ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ Ա. Մ. 5 եվրոպական երկրների քաղաքացիներ կազատվեն ՀՀ մուտքի վիզայից Հայաստան մուտքի վիզայից կազատվեն Եվրոմիության ոչ անդամ Վատիկանի, Սան Մարինոյի, Մոնակոյի, Անդորայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիները: Նման որոշում ընդունելով, կառավարութունը հաշվի է առել Չեռնոգորիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող դյուրացված վիզային քաղաքականությունը եւ մյուսներիՙ սեփական վիզային քաղաքականություն չիրականացնելու իրողությունը: Ջրային տնտեսության կոմիտեն գյուղատնտեսության նախարարության կազմում Ջրային տնտեսության պետական կոմիտեն կառավարության երեկվա որոշմամբ տեղափոխվել է գյուղատնտեսության նախարարության համակարգՙ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը: Նախկինում կոմիտեն ընդգրկված էր տարածքային կառավարման նախարարության կազմում: Կոնդի բնակիչների համար բնակարաններ կհատկացվեն Պարոնյան 42/1 շենքից Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքի ավարտման եւ այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը երեկ թույլատրեց «Ի Եմ Սի» ՓԲԸ կողմից Երեւանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինության կառուցապատումն իրականացնել քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-իՙ որպես կառուցապատողի գործակալի, միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է բացել արտաբյուջետային հաշիվ: Դեկտեմբերին կզորակոչվեն 94 բժիշկ-սպաներ Ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի, կառավարությունը կապահովի 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր: ՀԴՄ-ների ներդրումը փոքր բիզնեսի համար կհետաձգվի մեկ տարով Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է փոքր տնտեսվարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2016թ. հունվարի 1-ը: Դեկտեմբերի 20-ի եւ 27-ի փոխարեն հանգստյան կլինեն հունվարի 8-ը եւ 9-ը 2015թ. հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն 2014թ. դեկտեմբերի 20-ը եւ 27-ըՙ շաբաթ օրերը: Կառավարության այս որոշման շնորհիվ, ամանորից հետո առաջին աշխատանքային օրը կդառնա հունվարի 12-ը: |