ԿԵՄԵՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԵՄ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԸ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնն առաջարկել է վերանայել Եվրոմիության ներսում տեղաշարժվելու սկզբունքը եւ «սահմանափակ» դարձնել ներգաղթը: Իր նախաձեռնությունները նա ներկայացրել է «Ֆայնենշըլ թայմս» թերթում հրապարակված հոդվածում: Կեմերոնի խոսքերովՙ տեղաշարժման ազատությանը վերաբերող ԵՄ հիմնարար սկզբունքը Եվրոպայում հանգեցրել է ներքին գաղթի, ուստի չի կարելի այդ սկզբունքը ընդունել «անվերապահորեն»: Ըստ Կեմերոնի հայտարարությանՙ ներեվրոպական գաղթի սահմանափակում ուզում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ Ավստրիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Լոնդոնը մտադիր է նրանց հետ համատեղ մշակել ներգաղթի քաղաքականության նոր սկզբունքներ: Վարչապետը նաեւ պատմել է, թե իր կառավարությունը եւ Պահպանողական կուսակցությունը 2015 թ. ընտրություններում հաղթելու դեպքում ինչպես են պայքարելու ԵՄ մյուս երկրներից Մեծ Բրիտանիա եկած ներգաղթյալների դեմ: Նա մասնավորապես առաջարկում է կրճատել վերջերս երկիր մտած գործազուրկ ներգաղթյալներին տրվող գումարները, ինչպես նաեւ նրանց զրկել բրիտանացիների համար նախատեսված մի շարք նպաստներից: Կեմերոնը նշել է բազմաթիվ բրիտանացիների այն մտահոգությունը, թե 2014 թ. հունվարի 1-ին ավարտվում են Ռումինիայից եւ Բուլղարիայից աշխատանքային ներգաղթի սահմանափակման ժամկետները: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ այդ երկու պետություններից ամեն տարի երկիր մուտք կգործի 50-հազարական մարդ: BBC News հեռուստաալիքը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում ներգաղթի մակարդակը վերջերս զգալիորեն բարձրացել է: Մարդահամարների տվյալներովՙ 2001-2011 թթ. Անգլիայում եւ Ուելսում ներգաղթյալների թիվն ավելացել է 2,1 միլիոնով: |