ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՆԻ ԲԱՏԻԿԵԱՆ Ա. Կ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, Լոնդոն Երաժշտութեան բնագաւառում կարելի է յիշել բազմաթիւ հայ արուեստագէտների անուններ, որոնք իրեց կատարողական արուեստով արժանացել են երաժշտասէր հասարակութեան եւ բծախնդիր քննադատների բարձր գնահատանքին միջազգային երաժշտական շրջանակներում: Այդ արուեստագէտների շարքից է երիտասարդ ջութակահարուհի Անի Բատիկեանը: Անին ծնուել է Երեւանում: Քսան տարեկանում գերազանց աւարտել է Երեւանի պետական երաժշտանոցի ասպիրանտուրան: 2003-2005-ին Ռաֆֆի Մանուկեան հիմնադրամի նիւթական օժանդակութեամբ սովորել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում, որի դասընթացքն աւարտել է գերազանց եւ ստացելՙ Ակադեմիայի ջութակի առաջին մրցանակը: Անին հետագայում Իտալիայում աշակերտել է նաեւ Salvatore Accordo-ի: Հայ ջութակահարուհին արժանացել է ազգային եւ միջազգային մրցանակների: Նա նուագահանդէսներ է տուել Մեծն Բրիտանիայի բազմաթիւ անուանի բեմերից, ինչպիսիք ենՙ Էդինբուրգի Usher Hall, Օքսֆորդիՙ Sheldonian Theatre, Լոնդոնիՙ St Martin-in-Fields համերգասրահները: Անին որպէս մենակատարՙ նուագել է մի շարք անուանի նուագախմբերի հետ, որոնցից յիշենքՙ «The Katrineholm Symphony Orchestra of Sweden», «The Glasgow Chamber Orchestra» եւ այլն: Անի Բատիկեանը 2007-2012 տարիներին աշխատել է Շոտլանդիայի երաժշտութեան եւ Դրամայի արքայական ակադեմիայում, որպէս ջութակի դասախօս: EBRD (European Bank for Reconstruction & Development) դրամատան հովանաւորութեամբ, նոյեմբեր 14-ին, Անի Բատիկեանի վերջին նուագահանդէսը տեղի ունեցաւ, նոյն դրամատան Լոնդոնի համերգասրահում, դաշնամուրի ընկերակցութեամբՙ Ռոլանդ Ռոբերտսի: Վերջինս երաժշտական շրջանակներին ծանօթ է որպէս ջութակահար, դաշնակահար, խմբավար եւ կոմպոզիտոր: Նա Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիան աւարտելուց յետոյՙ մասնագիտական ուսումը շարունակել է Միացեալ Նահանգներում, որպէս ջութակահար եւ դաշնակահար բազմաթիւ նուագահանդէսներ է տուել տարբեր երկրներում, տարբեր նուագախմբերի հետ: Իր նոյեմբեր 14-ի նուագահանդէսով Անի Բատիկեան արժամացաւ Լոնդոնի երաժշտասէր հասարակութեան բարձր գնահատանքին եւ հիացմունքին: Երիտասարդ ջութակահարուհին մեծ վարպետութեամբ ու ապրումով կատարեց Մոցարտի, Դվարժակի, Արամ Խաչատուրեանի, Բարտոքի, Բաղդասարեանի եւ Սարասատեի գործերը: Նրան յաջողուեց թափանցել իր կատարած ստեղծագործութիւնների խորքը, ապրել նրանց մէջ խտացած իւրաքանչիւր հնչիւնի, իւրաքանչիւր երաժշտական երանգի հմայքը եւ հրաշալի մեկնաբանութեամբ այդ ապրումները փոխանցել ունկնդիրերին, իւրայատուկ եւ սքանչելի ոճով. ոճՙ որը նրա բացառիկ տաղանդի արգասիքն է: Շնորհաւորում ենք տաղանդաւոր հայ արուեստագիտուհին այս առթիւ եւ մաղթում նրանՙ նորանոր յաջողութիւններ: |