ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂԸ ՆՊԱՍՏԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց իտալական «Նապոլիի» նկատմամբՙ շարունակելով պայքարը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար: Այդ հաջողությունում մեծ էր Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, որն իրեն հիանալի դրսեւորեց: Հենրիխը մի քանի հիանալի անցումներ կատարեցՙ շրջանցելով մրցակցի 2-3 խաղացողների: Ափսոս միայն, որ դրանք չավարտվեցին գոլերով: «Կարծում եմ, որ հիանալի խաղ ցուցադրեցինք, թիմակիցներս էլ գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Իհարկե, ցանկանում էի գոլի հեղինակ դառնալ, սակայն չստացվեց: Պետք է շարունակեմ աշխատել թիմին օգնելու համար: Իսկ գոլ խփելն այնքան էլ էական չէ: Ամենակարեւորը հաղթանակն է», խաղից հետո նշել է Մխիթարյանը: «Բիլդն» էլ հիացմունքով է արտահայտվել Մխիթարյանի խաղի մասին. «Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց: Հենրիխը տանտերերի գործող գլխավոր անձն էր եւ մասնակցում էր «Բորուսիայի» գրեթե բոլոր գրոհներին: Հայ կիսապաշտպանը գերազանց խաղ է ցուցադրում, երբ իր թիմը դրա կարիքն ունի»: Հանդիպման մասին այսպիսի կարծիք են արտահայտել թիմերի մարզիչները: Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)-Կանխագուշակում էի, որ չափազանց լարված խաղ է լինելու, սակայն չէի սպասում, որ այսքան շատ գոլային պահեր կստեղծենք: Պեպե Ռեյնան էլ մի քանի անգամ փրկեց թիմին: «Նապոլին» լուրջ մրցակից է, ուստի դժվար էր առավելության հասնել: Մխիթարյանն այս խաղում բացարձակ արդյունավետություն դրսեւորեց, ինչպիսին էր նա «Շալկեի» հետ կայացած խաղում: Հաջորդ փուլ դուրս գալու համար հարկավոր է հաղթել Մարսելում: Դա մենք կարող ենք: Ռաֆայել Բենիտես («Նապոլի»)-Խաղասկզբում մեր դարպասին նշանակված 11 մ հարվածը փոխեց հանդիպման ընթացքը: Գտնում եմ, որ մենք լավ խաղացինք: 2-րդ խաղակեսում կարող էինք հաշիվը հավասարեցնել, սակայն քիչ անց գոլ ընդունեցինք սեփական դարպասը: «Բորուսիան» արագաշարժ ու բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որի հետ խաղալը հեշտ չէր: F խմբի մյուս խաղում «Արսենալը» 2-0 հաշվով հաղթեց «Մարսելին» ու վաստակեց 12 միավոր: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար «Արսենալին» դեկտեմբերի 11-ին Նեապոլում «Նապոլիի» հետ կայանալիք խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին: «Բորուսիան» եւ «Նապոլին» 9-ական միավոր ունեն: Խճճված է իրավիճակը E խմբում: «Բազելը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթելով «Չելսիին», վաստակեց 8 միավոր եւ անգլիական ակումբից հետ է մնում 1 միավորով: 7 միավորով 3-րդ տեղում «Շալկե-04-ն» է, որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ստյաուայի» հետ: G խմբում ժամկետից շուտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճած Մադրիդի «Ատլետիկոն» Սանկտ Պետերբուրգ էր ժամանել առանց հիմնական կազմի 6 ֆուտբոլիստների: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: «Զենիթը» 6 միավորով 2-րդ տեղում է: 5 միավոր ունի «Պորտոն», որն «Աուստրիայի» հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքիՙ 1-1: H խմբում «Այաքսին» հաջողվեց Ամստերդամում 2-1 հաշվով հաղթել առաջատար «Բարսելոնին» ու վաստակել 7 միավոր: 8 միավորով 2-րդ տեղում ընթացող «Միլանը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»: Աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Բարսելոնը»: |