ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ ԵՐԳԻԾԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Իսրայելյան կրոնական թերթերից մեկըՙծայրահեղ ուղղափառ «Համոդիա»-ն («Hamodia»), որ լույս է տեսնում 25 000 օրինակով,Փարիզում կիրակիՙ հունվարի 11-ին կայացած համերաշխության երթի լուսանկարը ռետուշ է արելՙ դուրս հանելով 3 կանանցՙ այդ թվում առաջին շարքում Ֆրանսիայի նախագահ Օլանդի կողքին, ավելի ստույգՙ նրան թեւանցուկ արած Անգելա Մերկելին, ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Իսրայելական ծայրահեղ ուղղափառ թերթերը, որպես կանոն, կանանց լուսանկար չեն տպագրում, փոխանցում է գերմանական dpa գործակալությունըՙ հավելելով, թե հաճախ է պատահում, որ կրոնական հիշյալ խումբը Երուսաղեմում կանանց լուսանկարներով գովազդային պաստառները կամ ոչնչացնում է, կամ վրան խզբզում: Իսրայելում տպագրվող «Maariv» աշխարհիկ թերթն իր առցանց տարբերակում «Ընտիր լրագրություն» հեգնական վերնագրով է գնահատել գործընկերոջ մտքի թռիչքը: «Համոդիայի» խմբագրած լուսանկարում Ֆրանսիայի նախագահ Օլանդի կողքին Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասն է: |