ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԻՇԽԵԼ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Նրա ծավալներն այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 -ի հունվար-սեպտեմբերին արձանագրված 3,7 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 620 մլրդ դրամ: Երկրորդը արդյունաբերական արտադրանքի ծավալն է` 948 մլրդ դրամ, երրորդը` ծառայություններինը` 850 մլրդ դրամ, ապա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները` 710 մլրդ դրամ, վերջում շինարարությանը` 258 մլրդ դրամ: Արձանագրված ցուցանիշներից երեւում է, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքում, այսինքն տնտեսության ընդհանուր ծավալում, ամենամեծ մասնաբաժինը, ցավոք, ունի առեւտուրը: Նրա ծավալները` մոտ 1,6 տրլն դրամ, այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած : Եվ սա այն դեպքում, երբ տարեսկզբից առեւտրի ծավալները նվազել են` 9 ամիսների արդյունքում մոտ 5,6 տոկոսով, իսկ գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը աճել` համապատասխանաբար 11,3 եւ 4,8 տոկոսով: Ինչ վերաբերում է ծառայություններին եւ շինարարությանը, ապա առաջինը կայուն աճ է արաձանագրում տարվա սկզբից` մոտ 2,5 տոկոս, իսկ երկրորդը` գրեթե պահպանում է անցյալ տարվա ծավալները եւ բավականին հեռու է նախաճգնաժամային` 2009-ից առաջ եղած ծավալներից: Այստեղ որոշակի աճ կարելի է ակնկալել` այս տարվանից նախատեսվում է սկսել երկու խոշոր ներդրումային ծրագրերի («Հին Երեւան» եւ Ֆիդրուսի թաղամաս) իրագործումը: Այդուհանդերձ, վերոնշյալ ցուցանիշները խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներում մանրածախ առեւտրի ծավալներին չեն հասնելու ոչ արդյունաբերությունը, ոչ էլ առավել եւս գյուղատնտեսությունը կամ շինարարությունը: Դրան հասնելու համար, բացի օբյեկտիվ իրողությունների առկայությունից, հարկ է պետական տնտեսական քաղաքականության փոփոխություն: Այսինքն, առեւտրական գործունեություն իրականացնողների նկատմամբ հարկային մեղմ, կարելի է ասել արտոնյալ քաղաքականությունը եւ հարկային ցածր տոկոսադրույքը տեղափոխել փոքր արտադրողների եւ արժեք ստեղծող ծառայությունների ոլորտ , փոքր եւ միջին ձեռնարկատիրություն (ՓՄՁ) կոչվածի տակ էլ նկատի ունենալ եւ աջակցել վերջիններիս, բացառելով առեւտրային գործունեությամբ զբաղվողներին: |