2003-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ՆՎԱԶԵԼ Է Պ. Ք. Կիրիլ պատրիարքի տվյալները Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Իրաքի դեսպան Իսմայիլ Շաֆիկ Մուհսինի հետ: Զրույցի ընթացքում պատրիարքը մտահոգություն է արտահայտել Իրաքից քրիստոնյաների զանգվածային արտագաղթի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: «Մենք գիտենք, որ քրիստոնյա համայնքները հալածվել են: Բազմաթիվ մարդիկ սպանվել են հենց միայն քրիստոնեություն դավանելու պատճառով: Մահվան սարսափի տակ շատերը հեռացել են Իրաքից: Անշուշտ, դա փոխել է երկրի մշակութային դիմագիծը: Մենք դա համարում ենք յուրատեսակ քաղաքակրթային աղետ, քանի որ ձեր երկրի տարածքում քրիստոնյաներն ու մահմեդականները մշտապես հաշտ էին ապրել», ասել է պատրիարքը: Նա պատմել է, որ 2003 թ. օտարերկրյա ներխուժման նախօրեին ինքն այցելել է Իրաք, ինչպես Բաղդադում, այնպես էլ Մոսուլում ծանոթացել երկրի կրոնական կյանքին: «Ես այցելեցի քրիստոնեական շատ հին վանքեր, ուստի իրական պատկերացում ունեմ ձեր երկրի կրոնական կյանքի մասին: Այն ժամանակ Իրաքում, որքան հիշում եմ, ապրում էր մեկուկես միլիոն քրիստոնյա, իսկ ներկայումս, իմ տեղեկությունների համաձայն, նրանց թիվը 150 հազարից պակաս է», շարունակել է Կիրիլ պատրիարքը: Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր զորակցությունն է հայտնել Իրաքի ժողովրդին, որը շարունակում է տառապանքներ կրել ահաբեկչությունների պատճառով: |