ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԱՍՏԱՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Ղազախստանի մայրաքաղաքում երեկ պետք է կայանար Նորմանդական քառյակի գագաթաժողովը Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի պետությունների ղեկավարների մասնակցությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցությամբ պետք է քննարկեին ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները: «Նորմանդական քառյակ» ձեւաչափն իր անվանումը ստացել էր չորս պետությունների առաջնորդների ֆրանսիական Նորմանդիայում կայացած առաջին հանդիպումից հետո: Ամանորյա տոներից հետո Աստանայի գագաթաժողովը պետք է որ դառնար կարեւորագույն համաշխարհային նորություն եւ իրական հնարավորություն բարձր մակարդակով ուկրաինական կարգավորման հեռանկարները քննարկելու համար: Անցած շաբաթ Բեռլինում արտաքին քաղաքական գերատեսչությունների քաղաքական տնօրենները աշխատանքային խմբում կարծես թե համաձայնեցրել էին այդ հանդիպման օրակարգը, իսկ անցած երկուշաբթի արդեն նախարարները նույն քաղաքում մինչեւ կեսգիշեր քննարկում էին ունեցել վերեւներում հանդիպման օրակարգը նախապատրաստելու համար, սակայն մինչեւ վերջին պահը պաշտոնապես չէր հայտարարվում հանդիպման տեղի եւ ժամկետի մասին: Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Աստանայի հանդիպումը հետաձգվում է անորոշ ժամկետով, իսկ ԱԳՆ-ների քաղաքական տնօրենները աշխատանքային կարգով պետք է կրկին հանդիպեն: Թե ինչու Ղազախստանի մայրաքաղաքում Ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից Ղազախստանը հանդես էր եկել եւ հանդես է գալիս հակամարտության գոտում հրադադարի շուտափույթ հաստատման, ներուկրաինական խաղաղ երկխոսության եւ երկրում իրավիճակի կայունացման օգտին: Դեռ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մոսկովյան հանդիպման նախօրեին (որն անցավ անցյալ տարվա դեկտեմեբրի 23-ին) Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւն այցելեց Կիեւ, որտեղ բանակցեց Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի հետ: Այն ժամանակ շատ քաղաքական դիտորդների անհասկանալի էր ղազախստանյան առաջնորդի այս միջնորդական դերը, եւ շատերն էին պատրաստ չարախոսելու այն թեմայով, թե ուկրաինական հարցում ռուսաստանյան առաջնորդին նույնիսկ իր մերձավորագույն դաշնակիցը թողնում է մեն-մենակ: Սակայն այժմ պարզ է դառնում, որ Ն. Նազարբաեւի խաղաղարար նախաձեռնությունն ի դեմս պահանջարկված հարթակ տրամադրելու, ոչ միայն համաձայնեցված էր ռուսական ու եվրոպական առաջնորդների հետ, այլ նաեւ չէր հակասում բոլոր կողմերի խորքային շահերին: Ղազախստանը բազմակողմանի եւ խորը կապեր ունի Ուկրաինայի հետ, մասնավորապեսՙ տնտեսական եւ ֆինանսական ոլորտներում: Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին եւ մշտապես հետեւողական ու կանխատեսելի է եղել իր այդ դիրքորոշման մեջ: Պետք է ենթադրել, որ պաշտոնական Աստանայի հենց այդ դերն է, որ հասկանալի է եղել Նորմանդական քառյակի երկրների առաջնորդներին հերթական հանդիպման տեղի նախնական համաձայնեցման ընթացքում: Այժմ, զինված հակամարտության հերթական սրման ֆոնի վրա ակնհայտ է դառնում, որ Ղազախստանի առաջնորդի նախաձեռնությունն ավելի քան ժամանակին եւ պահանջարկված է: Արժե հորդորել արեւմտյան առաջնորդներին չանտեսել այս խաղաղասիրական նախաձեռնությունը բոլոր առումներով հարմար հարթակի տրամադրման տեսքով: Եվ ամենակարեւորը: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարներին իր մոտ ընդունելովՙ Ղազախստանի նախագահը կարող էր իր երկրի քաղաքացիներին առարկայորեն ցուցադրել իրավիճակի շտկման ամբողջ դժվարությունը եղբայրասպան պատերազմից եւ տնտեսական կոլապսից հետո ետխորհրդային, բոլոր առումներով մոտ երկրում, ինչպիսին հառնում է Ուկրաինան իր ճգնաժամով: Չէ՞ որ համարյա բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի ողբերգության եւ սպառնալիքի են հանգեցնում ներքաղաքական հիմնախնդիրների բռնի, ուժային լուծման փորձերը: Ն. Նազարբաեւը, իբրեւ իմաստուն եւ հեռատես քաղաքական գործիչ, արեւելյան ձեւով հյուրընկալ ընդունելությամբ իր մայրաքաղաքում (որն ունի բավականաչափ փորձ եւ հնարավորություններ նման մակարդակի միջոցառումեր կազմակերպելու համար) ներքին ընդդիմախոսներին մի ավելորդ անգամ կապացուցեր, որ ապագա տասնամյակներում երկրի զարգացման սեփական տեսլականին այլընտրանք չկա: Զարգացում, որն ինչպես քաջ հայտնի է, հիմնված է քաղաքացիական խաղաղության, ազգամիջյան համերաշխության եւ ներքին կայունության վրա: Թե որքանո՞վ է իրական կողմերի սպասելիքը Անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահը ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ արգելամիջոցները Ռուսաստանի հանդեպ կարող են հանվել, եթե առաջընթաց լինի ուկրաինական հակամարտության հարցում: Ակնհայտ է, որ սառը պատերազմը, որը ծավալվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, չի կարող ստիպել Ռուսաստանին միակողմանի զիջումների գնալու: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հստակ եւ հասկանալի հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է անելու ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտող կողմերը միասին, համաձայնեցված լուծեն հետճգնաժամային վերականգնման հարցերը: Աստանայի գագաթաժողովից կողմերը նվազագույնը սպասում էին առաջընթաց Մինսկյան պայմանավորվածությունների կենսագործման եւ խաղաղ երկխոսության սկսման հարցերում: Արժե նշել վերջին տասնօրյակի եւս մեկ դրվագ: Գերմանական Die Zeit թերթը նախորդ չորեքշաբթի հրապարակել է հոդված այն մասին, որ Եվրասիական Տնտեսական Միությունը չի հանդիսանում նախկին ԽՍՀՄ վերականգնելու փորձ, չի հակասում Եվրոպական Միության շահերին, եւ միանգամայն տեղավորվում է արդի գլոբալ գործընթացների տրամաբանության մեջ: Ավելին, թերթը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման գաղափարական հիմքերից մեկը Մեծ Եվրոպայի տեսլականն էՙ Լիսաբոնից մինչեւ Կուրիլյան կղզիներ: Գերմանիայի արտգործնախարար Վ. Շտայնմայերի հայտնի հայտարարությունից հետո, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ երկխոսություն հաստատելու ցանկության մասին, այս հրապարակումը վկայում է, որ Գերմանիայում մտորում են Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ հարաբերությունների մասին արգելամիջոցների պատերազմի ավարտից հետո: Այս առումով Նորմանդական քառյակի առաջնորդների Աստանայի հանդիպումը պետք է դառնար քայլ Արեւելք-Արեւմուտք հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ռուսաստանն արդեն ընդունել է մոտ 850 հազար ուկրաինական գաղթականներ եւ տեղավորում է նրանց հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, ընդ որում գաղթականների հոսքը չի դադարում: Իհարկե, Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը: Ավելի պարզ ասած, ուկրաինական վերնախավերը պետք է ցանկություն դրսեւորեն իրենց երկրի հեռանկարը, նրաՙ բոլորի համար ընդունելի աշխարհաքաղաքական նախապատվությունները եւ նրա քաղաքական կառուցվածքը քննարկելու համար: Պարզ է նաեւ, որ առանց գործուն միջազգային միջնորդության, որն իրականացնում են Գերմանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, հակամարտության կողմերն ուղղակի չեն կարող պայմանավորվել, իսկ հետո իրականացնել այդ պայմանավորվածությունները: Սկսած տարրական եւ միեւնույն ժամանակ դժվարին հարցերից, ինչպիսին են գերիների փոխանակությունը «բոլորը բոլորի հետ» սկզբունքով եւ վերջացրած երկրի օպտիմալ կառուցվածքի փնտրտուքով, այս ամենն այժմ կլինի Նորմանդյան քառյակի բանակցությունների առարկա աշխատանքային ձեւաչափում: Մնում է միայն հուսալ, որ կողմերը կհանգեն ընդհանուր հայտարարի, նախագահ Նազարբաեւի արտաքին քաղաքական նախաձեռնությունը կիրագործվի, Աստանայի գագաթաժողովն այնուամենայնիվ կկայանա եւ այն ժամանակ իսկապես կարելի կլինի հուսալ, որ միջազգային կլիման աստիճանաբար կբարելավվի: |