RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք ԼԻՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 21-ին հայության համար տեղի ունեցավ երկու արժանահիշատակ իրադարձություն: Քիմ Քարդաշյանը տոնեց իր ծննդյան 35-ամյակը, եւ Վանաձորում հայ միասեռականները իրագործեցին ԼԳԲՏ-ի հայաստանյան առաջին համաժողովը: Ճիշտն ասածՙ համաժողովի ժամանակ, որին, ի դեպ, մի քանի տասնյակ մասնակցողներ են եղել, ամենեւին էլ չի ընթերցվել Քարդաշյանի ուղերձը եւ կամ համաժողովի անդամներն իրենց ելույթներում մեջբերումներ չեն արել Քիմից, քանի որ վերջինս, ինչպես հայտնի է, ոչ միայն «նրանցից» չէ, այլեւ սկզբունքորեն դեմ է «նրանց»:

Թե ինչպե՞ս է անցել Քարդաշյանի ծննդյան օրը, մենք անկեղծ ասածՙ չգիտենք, չգիտենք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունեն հայ ԼԳԲՏ-ի անդամները` սահմանադրական փոփոխությունների մասին: Մի ծիծաղեք, սա շատ կարեւոր է, քանի որ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, որպես իրենց դեմ լինելու հիմնավորումներից մեկը ներկայացնում են այն հանգամանքը, որ նոր սահմանադրությամբ կարելի է լինելու միասեռ ամուսնությունները: Այս համատեքստում էլ հենց կարեւոր է պարզել, թե հայ միասեռականները ի՞նչ են կարծում, պե՞տք է այո ասել սահմանադրական փոփոխություններին: Չէ՞ որ այդ փոփոխությունները հաստատելու պարագայում, ինչպես ոմանք են պնդում, նրանք կարող են ոչ միայն միասին լինել, այլեւ ` ամուսնանալ:

Համենայն դեպս, ոչ համաժողովի ընթացքում, ոչ էլ դրանից հետո ԼԳԲՏ-ի հայ ներկայացուցիչները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել` սահմանադրական փոփոխությունների մասին, բայց շատ էլ ուրախ են: Բանն այն է, որ նրանց միակ խնդիրը նման համաժողովի անցկացումն էր Հայաստանում, որը եւ կայացավ: Իսկ, թե ի՞նչ է հնչել այդ համաժողովում, ովքե՞ր են խոսել, ամենեւին էլ էական չէ: Իզուր, քանի որ հիմա այնպիսի օրեր են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանրահայտ դառնալ եւ սակայն Քիմ Քարդաշյան չեն, պարտադիր խոսում են սահմանադրական փոփոխություններից, ընդ որում ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ:

Տենդենցից հետ չմնալու համար մենք էլ խոսենք: Բայց ոչ թե վերացական, այլ կոնկրետ այն հոդվածից, որը հատկապես միասեռականներին է հետաքրքրում: Ենթադրենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով իրոք միասեռականները հնարավորություն են ստանում ամուսնանալ: Է, հետո ի՞նչ: Ամուսնանալո՞ւ են: Մի՞թե նրանք մինչեւ այսօր չեն ամուսնանում, քանի որ դրա սահմանադրական իրավունքը չունեին, եւ ահա, անհամբեր սպասում են սահմանադրական փոփոխությունների հաստատվելուն, որպեսզի վազեն ԶԱԳՍ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ համաժողովում չեն ողջունել սահմանադրական փոփոխությունները: Արդյոք հասկանալի չէ՞, որ կոնկրետ մեր իրականության մեջ կա սահմանադրությունից ավելի վեր մի բան, հենց որի առկայությունն էլ միասեռականներին թույլ չի տալիս ամուսնանալ: Այդ բանը ոչ մի տեղ գրված չէ, այն հնարավոր չէ կարդալ, այդ բանը մեր ներսում է, իսկ մենք, ի տարբերություն սահմանադրության, փոփոխման ենթակա չենք եւ ոչ մի հանրաքվեով: Ուրեմն թող որ նոր սահմանադրության մեջ շատ էլ հստակ գրված լինի, որ «Միասեռական քաղաքացիներն իրավունք ունեն ամուսնանալ իրար հետ», թող որ այս առիթով մի քանի եվրոպացի Ամստերդամի փողոցներում «Ողջույն Հայաստան» պաստառներով ծիածանագույն ակցիա անեն (եւ «PR-են Հայաստանն», անշուշտ): Դա մեզ մոտ ի՞նչ է փոխելու: Եթե կարծում եք, որ միասեռականները ակտիվանալու են, ապա նրանք հիմա էլ պասիվ չեն, եթե կարծում եք միասեռականները ազատորեն համաժողովներ են անելու, ապա, ինչպես տեսնում ենք, նրանք հիմա էլ ազատորեն համաժողով են անում, իսկ եթե կարծում եք, որ նրանք ամուսնանալու են, ապա չգիտե՞ք, որ այսօր էլ նրանցից բոլորը, ովքեր ուզում են ամուսնանալ, ամուսնացած են: Կնի՞ք, իսկ դա ո՞ւմ է պետք:

Ի վերջո սահմանադրությունը չի պարտադրում միասեռականներին ամուսնանալ իրար հետ, այն կարող է ընդամենը իրավունք տալ նրանց ամուսնանալու: Բայց կարո՞ղ են արդյոք միասեռականները Հայաստանում պաշտոնապես ամուսնանալ, անգամ եթե սահմանադրությունը նրանց այդ իրավունքը տալիս է... Չեմ կարծում, համենայն դեպս Հայաստանն անկախ սահմանադրության տեքստից այնպիսի երկիր է, որտեղ տղամարդիկ ավելի շատ կուզենային Քիմ Քարդաշյանի ծննդյան տոնին մասնակցել, քան միասեռականների համաժողովին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ