RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1138, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎ. «ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՎԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 28-ին, երաժշտական տոն է խոստանում երաժշտասեր հանրությանը:

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի համերգը, որին կնվագակցելու է դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն Բախ, Ֆրանկ, Բրամս, Դվորժակ, Կրայսլեր, Վենյավսկի, Շոստակովիչ, Ցիգանով, Պագանինի, Իզայի, Սեն Սանս:

Վենգերովը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց. «Ինձ համար շատ հուզիչ է կրկին Հայաստանում լինել, քանի որ այստեղ ունեմ շատ ընկերներ, ինչպես նաեւ միշտ էլ բախտավորություն է գտնվել այն երկրում, որն ունի Արամ Խաչատրյան եւ արվեստի այլ գործիչներ, որոնք հայկական մշակույթն են սփռել աշխարհով մեկ»:

Աշխարհահռչակ երաժիշտը հավելեց, որ մեծ պատիվ է իր համար հայ ազգի պատմությանը մոտենալ` գտնվելով Հայաստանում:

Վենգերովն իր խոսքում նշեց, որ շատ է արժեւորում հայկական մշակույթը. «Սիրում եմ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, միշտ ցանկացել եմ կատարել այն, սակայն դեպքերի բերումով երբեք կյանքի չի կոչվել երազանքս»:

Ջութակահար Մաքսիմ Վենգերովը դաշնակահար Վահագն Պապյանի հետ արդեն 20 տարի է, ինչ համագործակցում է, եւ այժմ նոր ձայնասկավառակ են պատրաստում թողարկել. «Ուրախ եմ, որ հատկապես նրա հետ եմ նվագելու: Մեր ընկերությունը ոչ միայն բեմի վրա է, այլ նաեւ հոգեւոր դաշտում: Կարծում եմ հայ հանդիսականը համերգին կզգա մեր հոգեւոր մտերմությունը»:

Մ. Վենգերովը նշեց, որ որպես ջութակահար իրեն համարում է ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների շարունակողը` մասնավորապես Մստիսլավ Ռոստրոպովիչի ավանդույթների շարունակողը:

«Մեր օրերում էլ տաղանդավոր կոմպոզիտորներ կան, որոնց խնդրում եմ ինձ համար նոր ստեղծագործություններ գրել: Ջութակն իմ տարերքն է, ջութակն իմ մայրենի լեզուն է, որն օրեցօր ավելի եմ բացահայտում ինձ համար»:

Երաժիշտը շնորհակալ է Հայաստանին, քանի որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել, համերգով հանդես է եկել իր ներկայիս կնոջ` Օլգայի հետ, եւ այժմ նրանք ամուսիններ են. «Այն ժամանակ մենք նոր էինք շփվում եւ մտերիմ չէինք, բայց ձեր մթնոլորտը շատ տրամադրող էր: Այո, ճիշտ են ասում, սիրելիիդ պետք է հանդիպես ճիշտ տեղում: Այժմ մենք երկու աղջիկ ունենք»:

Երաժիշտը նշեց, որ պլանավորում է համերգներ ունենալ մի շարք երկրներում, այդ թվում`աֆրիկյան:

Պատասխանելով այն հարցին` թե ավելի հեշտ է ջութակահար, թե դիրիժոր լինելը, Մաքսիմ Վենգերովը նկատեց, որ խմբավարությունը մասնագիտություն է ամբողջ կյանքի համար, որով զբաղվելու համար, սակայն, որեւէ երաժշտական գործիքի պետք է տիրապետել:

Նշենք, որ ռուսական ծագմամբ Իսրայելից ժամանած ջութակահարը ծնվել է 1974 թվականին, Նովոսիբիրսկում: 1990 թ. դարձել է Լոնդոնում անցկացվող Ֆլեշի անվան ջութակահարների մրցույթի դափնեկիր, իսկ 1995 թվականին արժանացել է Իտալիայի Կիջի ակադեմիայի մրցանակին որպես «ականավոր երիտասարդ երաժիշտ»:

Երաժիշտը UNICEF-ի պատվո դեսպան է եւ նվագել է Ուգանդայի, Հարլեմի, Թայլանդի եւ Կոսովոյի երեխաների համար: 2004 թ. Վենգերովը դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր: 2011թ. վարպետության դաս է անցկացրել Հայաստանում ստեղծված UNICEF-ի մանկական նվագախմբի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ