RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1885, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՊԱՐԱՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ 12 ՕՐ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոնական օրերի գերառատություն եւ տեղափոխվող ոչ աշխատանքային օրերի խառնաշփոթ ամբողջ տարվա ընթացքում

Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցության 5-6 օրն էլ քիչ չէ տոնելու, շնորհավորելու, մաղթանքներ հղելու, հանգստանալու համար, որից հետո տրամաբական կլինի անցնել աշխատանքի: Սակայն Հայաստանում բոլորովին այլ տրամաբանություն է գործում, տպավորություն ստեղծելով, թե մենք հասել ենք ասենք Սինգապուրի կամ Լյուքսեմբուրգի բարեկեցության մակարդակին եւ կարող ենք մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ` մասնավորապես հունվարին հանգստանալ 12 օր: 12 օր, որի մեջ մտնում էին ոչ միայն տոնական օրերը, այլեւ դեկտեմբերի 20-ից եւ 27-ից տեղափոխված ոչ աշխատանքային օրերը: Այս ամենից հետո էլ, մի քանի օր հարկ է հարմարվել աշխատանքային բնականոն ռիթմին, արդյունքում ունենալով գրեթե կորսված հունվար ամիս բոլոր առումներով` գործարար, աշխատանքային, կրթական, սոցիալական եւ այլն:

Վերջին 5-6 տարիներին կառավարությունը աշխատանքային օրերը տեղափոխելու գործելաոճ է որդեգրել` «մարդկանց հանգիստն ավելի արդյունավետ կազմակերպելու» հիմնավորմամբ: Դժվար է ասել, թե որքանո՞վ է դա ծառայում նպատակին, քանի որ չկան սոցհարցումներ կամ ուսումնասիրություններ: Սակայն ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր առանց կառավարության որոշումների աջակցության էլ կարող են եւ ի վիճակի են իրենց հանգիստն «արդյունավետ» կազմակերպել, կազմակերպում են` ամառ, թե ձմեռ, տոնական, թե աշխատանքային օրերին: Նրանք, ովքեր նման հնարավորություն չունեն, ոչ թե հանգիստ են կազմակերպում` հատկապես ձմռանը տանը մնալով, այլ չաշխատելով կամ գործունեություն չծավալելով, եղած միջոցները սպառելով, գումարներ կորցնում ու պարզապես ժամանակ սպանում: Ինչն էլ ազդում է ամբողջ երկրի տնտեսական եւ գործարար ակտիվության վրա: Հունվարի 12-ին բանկերում հերթերն ու կուտակումները ասվածի միայն երեւացող մասն ու վկայությունն են: Մի խոսքով, առանց այն էլ տնտեսական աշխուժության առումով ամենապասիվ հունվար ամիսը վերածվում է ուղղակի «մեռած» ամսվա: Մինչդեռ կառավարության խնդիրը պետք է լինի բոլոր միջոցները օգտագործելով նպաստել տնտեսական աճի ներկայիս ցածր տեմպի բարձրացմանը, այլ ոչ թե տարվա 12 ամիսներից 1-ը լրիվ կորցնելուն:

Մի խոսքով, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական օրերը նշելու համար լրիվ բավարար է ոչ աշխատանքային սահմանել դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը: Ինչ վերաբերում է տոնական եւ տեղափոխվող աշխատանքային օրերին ընդհանրապես, ապա տարվա ընթացքում դրանց պակասություն նույնպես չի զգացվում:

Նախորդ կառավարությունը հիմք դրեց եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը ոչ աշխատանային սահմանելուն եւ դրա փոխարեն մեկ այլ շաբաթ օր աշխատելու «ավանդույթին»: Արդյունքում` մեռելոցի օրերի պատճառով, տարվա մեջ 5 անգամ ընկնում ենք խառնաշփոթի մեջ ` նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների եւ հիմնարկների աշխատակիցները այդ օրերին չեն աշխատում, մասնավորների մի մասում աշխատում են, մի մասում չեն աշխատում, մյուս մասում աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Խոշոր մասնավոր ընկերությունները հայտնվում են անորոշ վիճակում, քանի որ նրանցից շատերը առօրյա գործնական հարաբերություններ են ունենում պետական կառույցների եւ հիմնարկների հետ, բայց վերջիններս չեն աշխատում: Փոքր բիզնեսը ներկայացնող առեւտրի եւ սպասարկման օբյեկտները, արտադրությունները, կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված օրերին հիմնականում աշխատում են:

Ինչ վերաբերում է «հանգիստն արդյունավետ կազմակերպելու» նպատակով ոչ աշխատանքային օրերի տեղափոխմանը, ապա հարց է առաջանում` մարդիկ ավելի լավ են հանգստանում կանոնավոր դարձած ռեժիմի՞ դեպքում, թե՞ ասենք` 4 օր աշխատելով, հետո 3 օր հանգստանալով, ապա հաջորդ շաբաթ 6 օր անընդմեջ աշխատելով եւ միայն 1 օր հանգստանալով: Մի՞թե հասկանալի չէ, որ համաչափ աշխատելն ու հանգստանալն ավելի բնական է եւ արդյունավետ բոլոր առումներով, քան թե մի քանի օր ձանձրույթի մատնվելը, իսկ հաջորդ շաբաթ 1 օր հանգստյան օր ունենալը` չհասցենով վերականգնվել 6օրյա դարձած աշխատանքային շաբաթից: Կառավարությունում պետք է նկատի ունենան, որ նման որոշումներով ոչ թե լավություն են անում մարդկանց, այլ խաթարում նրանց թե հանգիստը, թե աշխատանքային ռիթմը, գումարած տնտեսական վնասը:

Ընդհանրապես, մեր օրացույցում ոչ աշխատանքային օրերը մեղմ ասած քիչ չեն: Թվարկենք` հունվարի 1-7, հունվարի 28, մարտի 8, մայիսի 1,9, 28, հուլիսի 5, սեպտեմբերի 21, դեկտեմբերի 31: 15 ոչ աշխատանքային օրեր` զարգացող համարվող երկրի համար, երբ անընդհատ դժգոհում ենք կենսամակարդակից, սոցիալական վիճակից եւ աղքատությունից: Ինչպե՞ս են հաղթահարվում այս երեւույթները` միմիայն աշխատանքով: Մարդկությունը տնտեսական զարգացման եւ բարեկեցության հասնելու այլ ճանապարհ մինչ այժմ չի ստեղծել: Ու որքան զարգացման մակարդակը ցածր է, այնքան ավելի շատ պետք է աշխատեն տվյալ երկրում` բանվորից մինչեւ խոշոր ընկերության սեփականատեր, պետական ծառայողից մինչեւ երկրի նախագահ: Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատակոնվ համարվում է միջին եկամուտներ ունեցող երկիր, իսկ դա նշանակում է, որ դեռեւս շատ տեղ ունենք աշխատելու: Երբ մեր երկրի զարգացման մակարդակը հասնի զարգացած երկրների մակարդակին, գուցե այն ժամանակ 8 ժամյա աշխատանքային օրը դարձնենք, ենթադրենք` 7 ժամյա, աշխատանքային շաբաթվա վերջին օրը` 4 ժամյա, վճարվող արձակուրդը` 40 օր, տոնական օրերը տարվա մեջ` 20 օր եւ այլն: Իսկ մինչ այդ, գոնե ոչ աշխատանքային օրերի անիմաստ տեղափոխություններից հրաժարվենք: Որոշ տոներ էլ պահպանելով (օրինակ` մայիսի 1, մայիսի 28, հուլիսի 5, հունվարի 7), կարելի է դրանք դարձնել աշխատանքային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ