«ԿԱՊ ՀԱՍՏԱՏԻՐ» Հ.Ծ. Քննարկում եւ մրցանակաբաշխություն Կալիֆոռնիայում «Դրամատիկական արվեստների հայկական ընկերությունը» (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նպատակ է հետապնդում թատերական եւ կինոարվեստի միջոցով հայերի ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով մեկ: Կազմակերպությունը նեցուկ է կանգնում դրամատուրգներին, կինոարտադրիչներին, սցենարիստներինՙ տալով նրանց հնարավորություն եւ միջոցներ կատարելու իրենց գործը: Կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին 5 մասնագետներ իրենց փորձառությունն են հաղորդելու երիտասարդներին Բեվերլի Հիլզի «WGA» թատրոնի դահլիճում կայանալիք միջոցառման ժամանակ: «Կապ հաստատիր» (Make the Connection) ընդհանուր խորագրի ներքո փորձ է արվելու, ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, միավորելու ժամանցային մշակույթի ոլորտում ներգրավված հայերին: Մասնակցելու են «Էմմիի» մցանակակիր պրոդյուսեր Ռոբերտ Փափազյանը, թատրոնի տնօրեն Մայքլ Փերեցյանը, մրցանակակիր վիպասան Արիս Ջանիկյանը, «Էմմիի» մրցանակակիր ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենք Սարոյանը եւ «Էմմիի» մրցանակակիր դերասան, գրող, պրոդյուսեր եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանը: Միջոցառում-քննարկման համադրողն է վերոնշյալ ընկերության հիմնադիր, գրող եւ պրոդյուսեր Բիանկա Բահատուրյանը: Հանդիսությունը վարելու է ամերիկյան հեռուստատեսության ճանաչված անձնավորություն Ջիլ Սիմոնյանը: Միջոցառման երկրորդ մասում կայանալու է «Լիլիան եւ Վառնում Պոլ» 2013 թվի սցենարների մրցույթում հաղթողների պարգեւատրումը: 10 հազարական դոլար շնորհվելու են ավարտական փուլ հասած Կարին Հովհաննիսյանին եւ Ալեք Մուհիբյանին («1915» ֆիլմի համար), Երվանդ Քոչարին եւ Ջիանի դի Կառլոյին («13րդ պատկերը» ֆիլմի համար) եւ Լեւոն Մինասյան եւ Էրիկ դե Ռոքֆոյին («Երկրորդ ճանապարհորդությունը» ֆիլմի համար): Ժյուրիի անդամներն են եղել պրոդյուսեր Անահիտ Նազարյանը, դերասան Մայքլ Գուրջյանը եւ պրոդյուսեր Հենք Սարոյանը: |