RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2083, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը ընտրվելուց հազիվ մի տարի անցՙ արդեն հասցրել է աղմկահարույց դեմք դառնալ հայ իրականության մեջ: Առաջին աղմուկը նա բարձրացրել էր Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդի հրաժարականի առիթովՙ առանց դույզն ինչ նպաստելու այդ ցավալի հարցի կարգավորմանը: Ըստ էության եւ ի սկզբանե դա չէր եղել նրա խնդիրը, այլՙ աղմուկ հանելը, ցույց տալը իրեն, իր բնավորությունը, որպես, իբր, սկզբունքային անձնավորություն, որը գիտի, մտահոգ է Հայ եկեղեցու ղեկավարման խնդիրներով եւ ունի համարձակությունը քննադատելու Հայ եկեղեցու գերագույն պետին:

Առաջին աղմուկը դադարել էր շուտով, հատկապես այն բանից հետո, երբ Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր եկեղեցում Նուրհան պատրիարքը նախագահել էր Ամենայն հայոց հայրապետին նվիրված եկեղեցական հանդիսություններին եւ ընդառաջ գնալով Գարեգին Բ կաթողիկոսի հրավերինՙ այնուհետեւ ժամանել էր Մայր աթոռՙ ներկայացնելու իր տեսակետները:

Երկրորդ աղմուկը բարձրացավ օրերս, երբ համացանցով հրապարակվեց Նուրհան պատրիարքի խայտառակ նամակը ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին: Պարզապես մի պարսավագիր, որը բավական տարածում գտավ հատկապես գայթակղությունների սիրահար հայաստանյան տպագիր եւ էլեկտրոնային որոշ թերթերումՙ ազգային-եկեղեցական հարցերին անտեղյակ լրագրողների կիսատ-պռատ մեկնաբանություններին արժանանալով:

Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ էր նորից վրդովվել Ամենապատիվ սրբազան հայրը:

Նոյեմբերի 16-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Վեհափառ Հայրապետի ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրվեցին երեք վարդապետներ: Սկզբնապես չորս վարդապետ պետք էր ձեռնադրվեր, սակայն թեկնածուներից չորրորդըՙ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ եւ Նուրհան պատրիարքի առաջադրած Սամվել վարդապետը չէր ժամանել Մայր աթոռ: Պատրիարքը չէր թողել: Պատճա՞ռը: Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը, Գարեգին Բ կաթողիկոսի ձեռնպահության պայմաններում, մերժել էր Պատրիարքի առաջադրած երկրորդ եկեղեցականիՙ Պարետ վրդ. Երեցյանի թեկնածությունը, եւ դա բավական էր Նուրհան սրբազանը զայրացնելու, նրա արժանապատվությունն ու հեղինակությունը խորապես, այո՛, խորապես վիրավորելու: Եվ նա, Նուրհան Սրբազանը, «կա՛մ երկուսին, կա՛մ ոչ մեկին» տղայական տրամաբանությամբ ոչ միայն արգելեց Սամվել վարդապետի գալը, այլեւ ավելինՙ բոյկոտեց 1651 թ.ից ասդին առաջին անգամ գումարված Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց պատմական ժողովը: Երուսաղեմից ոչ ինքը եւ ոչ էլ որեւէ ներկայացուցիչ չեկավ: Իսկապես ծանրակշիռ արարք, որի համար Ամենապատիվ սրբազան հայրը բացատրություն պետք է տա պատմության առջեւ...

Ովՙ ով, Նուրհան սրբազանը լավ պետք է հիշի 80-ականներին հենց Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք. Տերտերյանի առաջադրած թեկնածուներիցՙ Վաղարշ եւ Վահան վարդապետների պարագան, որոնք եպիսկոպոսանալու համար թեեւ արդեն ժամանել էին Մայր աթոռ, սակայն երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը մերժեց նրանց ձեռնադրել: Եվ, այնուամենայնիվ, Եղիշե պատրիարքը հրապարակային քննարկման, առավել եւս խծբծանքի նյութ չսարքեց այդ մերժումը, քանի որ իր բոլոր թերություններով հանդերձ նա գիտեր եւ իսկապես հարգում էր Հայ եկեղեցու մեկության գաղափարի կարեւորությունը մեր ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է Նուրհան պատրիարքի արծարծած մյուսՙ իբր «Երուսաղեմի հայոց պատրիարքությունը թեմի վերածելու» Ամենայն հայոց հայրապետի նկրտումների վերաբերյալ սպեկուլյատիվ պնդումներին, ապա դրանք անհեթեթ են հատկապես ներկայիս պայմաններում, երբ մեր բազմաթիվ թեմեր ու թեմական առաջնորդներ գործում են բացառապես իրենց հայեցողությամբ, բոլորովին անկախ եւ ոչ հաշվետու: Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմի պատրիարքությանը, 1923 թ.ից ի վեր, երբ այն դուրս եկավ Կոստանդնուպոլսո պատրիարքության եւ Ազգային ժողովի վերահսկողությունից, այլեւս հաշվետու չէ ոչ ոքի, եւ նրա այդ կարգավիճակը փաստորեն եւ դժբախտաբար վերահաստատվեց Նուրհան պատրիարքի պարսավագրում նշված սեպտեմբերյան խորհրդակցական ժողովի ընթացքում, որին ակտիվ մասնակցում էին նաեւ Սբ. Հակոբյանց միաբանության ներկայացուցիչները: Ասացի դժբախտաբար, քանզի անհաշվետվությունը մեր եկեղեցում դարձել է «նվիրականացված» գործելակերպ:

Եվ սա միայն եկեղեցական հարց չէ, այլեւ, առաջին հերթին, ազգային խնդիր, որին կանդրադառնամ մեկ այլ առիթով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ