RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1776, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԱՇԽԱՐՀՆ Է ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՔԸ...»

Զրուցեց ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, Մոսկվա, Ռուս. թարգմ. Պ. Ք.

Հոկտեմբերի 10-11-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի հայերի միության» 5-րդ համագումարը, որտեղ սահմանվեցին միության առաջիկա տարիների նոր խնդիրները, եւ հերթական անգամ ՌՀՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արա Ա. Աբրահամյանը:

Այսօր մենք մեր ընթերցողներին որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ռուսաստանի հայերի միության» եւ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» առաջնորդի հրատապ հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայաստանի հետ կապված իր մտքերի եւ ծրագրերի մասին:


- 2015 թ. օգոստոսի 12-ին Դուք, ելույթ ունենալով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու արեւմտյան թեմի (Կալիֆոռնիա) եկեղեցական համալիրում, արեցիք հայտարարություններ, որոնք գնահատվեցին որպես անսպասելի: Հիմնական միտքն այն է, որ Դուք մտադիր եք մասնակցել ՀՀ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, հայերի համաշխարհային ամբողջ ռեսուրսը միավորելով նոր շարժում (միավորում) ստեղծելու համար: Չէի՞ք կարող արդյոք բացել շրջանակները:

- Իրոք, օգոստոսին ես Կալիֆոռնիայում հանդես եկա նման հայտարարությամբ: 2017 թ. հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ երեւույթին, խորհրդանշական կլինեն հայոց պետականության արդի ճակատագրում, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանի իշխանությունները ներկայումս քննարկում են սահմանադրական բարեփոխումների հարցը, ինչը, ըստ իրենց պնդման, պետք է պետական կառավարման համակարգը փոխի նախագահական իշխանությունից դեպի խորհրդարանական: Եվ, ըստ այդմ, այդ ընտրություններից մեծ չափով կախված է Հայաստանի հետագա ճակատագիրը:

Այն հանգամանքը, որ հայկական սփյուռքիՙ Հայաստանի հետ փաստական եւ իրավաբանական կապ պահպանած ներկայացուցիչը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, կարծում եմ, չպետք է Հայաստանում կամ արտերկրում որեւէ մեկի զարմանքը կամ, որ ավելի վատ է, դժգոհությունը հարուցի: Ես իմ որոշումը համարում եմ ճիշտ եւ հանրապետության իրավիճակին համապատասխան:

Իմ եւ զինակիցներիս նպատակն այն չէ, որ հերթական անգամ բավարարենք սեփական ինքնասիրությունը եւ առաջատար քաղաքական դիրքերի ու պաշտոնների հավակնենք երիտասարդ հանրապետության իշխանության հիերարխիայում, այլ այն, որ օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետության արդի զարգացման ճգնաժամային վիճակը, սեփական ներուժն ու հնարավորությունները, ջանալ ի մի բերել հանրապետության եւ սփյուռքի հնարավորությունները իրավիճակը դեպի կայունացում, տնտեսական ճեղքում եւ զարգացում փոխելու համար:

Վարչական, գործարարական, հասարակական եւ միջազգային գործունեության երկար տարիներին ես կարողացել եմ աշխարհում ձեռք բերել որոշակի փորձ, գիտելիքներ, բարեկամներ ու ազդեցիկ կապեր եւ դրանք օգտագործել ի նպաստ անհատական եւ հավաքական շահերի, օտար պետությունների եւ Հայաստանի հասարակ մարդկանցՙ հայերի եւ ոչ հայերի: Այս ամենն ինձ թույլ է տալիս հուսալ, որ ներկայիս ներուժն ու հնարավորությունները կարող են օգտակար լինել իմ պատմական հայրենիքի հրատապ սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերի լուծման համար, հայտնի խնդիրների կարգավորման, շրջանային մեկուսացման ճեղքման, արտաքին աշխարհի հետ փոխշահավետ կապերի զարգացման, ժամանակի եւ պատմության փորձությանը դիմացած դաշնակցի հետ ռազմավարական կապերի ամրապնդման, վերջին հաշվով Հայաստանի շարքային քաղաքացիների կյանքի բարելավման համար:

Ավելի քան 15 տարի ես եւ զինակիցներս ջանացել ենք օգտակար գործընկերներ լինել Հայաստանի եւ Արցախի համար, հաշվի առնելով իմ բիզնեսի, ինչպես եւ ՌՀՄ ու ՀՀԿ հարթակում ակտիվ հասարակական գործունեության հնարավորությունները: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական կյանք մտնելը կնպաստի առավել առարկայական ու արդյունավետ օժանդակմանը մեր պետության ու հասարակության արդիականացմանը:

Նոր շարժման ձեւով համաշխարհային հայկական ռեսուրսի միավորման մասին: Իմ մասնագիտական եւ հասարակական գործունեության բերումով ես հաճախ լինում եմ մոլորակի տարբեր կողմերում, ի թիվս այլ հարցերի ուսումնասիրում տեղի հայ համայնքների կյանքի դինամիկան, նրանց ձեռքբերումներն ու բացթողումները, ներուժը եւ հնարավորությունները, կարծիքները եւ գաղափարները: Մենք եզակի ժողովուրդ ենք եզակի սփյուռքյան հնարավորություններով, ազդեցիկ քաղաքական եւ տնտեսական դիրքերով, որոնք երբեմն ունեն համաշխարհային նշանակություն: Պատմական եւ արդի Հայաստանի ճակատագրով մտահոգված մարդիկ միշտ խորհում են, թե ինչպես կարելի է այդ հնարավորություններն ուղղել ճիշտ հունի մեջ:

Այս առումով ես շատ բարեկամներ ու զինկակիցներ ունեմ համաշխարհային հայկական սփյուռքի շրջանակներում: Նրանք կուզենային իրենց համեստ ավանդը ներդնել արդի Հայաստանի զարգացման մեջ: Նրանք ողջունեցին ընտրություններին մասնակցելու իմ նախաձեռնությունը եւ համաձայն են տվյալ ներուժը միավորել ի բարօրություն եւ հանուն Հայաստանիՙ նոր շարժում ձեւավորելու միջոցով:

Հայաստանի բոլոր երեք նախագահները ընդունում են, որ Հայաստանը սփյուռքի հետ եւ առանց սփյուռքի երկու տարբեր քաշային կարգեր են: Այնպես որ, սփյուռքի ազդեցիկ շրջանների շարժումը Հայաստանի համահայկական զարգացման գրավական է: Ըստ որում, խոսքը իշխանությունն անձնական հարստացման եւ հանցավոր բիզնեսի համար օգտագործելու, կլանային եւ նման քայքայիչ պրոցեսների մասին չէ: Մեզանից յուրաքանչյուրը ինքնաբավ, կայացած մարդ է, գործարար, գիտնական, քաղաքական կամ հասարակական գործիչ իր բնակության երկրում: Բայց մենք ցավ ենք զգում պատմական հայրենիքի համար, քանզի Հայաստանը մեր աշխարհն է եւ մեր պարտքը: Խոսքը նոր տեխնոլոգիաների, փորձի, գիտելիքների, միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում ազդեցիկ կապերի փոխանցման միջոցով Հայաստանին մրցակցային առավելություններ տրամադրելու մասին է:

Պատմությունից հայտնի է, որ Արտաշիսյանների գահաժառանգ Տիգրան Բ-ն երկար ժամանակ պատանդ է եղել Պարթեւստանի տիրակալի մոտ, սակայն պետական կառավարման, ռազմական շինարարության եւ տնտեսական զարգացման գիտելիքներով զինվածՙ նա վերադարձել է հայրենիք, դառնալով Հին Հայաստանի ամենամեծ արքան եւ ստեղծելով պատմության մեջ միակ Հայկական կայսրությունը, որի ուժը ստիպված էին ճանաչել Հռոմը եւ Պարթեւստանը:

«Մետաքսի ճանապարհին» առաջատար դիրքեր զբաղեցրած հայ վաճառականները 18-րդ դարում, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից առաջ, Մադրասում (Հնդկաստան) հրապարակեցին Հայաստանի սահմանադրություն եւ ծրագրում էին Ռուսական կայսրության օգնությամբ Արեւելյան Հայաստանի ազատագրման միջոցով ստեղծել նոր հայկական պետականություն:

Այս երկու օրինակներից արդեն կարելի է եզրակացնել, որ արտերկրի հայկական ներուժը պարտավոր է ծառայել հայոց պետության շահերին:

Իմ հայտարարությունը ուղղված է նաեւ առկա միջազգային իրավաքաղաքական նորմերի եւ հայոց պետության ինքնիշխանության պահպանմանը, հաշվի առնելով Հայաստանի հետ իմ իրավաբանական կապը եւ ՀՀ քաղաքացիությունը: Իմ ձգտումները բարձր են, բայց իրատեսական, ուղղված են ընտրողներիՙ ՀՀ շարքային քաղաքացիների հույսերի արդարացմանը, որոնք ունեն ավելի լավ եւ ազատ կյանքի իրավունք եւ բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Ես Եղեռնաձորի շրջանի հայկական մեծ գյուղ Մալիշկայից եմ, եւ ինձ դաստիարակել են հասարակ մարդկանց հանդեպ վստահության եւ հարգանքի մթնոլորտում: Ընտրողներն ակնկալում են օրինավորություն, ազնվություն եւ քաղաքական կայացածություն: Հենց այդ նպատակներին է միտված ՀՀ ընտրություններին իմ մասնակցության գաղափարը:

- Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում եւ արտերկրում շատերը հասկանում են, որ Հայաստանում ինչ-որ բան կարգին չէ: 2017 թ. ընտրություններում Ձեր հաջողության դեպքում ի՞նչ առաջնահերթ քայլեր եք նախատեսում ձեռնարկել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու եւ հարաճուն աղքատությունից բնակչության դուրսբերման պայմաններ ստեղծելու համար: Ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում, որպեսզի իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ ոչ թե հակառակը:

- «Իշխանությունը ժողովրդին» ձեւակերպումը քաղաքակիրթ եւ ժողովրդավարական յուրաքանչյուր պետության էությունն է, դա նաեւ մարդկության պատմական սոցիալական առաքելությունն է: Մյուս բոլոր ձեւակերպումները հանգեցնում են պետության եւ հասարակության փլուզմանը, ճգնաժամերի, անհաջողությունների, պարտությունների: Իշխանությունը չպետք է լինի նեղ հավակնությունների եւ հասարակությանը հակասող խմբային շահերի օբյեկտ:

Արդի Հայաստանում, ցավոք, շարունակվում է սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական սուր ճգնաժամը, առանձնակի տեղաշարժեր չկան նաեւ արտաքին քաղաքականության մեջ, բացի Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանումից եւ թերեւս Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված նոր հովերից:

Տվյալ իրավիճակի պատճառը փոխկապակցված եւ միմյանցից կախված օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ամբողջությունն է: Ցավոք, մակրոտնտեսական քաղաքականության սխալները հանգեցրել են իշխանությանը մոտ կանգնած առանձին խմբերի կողմից բիզնեսի մենատիրմանը, շարունակվում են կոռուպցիայի աճը, հասարակության շերտավորումը եւ բնակչության զանգվածային արտահոսքը: Խնդիրները շատ են, եւ պետք է դրանք լուծենք համատեղ:

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկորդ ժամկետով պաշտոնավարում է եւ ըստ ՀՀ սահմանադրության պետք է թողնի պաշտոնը 2018 թ. մարտից հետո: Իր հայտարարության համաձայն, նա մտադիր չէ կրկին նախագահ կամ վարչապետ լինել: Սա վկայում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում սկսվում է նոր փուլ առաջատար քաղաքական ուժերի եւ առաջնորդների առումով: Անհրաժեշտ են անհատի, հասարակության եւ պետության շահերին համապատասխանող խելամիտ եւ իրատեսական ծրագրեր:

2017 թ. խորհրդարանական ընտրություններում մեր հաղթանակի դեպքում.

Առաջին, բոլոր ջանքերը կգործադրենք «իշխանությունը ժողովրդին» ձեւակերպման իրականացման համար, կնպաստենք քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, քաղաքական կյանքին ժողովրդի մասնակցության ձեւերի ընդլայնմանը:

Երկրորդը, կուժեղացնենք օրենսդրական բազան փոքր ու միջին բիզնեսի զարգացման եւ մենատիրության բացառման նպատակով,

Երրորդ, ակտիվ դիրք կբռնենք հակակոռուպցիոն պայքարի, այդ ոլորտում օրենսդրության կատարելագործման, ազգային անվտանգության մարմինների եւ իրավակարգի ուժերի լիազորությունների ընդլայնման, իրավապահ համակարգի գործունեության հանրային եւ տեղեկատվական վերահսկողության ուժեղացման, տվյալ ոլորտում օտար պետությունների դրական փորձի ուսումնասիրման նպատակով: Որտեղ հարկն է հանդես կգանք անօրինական սեփականաշնորհման արդյունքների վերանայման եւ օրենսդրության հիման վրա, թափանցիկ մրցակցության պայմաններում տնտեսության օբյեկտների հետագա մասնավորեցման օգտին,

Չորրորդ, հանդես կգանք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների արդիականացմանն ուղղված նախաձեռնությունների եւ առաջարկությունների փաթեթով (թերեւս անհրաժեշտ է ՀՀ կառավարության կազմում նախատեսել ԼՂՀ գործերի նախարարի պաշտոն),

Հինգերորդ, խորհրդարանում քննարկման կդնենք Իրան-Կասպից ծով-Ռուսաստան-Ղազախստան, Իրան-Կենտրոնական Ասիայի երկրներ-Չինաստան, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ու Եվրոպա գծերով Հայաստանի տրանսպորտային-հաղորդակցական մեկուսացումը ճեղքելու նոր առաջարկություններ: Հայաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային տարանցիկ նախագծերից, այդ թվում Իրանի «ապակոնսերվացման» եւ չինական «Մետաքսի ճանապարհ» բավական հավակնոտ նախագծի հեռանկարային գործընթացներից,

Վեցերորդ, հայ-ռուսական փոխշահավետ տնտեսական, քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը նոր բովանդակությամբ կհագեցնենք ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ հարթակներում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների շրջանակներում (այդ ուղղությամբ մենք արդեն որոշակի աշխատանքներ ենք կատարել ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ իշխանության մարմինների աջակցութամբ),

Յոթերորդը, նոր իրավական մեխանիզմների եւ հարկային առավելությունների մշակման միջոցով կօժանդակենք արտաքին ներդրումներին եւ Հայաստանի տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների արմատավորմանը, նոր ձեռնարկություններ եւ աշխատատեղեր կստեղծենք տարերային արտագաղթը կասեցնելու, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, ոսկերչական արտադրության, ծրագրավորման, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում նոր առաջատար ճյուղերի ձեւավորմանը: Եվ այս հարցում հիմնական շեշտը կդրվի հայկական սփյուռքի եւ նրա գործարար շրջանակների հնարավորությունների վրա: Հավատացնում եմ, որ կունենանք հանրապետության իրավիճակի առողջացմանը եւ նրա զարգացմանը նպաստող կարեւոր եւ անհրաժեշտ շատ նախաձեռնություններ ու լուծումներ:

Մեր ընդհանուր նպատակն ու խնդիրն էՙ Հայաստանը դարձնել բարգավաճ, հարուստ եւ զարգացած երկիր, հենվելով ազգային ռեսուրսների եւ համաշխարհային տնտեսության, գիտության եւ քաղաքականության արդի նվաճումների վրա: Սա նաեւ համարում եմ Ղարաբաղի հարցի լուծման եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի հաջողության գրավական: Ուժեղ, հարուստ եւ զարգացած երկրի հետ չեն պատերազմում, քանզի նման երկրին ու հասարակությանը հաղթել անհնար է: Ուստի Հայաստանին պետք է աստիճանական զարգացում, այլ ոչ թե սոցիալական ցնցումներ եւ հեղափոխություններ: Թող դրանք մնան անցյալում:

- Հանրահայտ է, որ նախընտրական ծրագրերի ու խոստումների հաջող կատարման գրավականը ուժեղ պրոֆեսիոնալ թիմի գոյությունն է: Ունե՞ք արդյոք այդպիսի թիմ: Այն ձեւավորելիս Ձեզ համար ի՞նչն է կարեւոր:

- Անշուշտ, առանց համախոհների պրոֆեսիոնալ թիմիՙ քաղաքականության մեջ անհնար է հաջողության հույս ունենալ: ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը իմ մեջ հայտնվեց ոչ թե միանգամից, այլ անձնական զարգացմանը եւ հանրապետության իրադրության ուսումնասիրմանը զուգընթաց:

Պետք է ասեմ, որ իմ շրջապատում քիչ չեն բարեխիղճ տաղանդավոր, ազնիվ, հուսալի եւ մասնագիտորեն գրագետ մարդիկ, որոնք նպաստել են նաեւ իմ հաջողություններին բիզնեսում եւ հասարակական գործունեության մեջ: Ըստ այդմ ես ունեմ զինակիցների եւ պրոֆեսիոնալների թիմ, ովքեր հավատում են ինձ, ուզում են օգնել Հայաստանին եւ գիտեն, թե ինչպես պետք է դա անել: Այդ շրջանակի մեջ են Հայաստանում եւ արտերկրում հայտնի անձինք, ինչպես նաեւ քիչ հայտնի եւ անհայտ մարդիկ: Չեմ կարծում, թե հիմա անհրաժեշտ է ԶԼՄ-ներին տրամադրել տվյալ թիմի ցանկը: Ընտրություններին մեր մասնակցությանը զուգընթաց նրանցից շատերի անունները հայտնի կդառնան: Թիմ ձեւավորելիս ո՞րն է իմ մեկնակետը: Նախ եւ առաջՙ Հայաստանի շահերը, պրոֆեսիոնալիզմը, օրինավորությունը, բարեխղճությունը, ազնվությունը, պատասխանատվությունը, մտավոր հատկանիշները, նոր արդյունքների ձգտելիս հաջողակությունը եւ նպատակայնությունը:

- Պարոն Աբրահամյան, Դուք հսկայական փորձ եւ ճանաչում ունեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եք, բազմաթիվ հեղինակավոր պետական պարգեւների եւ տարբեր երկրների շքանշանների ասպետ եք, Ռուսաստանում երկու անգամ (2001 եւ 2013 թթ.) ճանաչվել եք «Տարվա մարդ»: Ինչպե՞ս եք նախատեսում ՀՀ ԱԺ անդամի Ձեր ներուժն օգտագործել, որպեսզի, մի կողմից, օրենսդրական նախաձեռնությունների եւ գործնական քայլերի միջոցով ամրապնդվեն Հայաստանի եւ սփյուռքի կապերը եւ ստեղծվի Հայաստանի հանդեպ սփյուռքի ձեռնարկատերերի վստահության մթնոլորտ, մյուս կողմից, որպեսզի Հայաստանից վտանգավոր արտահոսքը եթե չդադարեցվի, ապա գոնե կասեցվի:

- Ես մասամբ արդեն պատասխանեցի այդ հարցին, երբ անդրադարձա ընտրություններում մեր հաջողության դեպքում Հայաստանի իրադրության առողջացմանը: Մենք արդեն ասել ենք, որ Հայաստանն այսօր մոտեցել է համահայկական մարմին ստեղծելու որոշմանըՙ ի դեմս Համահայկական խորհրդի: Դրանից մեծապես կախված կլինեն համահայկական գործակցության ու վստահության հետագա գործընթացը եւ տրամաբանությունը: Չեմ բացառում հանրապետության տնտեսական, հասարակական, մշակութային, գիտական, կրթական կյանքին սփյուռքահայերի ակտիվ ներգրավմանն ուղղված օրենսդրական նոր նախաձեռնությունների եւ որոշումների ընդունումը: Դա թույլ կտա ապահովել սփյուռքահայ գործարարների եւ ամբողջ սփյուռքի վստահությունը, ստեղծել մեր տնտեսության մրցակցային առավելություններ, նոր աշխատատեղեր, նոր սոցիալական նախագծեր: Այս ամենի շնորհիվ կկարողանանք կասեցնել, իսկ հետո նաեւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների վտանգավոր արտահոսքը:

- Սպասո՞ւմ եք արդյոք քննադատություն այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիությունից բացի ունեք նաեւ ՌԴ քաղաքացիություն եւ այնտեղ մի շարք կարեւոր հասարակական պաշտոններ եք զբաղեցնում:

- Առաջին, երբեմնի միասնական երկիր ԽՍՀՄ-ի փլուզման մեջ ես մեղք չունեմ: Եվ մեղավոր չեմ, որ այն ժամանակ Հայաստանում երիտասարդությունս անցկացնելովՙ Մոսկվա եմ գործուղվել ԽՍՀՄ էլեկտրոնային ադրյունաբերության նախարարության չսՈՉՍ-ի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու: Ստացվեց այնպես, որ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենքների համաձայն դարձա այդ երկու հոգեհարազատ պետությունների քաղաքացի: ՀՀ ներկայի օրենսդրությունը նախատեսում է նաեւ երկքաղաքացիություն, մանավանդՙ սփյուռքահայերի համար:

Երկրորդը, այն հանգամանքը, որ ես Հայաստանի համար առավել բարեկամական երկիր Ռուսաստանի քաղաքացի եմ, ըստ իս, որեւէ խարդավանք չէ եւ քննադատության առիթ չի տալիս:

Երրորդ, ես Ռուսաստանում եւ միջազգային կազմակերպություններում իրոք զբաղվում եմ ակտիվ հասարակական գործունեությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եմ, ՌՀՄ եւ ՀՀԿ ղեկավար, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, մի շարք գործարար խորհուրդների ղեկավար եւ այլն: Բայց այդ բոլոր պաշտոնները ընտրովի պետական պաշտոններ չեն. ավելին, դրանք ինձ թույլ են տալիս ակտիվորեն պաշտպանել ՌԴ եւ այլ երկրների հայության շահերը, ինչպես նաեւ հենց Հայաստանի շահերը:

Ինձնից առաջ ՌՀՄ ստեղծելու փորձերը հաջողություն չեն ունեցել տարբեր պատճառներով: Վերջերս Մոսկվայում մենք տոնեցինք ՌՀՄ 15-ամյակը եւ անցկացրինք կազմակերպության 5-րդ համագումարը, որտեղ ողջույնի հեռագրեր ստացվեցին մասնավորապես ՌԴ եւ ՀՀ նախագահներից: Դա վկայում է, որ ՌՀՄ-ն կարողացել է մարդկանց առաջարկել կենսունակ եւ ցանկալի ծրագիր եւ կազմակերպական մեխանիզմ: Այսօր ՌՀՄ-ն իր գործերով հեղինակություն է վայելում ՌԴ-ում, ՀՀ-ում եւ այլուր:

Կարելի է ասել, որ իմ ծավալուն պատասխանով ես կանխեցի նման քննադատության եւ հարցերի հնարավորությունը: Հավատացնում եմ, ես ամեն ինչ ունեմ որեւէ հասարակական եւ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու համար: Իսկ ընտրություններին մասնակցելու որոշումս բացատրում եմ Հայաստանի քաղաքացիներին օգնելու պարզ ցանկությամբ, երկիր, որն ինձ կյանք է տվել եւ իմ մեջ դաստիարակել հայի հպարտություն:

- Ձեր քաղաքական ծրագրերը արդյոք համաձայնեցրե՞լ եք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության հետ:

- Ինչպես գիտեք, ես իմ քաղաքական ծրագրերը եւ որոշումը արդեն հրապարակել եմ ելույթներիս ժամանակ: Կարծում եմՙ դա գաղտնիք չէ, նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության համար, ինչը ազատ եւ օրինապահ քաղաքացու իմ իրավունքն է:

Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հետ առանձին հանդիպումներին եւ զրույցներին, հավատացնում եմ, որ Ս. Սարգսյանի եւ Վ. Պուտինի հետ իմ հանդիպումների արդի օրակարգում կան նաեւ շատ ուրիշ կարեւոր հարցեր:

Ես քանիցս Վ. Պուտինի վստահյալ անձն եմ եղել իր նախագահական ընտրարշավների ժամանակ, իմ հասարակական եւ միջազգային գործունեությամբ ջանում եմ նպաստել միջազգային ասպարեզում Ռուսաստանի հեղինակության ամրապնդմանը, ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը: Փաստորեն ՌԴ եւ այլ երկրների հայ համայնքների ներուժը միավորել եմ ի նպաստ Հայաստանի եւ շարունակում եմ դա անել: Սրանից եզրակացնում ենք, որ ինձ համար հարգելի երկու ղեկավարները միշտ ունեցել են օգնելու եւ մեր աշխատանքը ուղղորդելու հնարավորություն, եւ հանձինս նրանց ես միշտ տեսել եմ ըմբռնում ու աջակցություն: Ես այլ կերպ մտածելու հիմքեր չունեմ նաեւ այս հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ