RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1460, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսական աճի տարեկան ցուցանիշի վերաբերյալ տարեսկզբի կանխատեսումները հիմնականում հոռետեսական էին: Քննարկվում էր անգամ կլինի՞ տնտեսական աճ, կամ որքա՞ն կկազմի տնտեսական անկումը: Օրինակ` Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում էր 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում: ՀՀ պետական բյուջեի հիմքում էլ, շատերի համոզմամբ, չափազանց լավատեսական ցուցանիշ էր դրված` 4,1 տոկոս աճ, որի վերանայման մասին էր անգամ խոսվում: Հիմա արդեն, երբ ունենք տարվա 9 ամսվա արդյունքները, կարելի է արձանագրել, թե որքանո՞վ էին հիմնավոր տարեսկզբի կանխատեսումները, ինչպիսի՞ փոփոխականություն է ունեցել տնտեսական աճի ցուցանիշը այդ ամիսների ընթացքում եւ ի՞նչ հանգուցակետի է հասել:

Այսպիսով, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,7 տոկոսով։ Ինչպե՞ս է այս ցուցանիշը փոփոխվել տարվա ընթացքում.

2015 թ. հունվար`1,8 տոկոս
2015 թ. հունվար-փետրվար`2,5 տոկոս
2015 թ. հունվար-մարտ`2,5 տոկոս
2015 թ. հունվար-ապրիլ`2,7 տոկոս
2015 թ. հունվար-մայիս`2,7 տոկոս
2015 թ. հունվար-հունիս`4,2 տոկոս
2015 թ. հունվար-հուլիս`4,2 տոկոս
2015 թ. հունվար-օգոստոս` 3,9 տոկոս

Ինչպես երեւում է աղյուսակից, տնտեսական ակտիվության աճը կտրուկ ավելացել է հունիսին, իսկ օգոստոսից սկսած` կրկին նվազել է, բայց ավելի բարձր մնալով, քան մինչեւ հունիս եղած ժամանակահատվածում: Աճի տեմպի ավելացումը հունիսին մեծապես պայմանավորված էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ: Նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճն այստեղ կազմեց 38 տոկոս, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ ավելի քան 79 տոկոս: Աճն այս ճյուղում սպասվածից ավելին եղավ, ինչը պայմանավորված էր նախ` բարենապաստ կլիմայական պայմաններով, ապա պետության կողմից վերջին տարիներին այս ճյուղի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ:

Համեմատաբար բարձր աճ գրանցվեց նաեւ արդյունաբերությունում` 9 ամսվա ընթացքում 4,8 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված էր նոր ձեռնարկությունների շահագործմամբ եւ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալների ավելացմամբ` հակառակ միջազգային շուկայում մետաղների գնի նվազման: Ի դեպ, վերջին հանգամանքը խանգարեց արդյունաբերությունում ավելի բարձր աճ ունենալուն:

Ընդհանրապես, տնտեսական աճի բարձր ցուցանիշ ունենալուն խանգարող հիմնական գործոնները այս տարի պայմանավորված էին արտերկրից եկող մարտահրավերներով: Դրանց մասին բազմիցս է ասվել` անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակ` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված: Դրա հետեւանքով մեր ապրանքների արտահանման հիմնական շուկա համարվող Ռուսաստանում գնողականությունը կտրուկ նվազել է, ինչն ազդել է գյուղմթերքերի վերամշակմամբ եւ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող հայկական ձեռնարկությունների վրա: Մյուս կողմից էլ այդ նույն իրավիճակի պատճառով նվազել են Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները, իջեցնելով սպառումը արդեն Հայաստանում`բացասաբար ազդելով առեւտրի, ծառայությունների ու նաեւ արտադրության ծավալների վրա: Միջազգային շուկայում մետաղների գների նվազման մասին արդեն ասվեց:

Նկատի ունենալով, որ արտերկրից եկող բացասական ազդեցությունները չեն վերացել, քանի որ աշխարհում ստեղծված կացությունը էապես չի փոխվել, ենթադրելի է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը չէր կարող պահպանվել հունիս-հուլիսի ամիսների բարձր տեմպի վրա: Բարձր աճ արձանագրած գյուղատնտեսական սեզոնի ավարտով նվազում է նաեւ դրանով պայմանավորված աճի բաժինը : Արդյունքում, տարվա ութ ամիսներին արձանագրվեց 3,9 տոկոս, ինն ամիսներին` 3,7 տոկոս աճ:

Այսինքն, փաստենք, որ հոռետեսական կանխատեսումները եւ սպասումները չիրականացան : Հնարավոր եկավ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ ունենալ: Մի պահ եղավ, որ մոտեցանք պետբյուջեի հիմքում դրված 4,1 տոկոս աճին, բայց տարեկան արդյունքով հավանական է թվում 3 տոկոսի սահմաններում տնտեսական աճը: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունների ջանքերը, ավելին քան այլ նպատակները, պետք է ուղղված լինեն տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ ապահովելուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ