ԱՐՏԱԳԱՂԹ. ՆԱԵՎՙ ԵՐԿԻՐՆ ԱՆԼԻԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Օր չի լինի, որ հայաստանյան շարքային պաշտոնյայից մինչեւ նախարար չհայտարարեն Հայաստանի փոքր երկիր լինելու մասին: Հենց վերջերս գյուղնախարարության կազմակերպած մի քննարկման մասնակից հայտարարեց, թե Հայաստանը փոքր լինելու պատճառով երբեք հացահատիկով ինքնաբավ լինել չի կարող, իսկ նախարարներից մեկն էլ կոչ արեց մեր փոքրությունը փոխհատուցել համաշխարհային նշանակության իր ոլորտի գործընթացներով: ՀՀ շարքային քաղաքացիս գտնում է, որ հանրային գործիչների այսօրինակ գնահատականները Հայաստան երկրի արժեւորմանը չնպաստող մոտեցումներ են եւ առանց այն էլ դժվարին վիճակում գտնվող մեր հայրենակիցների մեջ հուսալքման տրամադրություններ են առաջացնում, որոնցից է նաեւ ազգային անվտանգության խնդիր դարձած արտագաղթը: Հանրության պաշտոնական հատվածի ներկայացուցիչների կողմից շրջանառության մեջ դրվող նման գնահատականներն ունկնդրելով, հարյուրհազարավոր թե միլիոնավոր հայեր ապաստանում են այլ երկրներում, հույս տածելով այդկերպ ինչ-որ չափով նպաստել երկրում մնացողների բարեկեցության բարձրացմանը, որը տարեցտարի ցավալիորեն չեն տեսնում: Ի վերջո ո՞րն է պաշտոնյաներից ակնկալելի հայաստանաբնակների այն թվաքանակը, որի պարագայում կարելի է մեզ ամոթալի աղքատությունից այլ նիշ ապահովել. 1,5-1 մլն-ը, 800-600 հազա՞րը... Ինչո՞ւ ենք այսչափ անփույթ մեր ունեցածի հանդեպ, երբ այն երբեմն թե հաճախ նաեւ դրախտավայր ենք որակում: Ինչո՞վ են առաջնորդվում նրանք, որոնք բարձրաձայնում են Հայաստանի փոքր լինելը, երկրի պարենապահովվածությունը խնդիր հռչակելը, երկիրը քարաստան անվանելը, հողերի ահագնացող աղակալումը, տարերային աղետների գոտի լինելը... Այդ, այսպես կոչված իրավունքն ունենալու համար հարկավոր է լիարժեք փաստարկներ նշել, հիմնավորումներ տալ, ապացույցներ բերել: Եթե այստեղ նկատի է առնվում բուն տարածքը, ապա նույնքան է, ասենք Բելգիան, ուր 10 մլն-ից ավելի բնակչություն է ապրում. ապրելն այստեղ շատ համեստ գնահատական է: Վերջին տարիներին Բելգիայում ապաստան են գտել տողերիս հեղինակի մեկ տասնյակ ընկեր-ծանոթները, որոնք նույնպես պարբերաբար այցելության են գալիս... Հայաստան: Բելգիայի հարեւան Դանիան էլ տարածքով մեծ չէ, ՀՀ-ի հազիվ 1,5 չափը, բնակչությունն էլՙ կրկնակին: Բայց դանիացի գյուղատնտեսներին չգիտես ինչ կախարդական փայտիկի օգնությամբ հաջողվում է իրենց իրոք փոքր հողատարածքում յուրաքանչյուր տարի 5 մլն տոննա ցորեն աճեցնել: Նշենք, որ ահռելի այս քանակը նրանք խոհանոցներում չէ, որ սպառում են, այլ օգտագործում են անասնապահությունում, որպես լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ: Տարածքով փոքր այս երկիրը լիովին բավարարում է իր մարդկանց հիմնական սնունդ կաթնա-մսամթերքի պահանջը, իսկ ավելցուկն արտահանելով մրցակցում է այնպիսի հսկաների հետ, որպիսիք են ԱՄՆ-ն ու Գերմանիան, Ֆրանսիան ու Ավստրալիան: Դե փորձեք Դանիան փոքր երկիր որակել, ինչ է թե այնքան տարածք ունի, որքան է հիմա հայերիս տրամադրության տակ գտնվողը: Երկրի 1 բնակչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն մոտ 40 հազար դոլար է, մերըՙ հազիվ 3 հազար դոլար: Գրեթե նույն խոսքերը կարող ենք ասել մեր տարածքի հազիվ կեսն ունեցող Իսրայելի մասին, որի բնակիչներից եւ ոչ մեկի մտքով չի անցնի երկիրը փոքր պետություն հռչակել: Բարձր կենսամակարդակ ունեցող այս երկրի բնակիչներին կարելի է աշխարհի 4 կողմերում տեսնել, նրանց արտադրանքն ամենուր է, սկսած ՌԴ արտահանվող ստեպղինից մինչեւ գերժամանակակից խաղաղ ու ռազմական տեխնիկան: Մերոնք առայժմ նախընտրում են աշխարհին ներկայանալ ծխախոտի ու ոգելից խմիչքների տեսականիներով: Ուրեմն ինչո՞ւ չառաջնորդվել հիշատակված ու այդօրինակ մի շարք այլ երկրների օրինակով, ուր բնական գործընթաց է ունեցածի արժեւորումն ու օգտագործումը, արդյունավետ աշխատանքի իրագործումը, առավելագույն խնայողության արմատավորումը, մարդ-արարածին հատուկ այլ գործընթացների ծավալումը: Գյուղոլորտի մասնագետն ինչո՞ւ չի բարձրաձայնում, որ չգիտես ում ապաշնորհության պատճառով հայաստանյան բարեբեր հողերում ցորենի միջին բերքատվությունը հազիվ 2 տոննա է, երբ շատ առավել անբարենպաստ բնակլիմայական երկրներում 7-8 տոննա է: Ինչո՞ւ չի տագնապ հնչեցվում, որ մեր կովերի միջին կաթնատվությունը տարեկան ընդամենը 2 տոննա է, երբ աշխարհի տասնյակ երկրներում այս ցուցանիշը 10-12 տոննա է: Բարձրագույն պաշտոնյան ինչու չի ահազանգում, որ հայերիս հողը առվույտ ու կորնգան աճեցնելու համար չէ, երբ առավել հավելյալ արժեք ապահովող մշակաբույսեր կան, աշխարհը նաեւ դրանցով է իր մարդկանց մարդկային պայմանները երաշխավորում, բարեկեցություն ապահովում: Սրանք այն նվազագույն ու տարրական գործընթացներն են, որոնց պարագայում չեն հիշվում երկրի ոչ տարածքային, ոչ մարդկալին գործոնները, պայմաններ են ստեղծվում լիարժեք աշխատելու, գործելու զարմանք առաջացնող հեռահաղորդակցությունից մինչեւ կենսաէներգիայի ուղղություններում: Արտերկրներում հայտնված մեզնից յուրաքանչյուրի տասնյակ ծանոթ-բարեկամները մշտապես են փաստում, որ Հայաստանից հեռանալը պայմանավորված է նաեւ Հայաստանի կարողունակության հանդեպ մտահոգությամբ. չենք կարողանում անգամ 2 մլն մարդկանց սննդի նվազագույն պահանջները բավարարել, ուրեմն թող յուրաքանչյուրն իր գլխի ճարը տեսնի, մեկնեքՙ ուր կարող եք, ուր ցանկանում եք, ուր կանչում են: Փաստ է, չէ՞, որ մարդ-արարածի մեր տեսակին ամենուր նաեւ սիրով ու բարյացակամ են ընդունում, հարգում ու պատվում, աշխատանք ու դիրք առաջարկում, հասարակական ու պետական պաշտոնների նշանակում: Անհնար է չտեսնել ու չզգալ այն ջերմ վերաբերմունքը, որ տասնյակ երկրների մարդիկ ցուցաբերում են իրենց մոտ հանգրվան գտած մեր հայրենակիցների հանդեպ, ընդգծելով նրանց աշխատասիրությունն ու ազնվությունը, հանձնարարության հանդեպ բարեխղճությունն ու պատրաստակամությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունը: Եվ հարցը, թե ինչու՞ է դրանց դրսեւորումն անհնարին դառնում մեր պայմաններում, մեր առօրյայում ու շրջապատում, հայաստանյան միջավայրում, հնչում է ինքնաբերաբար: ՀՀ շարքային քաղաքացիս գտնում է, որ այստեղ որոշիչ է նաեւ մեզանում արմատավորված Հայաստանն անլիարժեք ներկայացնելու հանրային որոշ շրջանակների մեջ արմատավորված մտայնությունը: Հ.Գ.- Մինչ մտորումներս թղթին հանձնելն ավարտելը հարեւաններիցս մեկը տեղեկացրեց, որ բնակարանը վաճառել ու ՌԴ-ում վերջին տարիներին ընտանիքներով հաստատված զույգ տղաների մոտ է մեկնել մոտակա բարձրահարկի մեր հերթական հարեւանը: |