ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՆՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Արժե նորեն անդրադառնալ Կասպից ծովից ռուսական «Կալիբր» 26 թեւավոր հրթիրների արձակման առաջացրած արձագանքներին: Բանն այն է, որ ռուսաստանցի ոչ քիչ զինվորական փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Սիրիայում իսլամիստների ոչ կանոնավոր բանակի դեմ ուղղված այդ հարվածները հույժ անհրաժեշտություն չէին ներկայացնում. այդ հրթիրները շատ թանկ բավականություն են եւ «անապատի միջնադարյան բարբարոսներին» կարելի է արդյունավետորեն ոչնչացնել սովորական ֆուգասային, բետոնահար եւ նմանատիպ ռումբերով, որ արդեն կիրառում է Սիրիայում գործող ռուսական ավիացիոն խմբավորումը: Առավել եւս, որ այդ հին, նույնիսկ խորհրդային ժամանակներից մնացած ռումբերն արձակվում են արդիական գերճշգրիտ տեխնոլոգիաների կիրառումով: Անշուշտ թեւավոր հրթիռների օգտագործումը առավել քան տպավորիչ էր. ոչնչացվեցին իսլամիստների 112 ռազմական օբյեկտ, այդ թվումՙ 19 կառավարման կետ, ռազմամթերքի 19 պահեստ, պայթուցիչների 6 գործարան ու արտադրություն եւ այլն: Եվ իհարկե, չէր կարող չհիացնել գետնից 50 մետր բարձրության վրա երկու երկրների տեղական ռելիեֆի բազում խոչընդոտներ շրջանցող հրթիրների գերճշգրիտ (ընդամենը 2 մետր շեղումով) «վայրէջքը» թիրախ դարձած օբյեկտի վրա, այն էլ 1500 կիլոմետր հեռավորության վրա: Սիրիական արշավանքում Ռուսաստանը օդատիեզերական ուժերի հետ մեկտեղ առաջին անգամ օգտագործեց նաեւ ռազմածովային նավատորմի կարողությունները: Ուշագրավ է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում Կասպից ծովը երբեք չի դիտվել որպես ստրատեգիական հարթակ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների համար, քանզի նա փակ տարածք է, ինչպես ասում ենՙ մեծ լիճ: Եվ հենց այդ անակնկալը շփոթության մեջ դրեց հատկապես ամերիկացիներին: Արեւմուտքը անկարող էր որեւէ կերպ խոչնդոտել Ռուսաստանին այդ տարածաշրջանում: Բացի այդ, այդ հրթիռները տեղակայված են փոքր ջրատարողությամբ (մինչեւ 1000 տոննա), ռազմանավերում, որոնք ազատ կարող են լողարկել նաեւ ներքին գետերով, չմտնելով միջազգային ծովատարածություններ: Այս պարագան խիստ բարձրացնում է հրթիռների օգտագործման մանեւրայնությունըՙ մոբիլ են, անխոցելի, անհասանելի եւ այլն: «Կալիբր» թեւավոր հրթիռները, որ ընդամենը երեք տարվա պատմություն ունեն, մինչ այդ փորձարկվել էին միայն զորավարժությունների ժամանակ: Ահա եւ հոկտեմբերի 7-ին դրանք առաջին անգամ կիրառվեցին իրական մարտական իրադրության մեջ: Ընդ որում, ծովային տեղակայման նորագույն տեխնիկայի լոկալ գործողությունը պարադոքսալ կերպով շշմեցրեց ոչ այնքան իր ռազմական արդյունավետությամբ, որքան քարոզչական աննախադեպ ազդեցությամբ; Սիրիայում իրականացվող ավիացիոն ռմբակոծումներն արդեն Ռուսաստանի կողմից ինքնահաստատման անսպասելի ու հզոր նախաձեռնություն էր: Կրեմլը առիթ ստեղծեց աշխարհին ցույց տալու իր ռազմական տեխնիկայի ներկա վիճակը, հնարավորությունները եւ այն անհրաժեշտության դեպքում կիրառելու իր վճռականությունը: Ասել է, թե թեւավոր հրթիռների արձակումը բացահայտ ուժի ցուցադրում էր, ընդ որում ոչ միայն իր հավանական հակառակորդներին, այլեւ սեփական ժողովրդին: Եվ վերականգնվող կայսերապետական հզորության ներկա ալիքը ավելի համախմբեց Ռուսաստանի ժողովրդին իր ղեկավարի շուրջ: Պուտինի ժողովրդականության վարկանիշը հասավ 86 տոկոսի: Մյուս պարագան, որ նշում են ռազմական գործի մասնագետները այն էր, որ փորձարկելով նոր զենքը 1500 կիլոմետր հեռավորության վրա, հիանալի հնարավորություն էր ստեղծվում ստուգել, թե հսկողության ամերիկյան համակարգերը կարո՞ղ են ի հայտ բերել այդ զինամիջոցները: Պարզվեց, որ չեն կարող: Ամերիկացիները լավագույն դեպքում բամբասեցին, որ մի քանի հրթիռ, իբր, ընկել են Իրանի տարածքում, ինչը իրանցիները չարախնդորեն հերքեցին: Ռուսներն իհարկե չեն մոռանում, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահզոր ռազմական գերտերությունը: Այդուհանդերձ տպավորիչ էր, որ տվյալ դեպքում համաշխարհային շատ լրատվամիջոցներ «Կալիբրը» սկսեցին համեմատել «Տոմահավկի» հետ, որ ամերիկացիները հաճախ են կիրառում իրենց օտարերկրյա գործողություններում, մասնավորապեսՙ Իրաքում: Ռուսատանը ցույց տվեց, որ իր նորագույն հրթիռները ոչ միայն չեն զիջում ամերիկյանին, այլեւ որոշ հատկանիշներով նույնիսկ գերազանցում են նրանց (գերճշգրտություն, ավելի մեծ հեռահարություն եւ այլն): Եվ որ «Կալիբրը» ընդունակ է կրելու նաեւ միջուկային զենք: Սա թեկուզեւ լոկալ մակարդակով, ոչ միջուկային զսպման միջոցներով հավասարության ու լիազորությունների հաստատման ԱՄՆ-ին ուղղված յուրօրինակ հայտ էր: ՌԴ պաշտպանության նախարարությունն իր մեկնաբանություններում չի թաքցնում, որ ահաբեկչության դեմ պայքարում պատրաստ է եւ ի վիճակի է անցնելու նոր, ավելի որակյալ ռազմատեխնիկական մակարդակների: Եվ դա կարող է շարունակական լինելՙ նոր զինամիջոցներ, նոր տակտիկա, ստրատեգիա եւ այլն: Ի դեպ, ռուս զինվորականները նշում են, որ իրենց արկերն ու հրթիռները զգալիորեն էժան են ամերիկյաններից: Ամենաթանկ ռուսաստանյան ավիառումբը այսօրվա փոխարժեքով նստում է մոտ 50 հազար դոլար, իսկ «Կալիբրը» շատ ավելի էժան է 1,5 միլիոնանոց «Տոմահավկից»: Այնպես որ չզարմանաք, եթե ռուսները վաղը-մյուս օրը իսլամիստների գլխին չփորձարկեն եւս մի նոր զինատեսակ: Մոսկվա |