RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1613, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 2

CNN-Ը ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Ամերիկյան CNN հեռուստաալիքի տվյալներով, Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ռազմական տեխնիկայի քանակը Սիրիայում, ինչպես նաեւ անօդաչու սարքերի թռիչքներ է սկսել այդ երկրի օդային տարածքում: Մոսկվան իր հերթին հաղորդել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման մասին: CNN-ը դրանից եզրակացնում է, որ Ասադին օգնելու պատճառով Ռուսաստանը հայտնվել է կրակագծի վրա: Ամերիկացի երկու պաշտոնյաների խոսքերով, Սիրիայի տարածքի վրա ռուսական անօդաչու սարքերի հայտնվելը վկայում է դիտորդական գործողությունների իրականացման մասին:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, թե ռուսները Լաթաքիայի մոտերքում տեղաբաշխել են 25 կործանիչ եւ գրոհիչ օդանավեր, 15 ուղղաթիռ, 9 տանկ, 5 զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ 500 զինծառայող:

Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության աճը մտահոգել է Իսրայելին, որի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օրերս այցելեց Մոսկվա: Նրա հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռազմական տեխնիկայի առաքման նպատակը Սիրիայի վարչակարգին օգնելն է:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկը CNN-ի եթերում հայտարարել է, որ ռուսների ներկայությանն ի պատասխանՙ իրենք հարձակում կձեռնարկեն Լաթաքիայի օդանավակայանի վրա, որը «դարձել է ռուսական բանակի ռազմակայան»: Նրա խոսքերով, իսլամիստները երդվել են, որ իրենց թշնամի ռուսները «Սիրիայում խաղաղություն չեն տեսնի»:

Մոսկվան նշում է, որ ինքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Սակայն Բաշար Ասադի կառավարությունն ունի շատ թշնամիներ: Թշնամական խմբավորումներից մեկիՙ «Իսլամի բանակի» գրոհայինները մարտահրավեր են նետել Սիրիայի կառավարական զորքերին: Իսկ հիմա նրանք թիրախ են համարում նաեւ Ռուսաստանը:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից Էմիլ Հոկայեմը կարծում է, որ եթե Ռուսաստանն ուզում է օգնել Ասադին, ապա ստիպված կլինի կռվել թե՛ իսլամիստների եւ թե՛ սովորական ապստամբների դեմ: Ապստամբական որոշ խմբավորումներ գործակցում են Թուրքիայի հետ, ուրիշ խմբերՙ Պարսից ծոցի միապետությունների հետ: Կան մերձափնյա ստորաբաժանումներ, որոնք մտնում են ապստամբական «Ազատ սիրիական բանակի» կազմի մեջ: Այդ «բանակի» մարտիկներին արդեն մի քանի տարի պատրաստում, զենք ու տեխնիկա է մատակարարում ԱՄՆ-ը:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը տեղի է ունեցել արագորեն: Արբանյակային նոր լուսանկարներում երեւում են գերարդիական օդանավեր, տանկեր եւ զենիթահրթիռային համակարգեր: Ռուսներն իրենք խոստովանել են «Սու-30» ռազմօդանավերի ներկայությունը:

CNN-ի ավագ միջազգային թղթակից Մեթյու Չանսը , խոսելով Իսրայելի վարչապետ Նաթանյահուի մոսկովյան այցի մասին, նշել է, որ նրան այդպես էլ չի հաջողվել լիովին պարզել Սիրիայում Ռուսաստանի մտադրությունները եւ թե Ասադին պաշտպանելիս որքան հեռու կարող է գնալ Մոսկվան: Նախագահ Պուտինը Նաթանյահուին ասել է լոկ հետեւյալը. «Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի գործողությունները միշտ եղել են եւ կլինեն պատասխանատու»:

Այդուհանդերձ, քանի որ հակամարտությանը մասնակից են զգալի թվով շահագրգիռ կողմեր, այդ թվում Ասադի տապալմանը ձգտող ԱՄՆ-իՙ զինված ուժերը, իրադարձությունների ընթացքը կարող է դառնալ անվերահսկելի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ