ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Դեկտեմբերի 4-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կրեմլյան Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում հրապարակել է Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը: Պուտինի ուղերձը ունկնդրելու համար Գեորգիեւյան սրահ էին հրավիրվել 1100 հյուրեր, որոնց թվում նաեւՙ Պետդումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու երեք ժամանակահատվածներում սա Վլադիմիր Պուտինի նմանօրինակ 10-րդ ուղերձն էր: Ռուսաստանի նախագահն ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխելՙ Մոսկվան հարգանքով է վերաբերվում այդ երկրների ինքնիշխանությանը: Ելույթում Պուտինն ասել է նաեւ, որ Ռուսաստանը սպառազինությունների մրցավազքի մեջ չի մտնելու իր պաշտպանունակությունն ապահովելու համար, սակայն նոր պայմաններում երաշխավորելու է երկրի պաշտպանությունը: ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ 2015 թ. հունվարի 1-ից իր աշխատանքները մեկնարկող Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունն ու փոխադարձ հարգանքը, ազգային յուրօրինակության, պետական ինքնիշխանության պահպանումը: Ըստ Պուտինի` Ռուսաստանը կարող է կիրառել ոչ ստանդարտ որոշումներ երկրի պաշտպանունակությունը ապահովելու համար. «Ռուսաստանի նկատմամբ ոչ ոք չի կարող ունենալ ռազմական գերակայություն»: Ուղերձում տեղ են գտել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար հետաքրքրություն ներկայացնող դրույթներ: Այսպես, ՌԴ նախագահը հայտարարել է, որ 2015 թվականից օտարերկարցիներին պետք է արգելվի ներքին անձնագրերով մուտք գործել ՌԴ: Նրանց մուտքը ՌԴ կիրականացվի միայն արտասահմանյան անձնագրով: Ըստ այդմ` Պուտինը համապատասխան վարչություններին կարգադրել է 2015 թվականից ՌԴ մուտքի համար արտասահմանյան անձնագրեր օգտագործելու հարցը քննարկել նաեւ ԱՊՀ երկրների կոլեգաների հետ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածության շրջանակներում «անշուշտ կշարունակեն գործել ներկայիս պայմաններըՙ Ռուսաստանի սահմանները հատելու հեշտացված կանոնները»: Ուղերձում Վլադիմիր Պուտինը նաեւ խոստացել է առաջիկա 4 տարում չծանրացնել հարկային բեռը: Նա նաեւ պետության աջակցությունն է խոստացել այն ներդրողներին, ովքեր զրոյից նոր արտադրություն կսկսեն Ռուսաստանում: Իսկ ամենակարեւորըՙ Պուտինը «միակ եւ վերջին առիթ» է տվել ռուսաստանցի այն փողատերերին, ովքեր տարիների ընթացքում հսկայական գումարներ են «փոխանցել» արտասահմանյան բանկեր, դրանք հետ Ռուսաստան բերելու, խոստանալով, որ ոչ մի հարկային կամ ուժային այլ մարմին չի կարող որեւէ հարց տալ դրանց ծագման աղբյուրների մասին: Միաժամանակ նա Վլադիվոստոկը հայտարարել է հարկազերծ տարածք, իսկ մանր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ առաջադրել: |