ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՌԴ նախագահին առընթեր միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահության անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեծարգո պարոն նախագահ Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի 3-րդ Հանրապետության կազմավորման 24-րդ տարեդարձը հայոց նոր պետականության հաջող ձեւավորման վկայությունն է եւ անկախության ճանապարհին մեր ժողովրդի դարավոր իղձերի արտացոլումը: Այս բոլոր տարիներին Հայաստանը վստահորեն քայլել է դեպի ինքնիշխան զարգացման պատմական ավանդույթների վերածնունդը, կարողացել է անհավասար պայքարում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հետեւողականորեն վարել է սոցիալ-տնտեսական բարեփոխումների կուրս, իրականացրել է հայկական սփյուռքի հետ բազմապիսի կապերի ընդլայնման քաղաքականություն, ամրապնդել է պետության հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ գործընկերային հարաբերություններ է կառուցել օտար պետությունների հետ: 2015 թվականը Հայաստանի եւ ամբողջ հայ աշխարհի կյանքում հատուկ տեղ է զբաղեցնում պատմական տարելիցիՙ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Հայաստանի եւ Սփյուռքի ընդհանուր ջանքերով որոշակի ճեղքում կատարվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Մենք մեծ գոհունակությամբ ընկալեցինք այն լուրը, որ Դուք հասել եք ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Հայաստանի նախաձեռնած բանաձեւի ընդունմանը, որով դեկտեմբերի 9-ը հայտարարվում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի եւ տվյալ հանցագործության կանխման միջազգային օր: Անկախ Հայաստանի կարեւորագույն նվաճումներից մեկը դարձավ հզոր բանակի ստեղծումը, որը ունակ է անսասանորեն պաշտպանել պետության անվտանգությունը եւ հետ մղել անսպասելի նախահարձակումը: Եվ այդ նվաճումների մեջ անվիճելի է անձամբ Ձեր եւ Հայաստանի ամբողջ ժողովրդի վաստակը: Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի շփման գծի վրա շարունակվող լարվածությունը, որը հարեւան Ադրբեջանի ռեւանշիստական նկրտումների հետեւանքն է, ստանում է Հայաստանի ռազմական ու քաղաքական համարժեք պատասխանը, ինչը թույլ է տալիս պահպանել տարածաշրջանի «փխրուն խաղաղությունը»: Հաշտության բանակցություններին եւ հակամարտության կարգավորման քաղաքական մեթոդներին Ձեր կողմնակցությունը ամրապնդում է հանրապետության եւ դրա ղեկավարության հեղինակությունը: Միջազգային կազմակերպություններին եւ եվրասիական ինտեգրմանը Հայաստանի ակտիվ մասնակցությունը բացում է երկրի ինքնիշխանության ամրապնդման, նրա տնտեսության եւ անվտանգության զարգացման նոր հեռանկարներ: Մենք այսուհետեւ եւս կօժանդակենք Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին, որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ հոգեւոր-մշակութային մերձավորության բազմադարյան ավանդույթների վրա: Հայաստանը այն սակավաթիվ երկրներից է, որոնք Ռուսաստանի համար բարդ միջազգային հարաբերությունների ժամանակաշրջանում շարունակում են պահպանել հավատարմությունը դաշնակցային կապերին: Մենք վստահ ենք, որ մեր պետությունների փոխհարաբերությունները հետեւողականորեն կամրապնդվեն եւ կհասնեն քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, գիտատեխնիկական եւ հումանիտար փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի: Ռուսաստանի հայերի միությունն իր կողմից կշարունակի աջակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ կապերի ամբողջության հետագա խորացմանը: Երկրի անկախության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը, Արցախի ժողովրդի անկախ գոյության օրինական իրավունքների պաշտպանությունը առաջացնում են Ռուսաստանի եւ համայն աշխարհի հայերի առանձնակի հպարտությունը: Հավատացնում ենք Ձեզ, պարոն Նախագահ, որ մենք այսուհետեւ էլ կաջակցենք ազգային շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր քաղաքականությանը, կօժանդակենք Հայաստանի պետականության եւ տնտեսության զարգացմանը: Ձեզ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին մաղթում եմ բարգավաճում, կայուն խաղաղություն եւ նոր հաջողություններ ի բարօրություն մեր Հայրենիքի: Անկեղծ հարգանքներով |