 11 | 2 | 7 | 2 | 8-8 | 13 | 7. Ուլիս | 11 | 2 | 3 | 6 | 10-17 | 9 | 8. Ալաշկերտ | 11 | 1 | 3 | 7 | 13-35 | 6 |
Ռմբարկուները Արտակ Դաշյան | «Գանձասար» | 7 | Նարեկ Բեգլարյան | «Գանձասար» | 6 | Սերժ Դեբլե | «Շիրակ» | 6 | Միհրան Մանասյան | «Ալաշկերտ» | 6 |
|