ԱՄՓՈՓԵԼՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Պատմության գիրկն անցնող 2015 թվականը հայերիս համար դարձավ չափազանց աշխույժ մի տարի: Հուզախառն ապրումների, քաղաքական ամենատարբեր խաղերի դիմակայման, Ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարի մի ամբողջ դարաշրջան էր պարփակված դրանում: Աշխարհի տարբեր վայրերում ապաստան գտած, կոտորածներից մազապուրծ ցիրուցան եղած հայերս հասկացանք, որ մեր արդար դատը շատ ավելի զորեղ է, քան մենք պատկերացնում էինք, շարունակում է միջազգային հասարակության ուշադրության կենտրոնում լինել եւ իր արձագանքը գտնել համաշխարհային քաղաքականության ոլորտում: Ճիշտ է, որոշ երկրներ ճանաչել ու պաշտպանել են մեր դատը բոլորովին էլ ոչ այլասիրությունից դրդված, այլ պարզապես իրենց ազգային եւ քաղաքական շահերը հետապնդելու նպատակով, բայց մենք պետք է գիտակցենք, որ դա է քաղաքականության բնույթը եւ համակերպելով դրան պարտավոր ենք նախաձեռնություն ցուցաբերել եւ գտնել այլ երկրներ, որոնց շահերը համընկնում են մեր շահերին, որպեսզի մշտապես վառ պահենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համաշխարհային հասարակության գիտակցության մեջ: Հայերս երբեք չենք պնդել, որ մեր ողբերգությունը եզակի փորձառություն էր իր բնույթով, չնայած դրա իրավունքը ունեինք: Կամպուչիան եւ Ռուանդան շարունակում են գոյություն ունենալ իրենց պատուհասած ողբերգական ցեղասպանություններից հետո: Ուկրաինան կարողացավ վերապրել 1932-33 թվերի ստալինյան Հոլոդոմորըՙ սովը: Հայերս, սակայն, միակն էինք, որ 1,5 միլիոն զոհ տալով կորցրեցինք մեր պատմական հայրենիքը, զրկվեցինք դրանից: Որոշ մասնագետների այն պնդումներին, որ հրեաների Հոլոքոսթը նպաստեց, որ նրանք վերջապես վերատիրանան իրենց 2000 տարվա կորսված հայրենիքին, ասենք, որ 1917-ի «Բալֆուրի դեկլարացիան» չիրականացված խոստում մնաց մինչեւ որ Նյուրենբերգյան դատավարության բացահայտումները արթնացրին մարդկության խիղճը եւ միջազգային հասարակությունը սկսեց պաշտպանել հրեաներին հայրենիք պարգեւելու գաղափարըՙ 1948-ին: Հարյուրամյակը հատկանշական էր ոչ միայն մեզՙ հայերիս, այլեւ թուրքերի համար: Իրականում Ցեղասպանությունից վերապրողներ համարյա թե չեն մնացել, բայց Հայ դատը «ողջ եւ առողջ» է, ինչպես երբեւէ: Իրարահաջորդ սերունդները գտել են առավել արդյունավետ միջոցներ հետապնդելու համար մեր դատը եւ անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը հզոր հիմք է ծառայում հետագա փոխհատուցման: Թուրքերը շշմել էին այն փաստից, որ հարյուրամյա ժխտման քարոզչությունից հետո աշխարհը դեռ հիշում է Հայոց ցեղասպանությունը եւ խոսում այդ մասին: Ավելին, այդ հարցը իր ներազդեցությունն էր ունեցել նաեւ բազմաթիվ թուրքերի ազգային գիտակցության եւ խղճի վրա: Նրանք զգում են, որ այդ խարանը պետք է մաքրվի, որպեսզի Թուրքիան կարողանա դասվել աշխարհի քաղաքակիրթ երկրների շարքում: Այդ արդարամիտ թուրքերը, սակայն, որոշ առումով են միայն մեր «գործընկերները»: Նրանց ցանկությունն է ազատել, փրկել իրենց երկիրը այդ պատմական ամոթից: Հենց սկսենք խոսել փոխհատուցման կամ տարածքային պահանջատիրության հարցերի շուրջ, նրանք դադարում են մեր «գործընկերը» լինելուց: Հարյուրամյակի տարում ձեռնարկված միջոցառումները եւ դրանց համաշխարհային արձագանքը անշրջելի հետագծի վրա դրեցին Հայոց ցեղասպանության հարցը: Ավելացավ այն երկրների թիվը, որոնք ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը: Վերջինս ավելի ամրապնդեց իր դիրքերը միջազգային իրավունքի ասպարեզում: Ավելի շատ գիտական աշխատություններ հրատարակվեցին հայ, թուրք եւ արեւմտյան երկրների ցեղասպանագետների կողմից: Ավելին, համաշխարհային ճանաչման եւ հարգանքի արժանացած հոգեւոր առաջնորդներ եւ հասարակական հարաբերությունների ղեկավարներ անվերապահորեն ամրագրեցին պատմական փաստերի ճշմարտացիությունը եւ Հայաստանն ու հայերը ամբողջ աշխարհում կարողացան հարյուրամյակի հիշատակությունները կազմակերպել աննախադեպ բարձր մակարդակով: Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոսի անվան տաճարում Հռոմի Ֆրանսցիկոս պապի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագը եւ Ցեղասպանության փաստի աներկմիտ բնութագրումը ճանապարհ հարթեցին այդ թեմայի շուրջ միջազգային լայնծավալ արտահայտությունների համար: Քարդաշյան քույրերը, Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Շառլ Ազնավուրը, Ջորջ եւ Ամալ Քլունիները իրենց բարձրաձայնած ելույթներով թափ հաղորդեցին հանրային կարծիքի ձեւավորմանը եւ տարածմանը: Թուրքիայի հակազդեցությունը խուճապային էր եւ ողորմելիորեն անպատշաճ եւ անհամազոր դիմագրավելու Ցեղասպանության ճանաչմանն ի նպաստ հաճախակի հնչած պերճախոս արտահայտություններին: Էրդողանի կառավարությունը զորակոչի ենթարկեց պետության միջոցները եւ փորձելով նսեմացնել Ցեղասպանության հիշատակությունների ազդեցությունը Գալիպոլիի արշավի հարյուրամյակի տոնակատարությունը տեղափոխեց ապրիլի 24-ին: Դա ցույց տվեց Թուրքիայի հուսահատության աստիճանը, եւ առավել նշանավորեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Հայաստանը կարողացավ հյուրընկալել մայրաքաղաք Երեւանում չորս նախագահների եւ իրենց համապատասխան երկրների ազգային ժողովները ներկայացնող 50 պատվիրակությունների, որոնք հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունն արտահայտեցին բարձր մակարդակով կազմակերպված ֆորումի ընթացքում: Մինչ այդ 20 երկրներ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2015-ին չորս երկրներիՙ Բոլիվիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինները եւս համապատասխան բանաձեւեր ընդունեցին մեծացնելով Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը: Հույս ունենք, որ Անգելա Մերկելի կառավարությունը նույնպես կմիանա ճանաչողների ցանկինՙ ի հեճուկս Գերմանիայում ապրող հինգ միլիոն թուրքերի ընդդիմությանը: Չիլիում, Բոլիվիայում եւ Պարագվայում քիչ թվով հայեր են ապրում, բայց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի Հարավային Ամերիկա կատարած այցն իր դրական ազդեցությունն ունեցավ: Պետք է նշել, որ տարածաշրջանում զինվորական բռնապետերի անկումից հետո, այդ երկրները վարում են իրարից անկախ արտաքին քաղաքականություն: Նիկարագուան եւ Վենեսուելան, օրինակ, ի տարբերություն մյուսների, ճանաչել են Աբխազիայի անկախությունը, միգուցե հող նախապատրաստելով ճանաչելու նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մ. Նահանգների 50 նահագներից 43-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դաշնային կառավարությունն ու իրարահաջորդ նախագահները հետ են կանգնել Ցեղասպանությունը ճանաչելու իրենց պաշտոնական խոստումներից եւ դեռ որոշ ժամանակ կարող են շարունակել իրենց այդ դիրքորոշումը: Նախագահ Օբամայի ուղերձը շատ մոտիկ էր բնութագրելու Ցեղասպանությունը (առանց, սակայն, այդ բառը նշելու) եւ նրա ելույթը թուրքական խորհրդարանում հատկանշական էր, բայց Մ. Նահանգների նախագահները պետք է, երեւի, որոշ խիզախություն փոխ առնեն Ֆրանսիայի նախագահներից, որպեսզի կարողանան անցնել «վերջին մղոնը» դեպի արդարամտություն: Թուրքիան կարող է սպառնալ, բայց շուտով հանդարտվելու է: Հակառակ Փերինչեքի գործի քաղաքականապես հագեցած դատավճռին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի անգամ եւս եվրոպացի հասարակության ուշադրությունը բեւեռեց Հայոց ցեղասպանության հարցի վրա: Իսկ Եվրոխորհրդարանի ընդունած որոշումը է՛լ ավելի ուժեղացրեց այդ ազդեցությունը: Որեւէ հարց համաշխարհային ուշադրության կիզակետում հայտնվելու համար կարիք ունի ակադեմիական լուրջ, հիմնավորված ուսումնասիրության: Բավական երկար տարիներ Ցեղասպանության ուսումնասիրությունները այդ առումով թերացել էին: Բայց վերջին շրջանում հսկայական քանակությամբ ակադեմիական հրատարակություններ (ինչպես Ուգյուր Ումիտ Ունգորի «Հայկական ունեցվածքի առգրավումը երիտթուրքերի կողմից», Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունն ընդդեմ մարդկության», Մերիլ Դ. Պետերսոնի «Սովահար հայեր», Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ», Մուրատ Բարդաքչիի «Թալեաթ փաշայի Սեւ գիրքը», Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը», Թաներ Աքչամի եւ Վահագն Տատրյանի համատեղ «Դատավարություն Ստամբուլում եւ շատ այլ հատորներ) ճանապարհ հարթեցին դեպի հարյուրամյակի առթիվ լույս ընծայված աշխատությունների, որոնցից հիշատակության արժանի են Վիգեն Չթրյանի «Բաց վերքեր: Հայեր, թուրքեր եւ մեկդարյա ցեղասպանություն», Թոմաս դը Վաալի «Մեծ աղետը», Յուջին Ռոգանի «Օսմանցիների անկումը», Ռոնալդ Սյունիի «Նրանք կարող են ապրել անապատում, բայց ոչ այլուր», Լու Ուրենեքի «Մեծ հրդեհը», Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս օպերացիան»: Բայց ամենանշանակալիցը անշուշտ մնում է «Անհանգստացնող ցեղասպանություն: Ով է այժմ հիշում հայերին» խորագիրը կրող Ջեֆրի Ռոբերտսոնի գիրքը: Ռոբերտսոնը, ինչպես գիտենք, Ամալ Քլունիի հետ հայկական կողմն էր ներկայացնում Փերինչեքի դատավարության ժամանակ: Նշված հատորները անշուշտ ամբողջական ցուցակը չեն հրատարակված աշխատությունների: Ուրիշներ որոշակի հաճախականությամբ շարունակում են լույս տեսնել: Հատկանշականն այն է, որ հրատարակված ուսումնասիրություններում անհերքելի փաստեր եւ վկայություններ են ամփոփված, որոնց դեմ ոչ մի փաստարկ կամ պնդում չի կարող լինել: Հակառակ, սակայն, վկայությունների այս վիթխարի քանակին, նախագահ Էրդողանը դեռ պնդում էՙ «թող հայերը առնվազն մեկ փաստաթուղթ ցույց տան, որ Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է գործել»: Ընթերցելուց հետո Ստամբուլի զինվորական տրիբունալի 1919-ի արձանագրություններն ու մասնավորապես Թալեաթ փաշայի «Սեւ գիրքը», որոնցում հստակ նշված է, որ Ցեղասպանությունը մաթեմատիկական ճշգրտությամբ ծրագրված էր, ոչ ոք հարցականի տակ չի կարող դնել Հայոց ցեղասպանության դիտավորությունն ու կանխամտածվածությունը: Հարյուրամյակի փուլը անցնելուց հետո, հայկական համայնքներում կարծիքներ են հնչում, որ ճանաչումից հետո մենք այժմ պետք է կենտրոնանանք հատուցման հարցերի վրա: Որեւէ կասկած չկա, որ հարյուրամյակը շրջադարձային հաղթանակ արձանագրեց Հայ դատի համար, բայց, մեր կարծիքով, դեռ շատ գործ ունենք կատարելու միջազգային գետնի վրա եւ հատկապես Թուրքիայում: Վերջինիս պարագայում մեծ դեր կարող են խաղալ թուրք գիտաշխատողներն ու մարդու իրավունքի պատշպանները: Ճանաչումն ու հատուցումը իրարից անբաժան են: Ցեղասպանության հետեւանքով մենք ոչ միայն զրկվեցինք մեր պատմական հայրենիքից եւ 1,5 միլիոն զոհ տվեցինք, այլեւ հարկադրաբար բաժան-բաժան եղանք եւ ցրվեցինք աշխարհով մեկՙ ստեղծելով հայկական սփյուռքը: Թուրքերն այնքան կատարյալ էին մշակել իրենց ծրագիրը, որ մի ամբողջ դար անց հայերս չենք կարողանում մեկ, միասնական ձայնով խոսել աշխարհի հետ: Դա է մեծագույն պատիժը: Մեկ դար անց սփյուռքահայությունը չի կարողանում միասնականություն դրսեւորել: Յուրաքանչյուր հատված, կազմակերպություն, մարմին ինքն է ցանկանում ներկայացնել ամբողջ սփյուռքը: Երեւանում կազմավորված Ցեղասպանության հարյուրամյակի համակարգող հանձնախումբը իր մեջ ներառում էր ինչպես երկրի կառավարության, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներ: Ծրագրվում է այդ հանձնախումբը վերածել մշտական գործող մի մարմնի, որտեղ միասնաբար կարող են համագործակցել հայրենիքն ու սփյուռքը: Եթե խոհեմ լինենք ու գործենք, կկարողանանք պնդել, որ հարյուր տարի անց վերջապես միասնական ենք: Հարյուր տարի առաջ գործադրված Ցեղասպանությունը նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին եւ բեկորների վերածել, սակայն ի հեճուկս ծրագրողների եւ իրագործողների, Ցեղասպանությունը դեռեւս մնում է այն միակ գործոնը, որը միավորում է մեզ եւ նպաստում խորհելու եւ գործելու որպես մեկ, ընդհանրական ինքնիշխան պետություն: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ. |