RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1959, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՌՈԲԵՐՏՈ ԿԵԼ ՏՈՐԵՍ. «ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ ՌՈՄԱՆՏԻԿ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՐԳԵՐ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս Հայաստանում էր գտնվում կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը, որն արդեն հասցրել է արժանանալ հայ հանդիսականի համակրանքին:

2013 թվականինՙ «Նոր ալիք» մրցույթում Ռոբերտո Կել Տորեսն արժանացավ առաջին պատվավոր մրցանակին:

Բարձրահասակ, թուխ մաշկով կուբացի երգիչը դեռեւս 17 տարեկանումՙ որպես օպերային երգիչ սկսել է իր կարիերան Կուբայի ազգային օպերայում:

Ունենալով օպերային հիմք, այսօր Ռոբերտոն իր երգերը համեմում է դասական եւ ժամանակակից մոտիվներով, որն էլ հանդիսատեսին հնարավորություն են տալիս վայելելու յուրօրինակ կատարումներ:

Նրա հոբինՙ սպորտն է. բասկետբոլ եւ ֆիտնես, չսիրած առարկանՙ քիմիան, սիրելինՙ պատմությունը, որն ըստ նրա օգնում է կյանքն ու աշխարհն ընկալել ավելի լավ: 3 տարեկանից սկսելով երգել, երբեք չի սովորել ոչ մի մանկական երգ: Երգչի երազանքն է իր երաժշտությամբ երջանիկ դարձնել մարդկանց եւ օրերս «Յանսում» տեղի ունեցած համերգը ապացուցեց այն, որ Ռոբերտո Կել Տորեսի երազանքը ի կատար ածվեց: Շուրջ 2 ժամ տեւած համերգի ընթացքում երգիչը կարողացավ եւ՛ հուզել, եւ՛ պարեցենել հայ հանդիսականին, «դիպչել» նրա հոգուն եւ ժպիտ պարգեւել:

«Ազգը» զրուցելով երգչի հետ պարզեց, թե ո՞ւմ են նվիրված իր երգերը:


- Դուք մի առթիվ նշել եք, որ սկսել եք երգել մինչեւ խոսելը: Կբացե՞ք չակերտները, ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:

- Երբ շատ փոքր էի եւ դեռ չէի խոսում, քնած ժամանակ բժիշկն ինձ փորձել է արթնացնել քնից, եւ ես արթնանալուն պես սկսել եմ երգել այսպես (Ռոբերտո Կել Տորեսը կատարեց օպերային կարճ արիա): Իհարկե, սա կատակ էր, բայց իրականում ես սկսել եմ երգել շատ վաղ հասակից, 2 տարեկանից: Երաժշտությունն իմ կյանքն է, առանց որի չեմ կարող ապրել, այն ինձ ուղեկցում է ամենուր:

- Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում «Նոր ալիք» մրցույթից հետո:

- Իրականում մրցույթն իմ առջեւ բացեց բազմաթիվ դռներ: Երբեք կյանքիս այդ հիանալի շրջանը չեմ կարող մոռանալ:

- Ո՞րն է Ձեր գաղտնի երազանքը:

- Չեմ կարող ասել, քանի որ ասելուն պես այն գաղտնիք չի լինի: Իսկ դա մեծ գաղտնիք է: Բայց խոսք եմ տալիս, հաջորդ հանդիպմանը կբացեմ չակերտները:

- Կա՞ որեւէ բեմ, որտեղ երազում եք երգել:

- Իմ երազանքն է ամբողջ աշխարհում համերգային ծրագրերով հանդես գալ: Կապ չունի մեծ, թե փոքր բեմ, ամենուր եմ ցանկանում լինել: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում ապրող մարդը կարիք ունի սիրո: Իմ երգերով ես փորձում եմ տարածել սեր:

- Տարբեր երկրներում եք հանդես եկել համերգներով: Ո՞ր ազգի հանդիսատեսին եք ամենաշատը սիրել:

- Ինձ համար կապ չունի ազգը, երբ մարդը գալիս է համերգասրահՙ լսելու քո կատարումները, դա բավական է: Սակայն կցանկանայի առանձնացնել հայ հանդիսականին, քանի որ հայերը շատ են սիրում ռոմանտիկ, հուզական երգեր: Այդ իսկ պատճառով ես մեծ հաճույքով եմ երգում Հայաստանում: Չգիտեմ ինչու, բայց Հայաստանում գտնվելն ինձ համար մեծ հաճույք է: Ըստ իս, հայերն ու կուբացիներն ունեն ընդհանուր ինչ-որ կապ, հավանաբար դա էմոցիոնալ, էներգիայով լեցուն լինելն է:

- Ո՞ր հայտնի երաժշտի հետ կցանկանայիք զուգերգ կատարել:

- Դժվար է ասել, ինձ համար երաժիշտները եղբայրներ են: Երբ ես երեխա էի, լսում էի Հոսե Հոսեին եւ Նինո Բրավոյին, որոնց շատ էի սիրում, կցանկանայի նրանց հետ զուգերգ կատարել, իսկ այժմՙ Թինա Թերների:

- Ո՞րն է Ձեր երգացանկից ամենասիրելի երգը:

- Հոսե Հոսեի «Լոկանո ֆուեռո սեռա» երգը, որը ես սվորել եմ 3 տարեկանում, եւ «Տեկիռո, տեկիռո» երգը: Շատ եմ սիրում ռոմանտիկ երաժշտություն, քանի որ կարող ես «դիպչել» մարդկանց սրտերին: Երբ մի անգամ թափանցում ես նրա հոգին, էլ երբեք չի մոռանում քեզ: Դրա համար ես ավելի շատ սիրում եմ ռոմանտիկ, քան պարային երաժշտություն:

- Դուք Ձեզ համարո՞ւմ եք ռոմանտիկ մարդ:

- Ոչ այդքան, եթե միայն ռոմանտիկ լինեի, շատ տխուր, անհետաքրքիր մարդ կլինեի: Ես տարբեր եմՙ ինչպես կյանքը:

- Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

- Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում աշխատանքիս, անընդհատ աշխատում եմ զարգանալ, ինչպես երգիչ, այնպես էլ որպեսՙ բանիմաց, զարգացած մարդ: Աշխատում եմ անընդհատ ու ամեն ժամ:

- Դուք երգելու շնորհքը Ձեր հորից եք ժառանգել, որը եւս երաժիշտ է եղել: Ի՞նչ խորհուրդ կամ պատգամ է տվել Ձեր հայրը:

- Հայրս իմ առաջին ուսուցիչն է եղել: Նա շատ երջանիկ էր, որ ես բեմում էի: Բոլոր բեմերում, որտեղ ելույթ եմ ունենում, հայրս եւ իր էներգիան ինձ հետ են: Կատարել երգն ամբողջ հոգով ու չխաբել հանդիսատեսին:

- «Նոր ալիք» մրցույթից մի քանի ամիս առաջ դուք կորցրեցիք Ձեր հայրիկին: Դժվար չէ՞ր նման հույզերով բեմ բարձրանալ:

- Հնարավոր է, բայց երբ բեմ եմ բարձրանում, երգիս առաջին նոտաները լսելուն պես աչքերս փակվում են ու ես այլ աշխարհում եմ հայտնվում: Հիշում եմ, երբ աչքերս բացեցի, ամեն ինչ ավարտվել էր եւ բոլորը բարձր ծափահարում էին, մի մասն էլՙ հոտնկայս:

- Դուք նաեւ ստեղծագործում եք, երգեր գրում: Առաջինը գրում եք երաժշտությո՞ւնը, թե՞ բառերը, եւ ունե՞ք հատուկ վայրեր, որտեղ ստեղծագործում եք:

- Ինձ համար ամենակարեւորը երաժշտությունն է, որից էլ սկսում եմ: Հարմոնիկ երաժշտությունն է ամենակարեւորը, հետո բառերն ու գործիքավորումը: Ինձ համար տեղը կապ չունի, ես երգեր գրում եմ եւ՛ տանը, եւ՛ ինքնաթիռի մեջ, ամենուր, կարեւորը հոգումս կատարվի այն, ինչն անհրաժեշտ է ստեղծագործելու համար:

- Ովքեր են խթանում Ձեզ ստեղծագործելու, երգելու համար:

- Իմ աղջիկն ու տղան են։ Ես երգերս գրում ու նվիրում եմ նրանց, բայց չեմ սիրում դրա մասին բարձրաձայնել, ասել որ այս կամ այն երգը Ձեզ է նվիրված: Այդ երգերը բոլորի համար են, բայց խորքում ընկած է սերը հանդեպ իմ երեխաների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ