ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Հայաստանի Հանրապետությունում առկա սեփական էներգակիրները վերականգնվող բնական պաշարներն են, որոնցից ներկա պայմաններում տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով եւ իրացման հնարավորություններով առավել ձեռնտու է գետերի հոսքի ջրաէներգետիկ պաշարների յուրացումը , հողմերի էներգիան եւ այլն: Հայաստանի համար հողմաէլեկտրակայանների կառուցումն ունի քաղաքական-ռազմավարական նշանակություն: Բացի այդ, ստեղծվում են նոր աշխատատեղեր հանրապետության հեռավոր բնակավայրերում (քանի որ հողմաէլեկտրակայաններ հիմնականում կառուցվում են սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերին մոտ)` օժանդակելով աղքատության հաղթահարման ծրագրի իրագործմանը, լավանում են շրջակա միջավայրի պայմանները` նրանց արտադրած էլեկտրաէներգիայի չափով պակասում է ՋԷԿ-երի արտադրանքը եւ հետեւաբար գազի այրումից գոյացող թունավոր արտանետումների քանակը: Նախագծա-հետազոտական աշխատանքների կատարման ընթացքում նախատեսվող շինարարական տեղամասում ճարտարապետական հուշարձաններ եւ այլ օբյեկտներ, որոնք իրենցից պատմական արժեք են ներկայացնում, չկան: «Քաջարանի» հողմաէլեկտրակայանը կառուցվել է Սյունիքի մարզում, Լեռնաձոր համայնքի տարածքում: Հողմաէլեկտրակայանի կառուցվածքների տեղի ընտրության նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ տեղանքը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել տեղանքում առկա քամիների հնարավորությունները` արդյունքում ունենալով հողմաէլեկտրակայանի, տրանսֆորմատորային ենթակայանի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի օպտիմալ դասավորություն: «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի մեջ են մտնում հետեւյալ հիմնական կառուցվածքները` հողմաէլեկտրակայանի աշտարակ, ենթակայան, էլեկտրահաղորդման գիծ: «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 250 ԿՎտ, տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակըՙ 820 հազար ԿՎտ.ժ: «ՔԱՋԱՐԱՆԻ» հողմաէլեկտրակայանում արտադրած էլեկտրական էներգիան նախատեսվում է տալ ՀՀ ընդհանուր էներգահամակարգին: Հողմաէներգետիկական կայանքների նախագծման ժամանակ նպատակ է դրվում նվազեցնել համակարգի արժեքը հաշվի առնելով նրա շահագործման ժամկետը եւ արտադրված էներգիայի ինքնարժեքը: Դա պահանջում է, որ հողմաէներգետիկական կայանքի կառուցման համար տեսակարար կապիտալ ծախսերը, ներառյալ կուտակման համակարգը, լինեն նվազագույնը: Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի հողմաէներգետիկական կայանքը նախագծվի հաշվի առնելով նրա շահագործման ընթացքում ծախսերի նվազագույն պահանջը: Հայտնի է, որ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում օդային եւ ջրային միջավայրերը: Նրանց կառուցման համար գոյություն ունեն էկոլոգիական բնույթի երկու հիմնական հարց. աղմուկի առաջացումը եւ նրա ազդեցությունը լանդշաֆտի (բնապատկերի) վրա: Աղմուկը հիմնականում առաջանում է հողմնանիվի առանցքակալների եւ գեներատորի աշխատանքի պատճառով: Աղմուկի մակարդակը կլինի թույլատրելի սահմաններում, եթե կայանը տեղակայվի բնակելի զանգվածներից բավարար հեռավորության վրա: Հողմային էլեկտրակայանները չեն կարող արտադրել էներգահամակարգի համար պահանջվող հզորություն, չեն կարող օգտագործվել նաեւ բեռնվածքի գրաֆիկի բազիսային մասում, քանի որ ունեն հավանական բնույթ: Նրա աշխատանքը բերում է լրացուցիչ ծախսերի ավելացմանը կախված գեներացնող ագրեգատների ռեժիմների ավելի հաճախակի փոփոխության անհրաժեշտության հետ:Տնտեսական զարգացումը եւ առաջընթացը անհնար են առանց օրեցօր աճող էներգիայի պահանջի բավարարման: Ներկայումս էլեկտրական էներգիայի արտադրության համար հումք է հանդիսանում օրգանական վառելիքը (ածուխ, նավթ, գազ): Ակնհայտ է, որ օրգանական վառելիքը կարող է բավարարել համաշխարհային էներգետիկայի պահանջների միայն մի մասը: Աշխարհում յուրաքանչյուր տարի օգտագործվում է մոտ 14 միլիարդ տոննա վառելիք: Այս տեմպերով օգտագործելու դեպքում հետախուզված վառելիքի պաշարները մարդկությանը կբավարարեն բնական գազըՙ 60 տարի, նավթըՙ 40 տարի, քարածուխը մոտ 200 տարի: Բացի դրանից վառելիքի այրման հետեւանքով շրջակա միջավայր են արտանետվում հսկայական քանակությամբ վտանգավոր նյութեր, ազոտի եւ ծծմբի օքսիդներ եւ այլն: Հայաստանն աղքատ է վառելիքաէներգետիկ պաշարներով, այն բերվում է դրսից, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Հողմաէլեկտրակայանների նախագծման եւ կառուցման առավելությունները (բնապահպանական, էներգետիկ անվտանգության եւ այլն) ավելի ցայտուն են երեւում, երբ համեմատվում են Հայաստանում շահագործվող ջերմային էլեկտրակայանների հետ: Ներկայումս ՀՀ-ում աշխատում են Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը : Այդ իսկ պատճառով «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի համեմատությունը կատարվել է Երեւանի ՋԷԿ-ի համար: «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի շահագործման դեպքում Երեւանի նոր կառուցված շոգեգազային շրջափուլով աշխատող ՋԷԿ-ում տարեկան չի այրվի 240 տոննա վառելիք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ Երեւանի ՋԷԿ-ում գազային վառելիքի այրման ժամանակ «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի առկայության պարագայում շրջակա միջավայր չի արտանետվի 2,4 կգ ծծմբի օքսիդ, 2420 կգ ազոտի օքսիդ: |