RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1350, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԵՆՔ ՇՆԻԿՆԵՐ ՉԵՆՔ

Հ. ԱՖՅԱՆ

Նախագահ Պուտինը այս շաբաթ պետական այցով Թուրքիայում էր: ՌԴ նախագահը, համաձայն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին պետական այցով ընդունելու թուրքական պետության արարողակարգի, անմիջապես օդանավակայանից ուղեւորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Պուտինը, հասկանալի է, գրառում է արել դամբարանի պատվո հյուրերի մատյանում. Ռուսաստանի նախագահը մասնավորաբար գրել է. «Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ: Մենք շատ ենք արժեւորում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման հարցում: Իմ հարգանքըՙ թուրք ժողովրդին...»:

Այնուհետեւ Պուտինն ուղեւորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր նստավայր, որտեղ, ի դեպ, օտարերկրացի երկրորդ բարձրաստիճան հյուրն է եղելՙ Հռոմի Պապ Ֆրանցիսկոյից հետո: Թուրքիայի նախագահի նստավայր մտնելիսՙ Պուտինը մաքուր թուրքերենով ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին: Ապա իր ռուս գործընկերոջն է ընդունել նախագահ Էրդողանը, ընդ որում Էրդողան-Պուտին հանդիպումը ձգվել է նախատեսվածից երկու ժամ ավել. Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները զրուցել են երեք ժամ: Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունն այլեւս դարձել է ռազմավարական: Այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ռուսական գազը Թուրքիային կվաճառվի 6 տոկոս ցածր գնով, քան հիմա, ավելինՙ ՌԴ-ն Թուրքիային կտրամադրի գազի լրացուցիչ քանակ, եւ այդ նպատակով կկառուցվի դեպի Թուրքիա հասնող նոր գազատար: Պուտինը շեշտել է, որ իր երկիրը դադարեցնում էՙ «Հարավային հոսքի» շինարարությունը, քանի որ Ռուսաստանը կվերաուղարկի իր գազը դեպի «այլ շուկաներ», ու «Եվրոպան ռուսական գազը չի ստանա»: Ավելի ուշ «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հաստատեց այս տեղեկությունը, որ Ռուսաստանըՙ «Հարավային հոսքը» փոխարինում է դեպի Թուրքիա նոր գազատարով:

Էրդողանն ու Պուտինը միասին հայտարարել են, որ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, երկու նախագահները շեշտել են, որ «Ռուսաստանի եւ Թուրքիայի կարծիքները համընկնում են ոչ միայն այս պարագայում»:

Մեր ռազմավարական գործընկերՙ Ռուսաստանի նախագահիՙ իր ռազմավարական գործընկեր Թուրքիա կատարած այցի այլ մանրամասություններիՙ մենք այս հոդվածը գրելու պահին ցավոք չէինք տիրապետում, հետեւաբար ստիպված ենք շարունակել հոդվածը, բայց խոսելով բոլորովին այլ բաների մասին: Օրինակՙ Եվրասիական տնտեսական միության:

Պետք է խոստովանել, որ այս թեմայով միշտ էլ ասելիք կա, օրինակՙ Բելառուսը, ով, հիշեցնենք, Ռուսաստանին եւ Ղազախստանին իրավահավասար կերպով հանդիսանում է ԵՏՄ-ի հիմնադիր անդամ, ամենաբարձրՙ նախագահ Լուկաշենկոյի մակարդակով հայտարարել է, որ իրեն չի բավարարում Ռուսաստանի որդեգրած նոր քաղաքականությունը, որով խստացվում է բելառուսական գյուղատնտեսական ապրանքների մուտքը Ռուսաստան: Ավելին, Ռուսաստանը փաստացի հայտարարել է, որ նպատակահարմար չէ մեծ քանակութամբ մսամթերք ներկրել Բելառուսից:

Իր հերթին Ղազախստանը, որ ավելի վաղ արգելել էր իր տարածքում ռուսական օղու վաճառքը եւ շուտով հանել էր այդ արգելքը, օրերս դադարեցրել է Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջանների էլեկտրասնուցումըՙ կապված ռուբլու եւ տեղականՙ տենգեյի կուրսի տատանումների հետ: Ինչ վերաբերում է վալյուտային, ապա ռուսական «Իզվեստիա»-ի վերջին հրապարակումներից մեկի համաձայնՙ նախատեսվում է, որ ԵՏՄ-ում դոլարն ու եվրոն շրջանառությունից դուրս կգան, եւ Միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ այդ երկրներում առհասարակ շրջանառությունը տեղի կունենա բացառապես ազգային արժույթներովՙ ռուսական, բելառուսական ռուբլիներով ղազախականՙ տենգայով, եւ հայկական դրամով... մինչեւ, կընդունվի ալթընըՙ որպես Միության միասնական արժույթ:

Ի դեպ, բոլորովին վերջերս մեր խորհրդարանում լսումներ էինՙ կապված ԵՏՄ-ին մեր երկրի միանալու «անշրջելի իրականության» հետ: Պարզ դարձավ, որ Միությանն անդամակցելուց հետո դրա անդամ Հայաստանը ինքնուրույնաբար չի կարող տնտեսական որեւէ պայմանավորվածություններ ձեռք բերել, ենթադրենք, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը խստացնում է բելառուսական գյուղմթերքների ներուծումը, դիմելով Ռուսաստանինՙ հայտարարեց. «Մենք շնիկներ չենք»:

Իսկ մե՞նք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ