ՌՈՒՍԱԿԱՆ ՈՍԿԻՙ ԸՆԴԴԵՄ ԴՈԼԱՐԻ Պ. Ք. 2014 թ. նոյեմբերի 7-ի համարում «Ազգը» գրել էր, որ ներկայումս շոշափելի դարձած ռուս-չինական մերձեցումը կարող է վերջ դնել աշխարհում դոլարի գերիշխանությանը: Ըստ երեւույթին, Ռուսաստանն ու Չինաստանը իրոք որոշել են «դոլարի մենատիրության» հակակշիռ ստեղծել: Գերմանական «Դի Վելթ» թերթի տնտեսական մեկնաբան Հոլգեր Ցշեպիցը նշում է, որ դրա վկայությունն է «1998-ից ի վեր ամենալուրջ ճգնաժամն ապրող ՌԴ տնտեսությանն օգնելու Չինաստանի պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն, որ Կրեմլը սկսել է աստիճանաբար հրաժարվել դոլարից եւ վերջին ութ ամիսներին նպատակամետ կերպով ոսկի գնել»: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Ռուսաստանի ոսկու պաշարը 2014 թ. նոյեմբերին ավելացել է 603 հազար ունցիայով (գրեթե 19 տոննա)ՙ հասնելով 1187,5 տոննայի: 2005 թվականից ի վեր երկրի ոսկու պաշարի ծավալը մոտավորապես եռապատկվել է: Թանկարժեք մետաղի գնումները չեն կարող հարցերի տեղիք չտալ, քանի որ վերջին ամիսներին Ռուսաստանը իր պահուստային արտարժույթի նշանակալի մասը (գրեթե 100 մլրդ դոլար) ծախսել է ռուբլու փոխարժեքի կայունացման եւ մի շարք ընկերությունների փրկության նպատակներով, գրում է «Դի Վելթը»: Առաջատար վարկանիշային գործակալությունները, մասնավորապես S&P-ն, նույնիսկ սպառնում են Ռուսաստանի վարկային կարգավիճակը 2015 թ. իջեցնել «աղբային» մակարդակի, իսկ վերլուծաբանները կանխագուշակում են, թե ՌԴ տնտեսության ծավալները կկրճատվեն 2015 թ. 5,5 տոկոսով եւ 2016 թ.ՙ 3 տոկոսով: Ռուսաստանը ոսկու գնման պաշտոնական պատճառ է անվանում Արեւմուտքի պատժամիջոցները: Ռոյթեր գործակալության տվյալներով, ՌԴ Կենտրոնական բանկը ձեռք է բերում հայրենական ոսկու հանքերի արտադրանքը, քանի որ վերջիններս չեն կարողանում գնորդներ գտնել արտասահմանում: Սակայն փորձագետները կասկածներ ունեն, որ ոսկու գնման իրական պատճառը Կրեմլի խոշոր ծրագիրն է եւ աշխարհաքաղաքական ռազմավարությունը: «Ենթադրվում է, որ Մոսկվան ուզում է առավել անկախ լինել դոլարից եւ ֆինանսական խուսավարումների հնարավորություն ունենալ ի դեպս Արեւմուտքի պատժամիջոցների խստացման», գրում է գերմանական թերթըՙ նշելով, որ ոսկին համայն աշխարհում ընդունված արժույթ է եւ գերիշխող դոլարի այլընտրանքն է: Այսպիսով, ոսկու պաշարի ավելացումը ԱՄՆ-ից անկախ հռչակվելու յուրօրինակ ձեւ է: Տվյալ փաստարկմանը լիովին համընկնում է նաեւ այն, որ Թուրքիայի, Ղազախստանի եւ Ասիայում նոր զարգացող մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերը նույնպես վերջերս ավելացրել են սեփական ոսկու պաշարները: Ոսկու գնումները միանգամայն ներգծվում են ընդհանուր պատկերին. նոր զարգացող պետությունները հատկապես ջանում են ստեղծել Արեւմուտքի ֆինանսաարժութային համակարգի հակակշիռ: Օրինակ, 2014 թ. ամռանը աշխարհի բնակչության 40 տոկոսը եւ ՀՆԱ 1/5-ը ներկայացնող Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հիմնեցին զարգացման միասնական բանկ եւ պահուստային հիմնադրամ, որոնք պետք է մրցակցեն Արժույթի համաշխարհային հիմնադրամի հետ: Ճակատագրի հեգնանքով հենց Մոսկվան կարող է դառնալ նոր բանկի առաջին փոխառուն, քանի որ, ի տարբերություն 1998 թ. ճգնաժամի, քիչ հավանական է ԱՄՀ-ի օգնությունը, որտեղ ԱՄՆ-ը ունի վետոյի իրավունք: Իսկ վատթարագույն դեպքում Ռուսաստանը կարող է հետեւել Ուկրաինայի օրինակին, որը սնանկացման դեմ պայքարելիս վաճառեց իր ոսկու պաշարի մեծ մասը: |