ԱՍԱԴԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի եւ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք սկսվելու են Ժնեւում 2014 թ. հունվարի 22-ին, կանցկացվեն առանց Ասադի մասնակցության: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Լորան Ֆաբիուսի հայտարարությունն արվել է այն բանից մեկ օր հետո, երբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերով հաջողվել էր նշանակել հակամարտ կողմերի մեղքով քանիցս հետաձգված կոնֆերանսի անցկացման օրը: Այսպես, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրենք չեն մասնակցի բանակցություններին, եթե դրանց ներկա լինի Բաշար Ասադը: Ֆաբիուսը ընդգծել է, որ կողմերը կարող են համաձայնության հասնել լոկ այն դեպքում, եթե բանակցությունների սեղանի մոտ չլինեն Բաշար Ասադը եւ ջիհադական ընդդիմադիրները: Երեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ հակամարտ կողմերի ցանկության դեպքում Իրանը կմասնակցի Ժնեւի բանակցություններին: Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը պահանջել էր Իրանին հանել կոնֆերանսի մասնակիցների թվից: |