RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ խմբագիրը երբեմն ինձ հանձնարարում է գրել այս կամ այն թեմայով: Չնայած, երեւի ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե հանձնարարում է, այլ` հուշում: Համենայն դեպս, ես ազատ եմ գրել կամ չգրել ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում այն թեմաների, որոնք հուշում է խմբագիրս:

Իմ կարծիքով` սա լավ է, ընդ որում ինչպես ստեղծագործական, այնպես էլ ժողովրդավարական առումներով: Սեփական հետաքրքրությունների թեմայի շուրջ գրելը միշտ նպաստում է ստեղծագործելու կարողության ամրապնդմանը, մտածելու ունակության կայացմանը, եւ, անշուշտ, ավելի անկաշկանդ ու ազատ ես զգում գրելիս:

Այս համատեքստում ես չեմ հասկանում, թե ո՞վ իրավունք ունի որոշել, թե ո՞ր թեման երբ է բացվում եւ երբ ավարտվում: Ընդ որում` նաեւ հասարակական հնչեղություն ունեցող թեմաները: Օրինակ վերջինը` Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը, ով մեր արդարադատության նախարարությունում գրանցած է եղել «Ներազգային ազատագրման շարժում» նախաձեռնությունը, ինքն էլ գրանցված է եղել Ավանի հոգեբուժարանում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտանիշով (հետաքրքրական է, ավելի վաղ նախաձեռնությո՞ւնն է գրանցել, թե՞ իրեն են գրանցել, հետաքրքրական է եւ կարեւոր): Այս մարդը, ինչպես հայտնի է, ինքնակամ անցել է Ադրբեջան, այդ երկրի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել, տվել են, հիմա էլ կնոջ եւ երեխայի հետ առոք-փառոք (դատելով դեմքի արտահայտությունից) ապրում է Բաքվի «հրաշալի հյուրանոցներից մեկում»: Սա, անշուշտ, թեմա է, եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող թեմա: Բայց բոլորն, ովքեր խոսում են այս թեմայի շուրջ, չեն մոռանում վերջում ընդգծել` «վերջ, փակեցինք թեման»: Եղբայր, հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, անցել է Ադրբեջան, հանձնվել է, էլ չի ուզում լինել ՀՀ քաղաքացի, շատ հնարավոր է, որ ՀՀ քաղաքացի լինելու ժամանակահատվածում նա ադրբեջանական լրտես էր, գործակալ, եւ դադարեցնե՞նք, վե՞րջ: Անշուշտ, Վահան Մարտիրոսյանն ինքն իրենով դադարեցված թեմա է, բայց նրա արարքը, նրա` Բաքվում ունեցած ասուլիսում արած որոշ արտահայտությունները չեն կարող ավարտված թեմա համարվել, քանի դեռ պատասխաններ չեն հնչել: Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցում են «Ներազգային ազատագրական շարժում» անունով նախաձեռնություն, ինչո՞ւ են գրանցում: Ինչպե՞ս է ստացվում, որ Ավանի հոգեբուժարանում հաշվառված հիստերիկը կարողանում է դուրս գալ հանրապետության տարածքից, ընդ որում լինելով նաեւ քրեական հետախուզման մեջ: Ո՞վ է մեր ՊՆ-ի այն գնդապետը, ում հետ կապեր ունի Վահան Մարտիրոսյանը, ինչպես հայտարարել է Բաքվում, իսկ ո՞վ է ՀՀ նախագահի աշխատակազմի այն աշխատակիցը, որի հետ Վահան Մարտիրոսյանը կրկին կապեր ունի, ինչի մասին եւս հայտարարել է Բաքվում,...

Բայց դադարեցնենք այս խոսակցությունը, ավարտենք թեման. արդեն հասկանալի է, թե ինչու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ