RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3186, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱԿԱՄԱ ԴՐԴԻՉՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մտադիր էի այսօրվա իմ սյունակը հատկացնել Փարիզի «Շառլ էբդո» շաբաթաթերթի խմբագրության սպանդով սկսված եւ այնուհետեւ հրեական «քոշերային» խանութում շարունակված ահաբեկչություններին ու հարակից խնդիրներին, առանձնակի ուշադրություն դարձնելով հետահաբեկչական Ֆրանսիայում այժմ տիրողՙ մամուլի բացարձակ ազատության ջատագովական մթնոլորտում մերՙ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծի ճակատագրին: Այդ եւ հարակից հարցերի քննությունը վերապահելով մեկ ուրիշ առիթի, այսօր ցանկանում եմ մեկ-երկու նկատառում ներկայացնել տարեմուտը մթագնած զազրելի մեկ այլ ոճրագործության մասին: Ինչպես ասում ենՙ սեփական մաշկը մարմնին ամենամոտն է...

Գյումրեցի մի ողջ ընտանիք ոչնչացրած զինծառայողիՙ Վալերի Պերմյակովի ոճրագործության շուրջ խոսքերն ու խոսակցությունները, ենթադրությունները, կարծիքներն ու հայտարարությունները, նրա դատաքննության տեղի ու տերի մասին քննարկումներն ու պահանջները շարունակվում են, դրանց անդրադարձել են նաեւ, նույն այս համարում, մեր ձեռնհաս աշխատակիցները: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ խնդրի բոլորովին այլՙ արտաքին, ես կասեիՙ ծագումնաբանական կողմին:

Ո՞վ կամ ովքե՞ր են ուղարկել այդ մոլագարին Հայաստան: Բժշկական, հոգեբանական ու կենսագրական ի՞նչ զննություն է անցել արտասահման, այս պարագայումՙ Հայաստան, այս պարագայումՙ հայ-թուրքական գերզգայուն սահման ծառայելու ուղարկված զինակոչիկը:

Եթե հավաստի են ռուսական մամուլում ոճրագործի կենսագրական-ընտանեկան կյանքի մասին եղած հրապարակումներըՙ հայրն ու մայրը աղանդավոր, եղբայրըՙ սեփական կնոջն սպանելու համար դատապարտված, ինքըՙ բանակում ծառայել չկամեցող, եւայլն, ապա նրան ու նրա նմաններին իսկապես պետք չէր ընդգրկել այդքան պատասխանատու զինծառայության մեջ: Փոխանակ Ավետիսյան ընտանիքը ոչնչացնելու, նա եւ նրա նմանները կարող են, օրինակ, թնդանոթի կրակի տակ առնել Գյումրին, կամ հրթիռակոծել սահմանի այն կողմում գտնվող հակառակորդի զորակայանը կամ գյուղը, գյուղերը: Գուցե նրան ուղարկողները մտածել ենՙ բանակում կդաստիարակվի: Սակայն հայ-թուրքական սահմանագոտին փորձակայան չէ մոլագարների համար: Գյումրիին նոր աղետ պետք չէ, ոչ էլ Հայաստանինՙ նոր տաք ճակատ:

Սա այն հարցն է, որին ռուսական կողմը պետք է մոտենա ամենայն պատասխանատվությամբ, ամենախիստ բծախնդրությամբ, ոչ միայն այսօր, այլեւ հետագայում: Իսկ հայկական կողմը նախօրոք, նախքան ռուսական զինծառայողների մեր երկիր մուտքը, պետք է ստանա եւ ստուգի նրանց անձնական տվյալներըՙ անբարեհույսների մուտքը մերժելու իրավունքով: Եթե չկաՙ այս կետը պետք է ներմուծվի Հայաստան-Ռուսաստան համապատասխան պայմանագրում:

Պերմյակովին ու նրա մեղսակիցներին (եթե կան) պատժելուց հետո առաջինը պետք է պատժվեն նրան Հայաստան զինծառայության գործուղածները, անպատասխանատու պատասխանատուները, որպես ակամա դրդիչներ քստմնելի ոճրագործության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ