ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԽՈՍԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա ՊՐԱՀԱ - Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դասախոսության թեման էրՙ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պատմությունը եւ հիշողությունը»: Դասախոսությունը անցկացվում էր «Ցեղասպանագիտություն եւ զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը: Հայկ Դեմոյանը անգլերենով ներկայացրեց հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությունը: Նաեւ վերջում անդրադարձ կատարեց Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանըՙ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլեւ հրեական Հոլոքոսթի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատեւող մարդկանց համար: Հաջորդըՙ «Արեւելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է, որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում եւ կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին: Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած հաստատության եւ չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջեւ իրականցվող համագործակցության մասին: Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Դասախոսության ավարտին, որն ուղեկցվում էր նաեւ լուսանկարային տեսաշարի ցուցադրությամբ, Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկա ուսանողների հարցերին, այդ թվումՙ ադրբեջանցու, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատմական ակնարկով բացատրելով խնդրի էությունը: Խոսք գնաց նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի եւ ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին: Հայկ Դեմոյանն այցելեց նաեւ Լիդիցեի հուշահամալիր եւ հանդիպեց ղեկավարությանը, դիտեց նոր ցուցադրությունը: |