ԵՄ-Ն ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ, ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՊԱՑՈՒՑԵԼ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մի քանի օր առաջ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրները մանդատ տվեցին ԵՄ հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համաձայնագիր պատրաստելու նպատակով: Սա այն պարագայում, երբ ԵՄ-ն նման մանդատներ տալու որոշումը կայացնում է կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն էլ առարկություններ չունեն Հայաստանի հետ նոր համաձայնագիր պատրաստելու եւ բնականաբար այն ստորագրելու հարցում: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ-ն նման մանդատ է տվել բացառապես Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար, ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, կամ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի, որտեղ, ի դեպ, կայացած վերջին նախագահական ընտրություններից եվրոպացի պատվիրակները գոհ էին մնացել ի տարբերություն ԱՄՆ-ի: Սա նշանակում է, որ Եվրոմիությունը գիտակցել է իր` «բոլորին մեկ արշինով» չափելու եւ ընկալելու քաղաքականության ձախողումը եւ սկսել է կոնկրետ «Արեւելյան գործընկերության» կազմում գտնվող երկրներին յուրովի մոտեցում ցուցաբերել: Ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանն այս շարքում, ավելի կոնկրետ` Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան երկրների խմբի մեջ առանձնահատուկ տեղ ունի, եթե անգամ միայն հաշվի առնենք ԵՄ-ի հետ` նախկինում Ասոցիացման համաձայնագիր (ներառյալ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ համաձայնագիրը) կնքելուն ուղղված մեր երկրի հետեւողականությունը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը շատ մոտ էր այդ համաձայնագրի` առնվազն նախաստորագրելուն, ինչը չենք կարող ասել ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի մասին, օրինակ: Արդյունքում հայտնի է, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինան եւ Մոլդովան, ապա նաեւ Վրաստանը: Ճիշտ է, այս պայմանագրի կենսագործման առումով առաջինը եւ վերջինը որոշ խնդիրներ ունեն, ինչը չենք կարող ասել Մոլդովայի մասին, որտեղ եթե ԵՄ-ի հետ ասոցիացման հետ կապված խնդիրներ կան էլ, ապա դրանք ներքին բնույթ են կրում, ոչ թե արտաքին ճնշումների հետեւանք են: Թե ինչո՞ւ Ռուսաստանը «թույլրատրեց», որ իր սահմաններին շատ մոտ, «ռուսական ազդեցության գոտում» գտնվող երբեմնի եղբայրական Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցիացվի, միանշանակ դժվար է ասել: Ամենածանրակշիռ պատճառը թերեւս այն է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցիացված նույն Վրաստանի եւ Ուկրաինայի, Մոլդովան երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է նաեւ ՆԱՏՕ, Եվրոմիություն` այո, բայց` ՆԱՏՕ` ոչ: Անշուշտ, ԵՄ-ից ՆԱՏՕ մեկ քայլ է, բայց հարցն այն է, որ մոլդովացիները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց միանալու հետ կապված ոչինչ չեն հայտարարում, ինչը եւ Ռուսաստանին կոնկրետ գործողությունների չի մղում, իսկ, որ Ռուսաստանը կարող է գնալ կոնկրետ գործողությունների, մենք համոզվում ենք ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Վրաստանի օրինակներով: Բայց դառնանք Հայաստանին: Մեր երկիրը, փաստորեն, եվրոինտեգրման գործընթացից դուրս մնացած երեք երկրներից մեկն էր` Ադրբեջանի եւ Բելառուսի հետ: Հիմա միայն մեր երկրին, ինչպես ասացինք, տրվում են ըստ էության արտոնյալ պայմաններ` ԵՄ-ի հետ նոր տեսակի համաձայնագրի ստորագրման համար: Ընդ որում, ամենայն հավանականությամբ այդ համաձայնագիրը լինելու է նույն ասոցիացման համաձայնագիրը, առանց դրա տնտեսական բաղադրիչի, որն էլ, ինչպես գիտենք, ԵՏՄ-ին միանալ ցանկացող (այն ժամանակ) այժմ այդ միության լիիրավ անդամ Հայաստանի պարագայում միակ խնդրահարույցն էր: Կկոչվի՞ այս նոր համաձայնագիրը Ասոցիացում, թե՞ չի կոչվի, էական չէ, կարեւորը մեկ այլ բան է: Տեսեք ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցած եւ ստորագրած նոր` քաղաքական ասոցիացման համաձայնագիրը, ավելինՙ այդ համաձայնագիրը նախապատրաստելու բանակցություններին համաձայնություն տալը կնշանակի եւ նշանակում է, որ ոչ թե ԵՄ-ն կարողացավ մեզ պարտադրել իր «կամ-կամ»-ի քաղաքականությունը, այլ մենք կարողացանք նրանց ապացուցել, որ Հայաստանի պարագայում ճիշտը «եւ-եւ»-ի քաղաքականությունն է: Ընդ որում, հենց Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությամբ ԵՄ-ն մի կողմից ընդունում է, որ Հայաստանն իր արդեն իսկ կատարած բարեփոխումներով էականորեն առաջ է արեւելյան գործընկերներ Ադրբեջանից եւ Բելառուսից, իսկ մյուս կողմիցՙ Հայաստանը ԵՄ-ի համար այլեւս ընկալելի է որպես առանձին պետություն, այլ ոչ թե որպես արեւելյան գործընկերներից մեկը: Հիմա, թե ո՞ւր կտանեն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, դեռ վաղ է ասել, բայց արդեն իսկ կարելի է պնդել, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմից Հայաստանի վրա ճնշումներ չեն լինելու, որովհետեւ Հայաստանը չի ասել, չի ասում եւ մոտ ապագայում հազիվ թե ասի, որ ինքը ցանկություն ունի անդամակցել ՆԱՏՕ-ին: Փոխարենը Հայաստանը կարող է լինել ԵՏՄ-ի միակ երկիրը, որտեղից կամ որով ԵՄ-ի հետ ուղեւորա եւ ապրանքափոխադրումները հնարավորինս հեշտացված եւ դյուրին ռեժիմով կընթանան, ինչը, հասկանալի է, շահեկան է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵՏՄ-ի համար: Բայց առաջին հերթին` Հայաստանի, քանի որ ԵՄ-ի մանդատով Հայաստանն ապացուցեց, որ ինքը ոչ մեկին չի տվել եւ չի տալու սեփական անկախության ինչ-որ մասը: |