RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1534, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 6

Ի՞ՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ՓԵՐԻՆՉԵՔԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փերինչեքը, որին տանը եւ մտերիմները Դողու են անվանում, ինչպես արդեն գիտենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հաղթեց Շվեյցարիային: Դատարանը հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցնիայի 10-րդ հոդվածը, այն է` «Յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն», որոշում կայացրեց, որ Դողու Փերինչեքը լրիվ իրավունք ունի աշխարհի ցանկացած վայրում հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը, քանի որ այդկերպ նա ազատ արտահայտվում է: Դատարանում որպես երրորդ կողմ ներկայացված Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, հայտարարեց, թե դատարանը ամբողջովին բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջները, այսինքն` կասկածի տակ չի առել Ցեղասպանության եղելությունը: Մեր կողմից հավելենք, որ դատարանը ոչ էլ ընդունել է Ցեղասպանության եղելությունը որպես փաստ, այլ պարզապես հայտարարել է, որ նման որոշման լիազորություններ եւ իրավասություն ինքը չունի:

Այս ամենը, կրկնում ենք, գիտենք: Փոխարենը չգիտենք մեկ այլ, թերեւս ավելի կարեւոր բան: Պե՞տք է արդյոք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տանել իրավական դաշտ: Չէ՞ որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչպես փաստեց ՄԻԵԴ-ը, հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սեփական կարծիքի ազատ արտահայտման իրավունք: Այսինքն եթե մենք դիմում ենք դատարան, կոնկրետ` ՄԻԵԴ, որպեսզի վերջինս դատապարտի Թուրքիային Ցեղասպանություն գործելու համար, ապա արդեն իսկ պարզ է, որ պարտվելու ենք, եթե անգամ Ամալ Քլունին` ամուսնու` դերասան Ջորջ Քլունիի հետ ներկայանա դատարան: Սաՙ եթե ՄԻԵԴ-ը որոշի քննել մեր հայցը: Ինչը սակայն ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա, քանի որ ՄԻԵԴ-ի որոշման տեքստում կարդում ենք, որ այդ կոնկրետ դատարանը որեւէ իրավասություն չունի «1915-ի դեպքերը Ցեղասպանություն կամ ոչ որակելու առումով»:

Ուրեմն հնարավոր դատարանների ցանկից ՄԻԵԴ-ը դուրս է գալիս: Կան անշուշտ ուրիշ դատարաններ, որոնց, հասկանալի է, կարելի է դիմել` ընդդեմ Թուրքիայի հայցով եւ որոնք անպայմանորեն կքննեն հայցը: Բայց խնդիրն այստեղ բոլորովին այլ է, այնՙ որ ՄԱԿ-ի Ցեղասպանության հռչակագիրը, չնայած կազմվել է` առավելաբար Հայոց ցեղասպանությունից ազդված Ռաֆայել Լեմկինի կողմից, բայց այդ փաստաթուղթը հետադարձ ուժ չունի, այսինքն ցեղասպանություն կարող են ճանաչվել միայն այն ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել Ցեղասպանության հռչակագրի ընդունումից հետո:

Սա, կրկնում ենք, իրավական առումով: Այս պարագայում, սակայն, հարց է առաջանում. եթե միջազգային որեւիցե դատարան մերժելու է Թուրքիային ցեղասպան ճանաչելու մեր պահանջը, ապա ինչո՞ւ Թուրքիան ինքը մեզ դատի չի տալիս իրեն «զրպարտելու համար»: Շատ պարզ պատճառով: Թուրքիան պարզապես չի ցանկանում, որ «այս թեմայով» հնարավորինս լայն զանգվածներ խոսեն, ինչը անպայմանորեն տեղի կունենա, երբ միջազգային որեւէ դատարան քննի Հայոց ցեղասպանության հարցը:

Կարծես թե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը իրավական ճանապարհ չունի, որովհետեւ միշտ էլ գտնվելու է ինչ-որ Փերինչեք, ով հայտարարելու է, թե իր կարծիքով Ցեղասպանություն չի եղել, եւ միշտ էլ նա իրավացի է լինելու, քանի որ` «Յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ