ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄՈՒՀԱՄԵԴԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Տպավորությունն այնպիսին է, որ Ֆրանսիայի վրա ինչ-որ մեկը հարձակվել է, ընդ որում այդքան էլ հատնի չէ, թե ով: Այլ կերպ ասածՙ տպավորությունն այնպիսին է, որ նոր տարվա առաջին օրերին քույր Ֆրանսիան պատերազմում է ինչ-որ աներեւույթ ուժերի դեմ, որոնց որքան էլ սպանում ես, ընդ որումՙ ոչ միայն Ֆրանսիայում, նրանք «հարություն են առնում», առնվազնՙ չեն հանձնվում: Այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է, անշուշտ, կոչ անելՙ պատերազմի, կամ ռազմական գործողությունների բոլոր կողմերինՙ զսպվածություն ցուցաբերել, բայց կամ սա այդ դեպքը չէ, կամ Հայաստանը Ֆրանսիա չէ, ամեն դեպքում հարեւան Ադրբեջանը իր որոշ գործողություններում ոչնչով չի տարբերվում ահաբեկչական ցանցից: Հասկանալի է, որ Հայաստանը չարեց նման հայտարարություն, փոխարենը Փարիզ գործուղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով ՌԴ ԱԳ նախարարի կողքով քայլում էրՙ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած «Միասնության երթ»-ին, որին ի թիվս աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարների եւ նրանց ներկայացուցիչների, մասնակցեց մեկ ու կես միլիոն մարդՙ սա պաշտոնական թվերով: Մինչդեռ, հարձակում է գործվել ոչ թե, ենթադրենք, մեզ համար ոչ տաք, ոչ սառը Մոնղոլիայի վրա, կամ, ասենքՙ Արեւելյան Թիմորի, այլՙ քույր Ֆրանսիայի, որիՙ Հայաստանի համար ունեցած կարեւորության մասին անիմաստ է խոսել: Այսինքն, ինչո՞ւ Փարիզ չմեկնեց եւ հիշյալ երթինՙ նախագահ Օլանդի, կանցլեր Մերկելի, վարչապետՙ Դեւիդ Քեմերոնի եւ Բենյամին Նաթանյահուի, այլոց կողքին չքայլեց նախագահ Սերժ Սարգսյանը, այն պարագայում, երբ այս օրերին նախագահի օրակարգը համեմատաբար թեթեւ է: Մեզ համար ողբերգությո՞ւնն էր նվազ կարեւորված, թե՞... Հավանաբարՙ «թե», քանի որ Փարիզում Ռուսաստանը եւս ներկայացված էր Սերգեյ Լավրովի մակարդակով, քանի որ Պուտինը չի լինում այն շրջապատում, որտեղ իրեն չեն ակնածում: Բայց այս ամենը խնդրի նեղ կողմն է, իրականում Փարիզի երթի բարձրաստիճան մասնակիցները, եթե նկատած էլ լինեն, ապա միայն Պուտինի բացակայությունը, գուցե: Այս պատմության մեջ այլ, թերեւս ավելի հետաքրքրական բան կա: Միասնությունըՙ որպես գաղափար, անշուշտ, լավ բան է: Այն, իհարկե, ինձ համար գոնե, ցանկալի չէՙ ժողովրդի առումով, այսինքն եթե ինչ-որ ժողովուրդ առհասարակ (ոչ թե կոնկրետ հարցի շուրջ) միասնական է, ուրեմն այդ ժողովուրդն ապրում է բռնապետությունում, քանի որ ժողովուրդն ինքնին, այն էլՙ խաղաղ պայմաններում միասնության միտված չէ: Բայց պետությունների, հատկապես գերտերությունների եւ նրանց առաջնորդների պարագայում միասնությունը բացառապես լավ է: Այս համատեքստում, անշուշտ, միայն դրական է Փարիզում աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարների եւ ավելին քան մեկ միլիոն մարդուՙ «Միասնության երթը», սակայն մի հարց է առաջանում. եթե այսքան երկրի այսքան ղեկավար միասնական են ահաբեկչությունը դատապարտելու գործում, ինչը ողջունելի է, ապա սա նշանակո՞ւմ է արդյոք, որ նույն այդ ղեկավարները միասնական ենՙ մահմեդականների մարգարեին ծաղրելու հարցում, կամ մի՞թե նրանք բոլորն ընդունում են, որ Մուհամեդը ծաղրանքի առարկա չէ: Դժվար է ասել, համենայն դեպս Փարիզի երթին վարչապետ Նաթանյահուի կողքին քայլել է մահմեդական Մալիի առաջնորդը, ով եղել է նախագահ Օլանդի անմիջապես կողքին, ում կողքին էլ քայլել են կանցլեր Մերկելը, վարչապետ Քեմերոնը, ապաՙ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը: Իսկ այս բոլորի հետեւից քայլել է մեկ եւ կես միլիոն մարդ, այս պարագայումՙ հենց մարդ, ոչ թեՙ քաղաքացի: |