RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3074, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎՆԱՍՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վերջին ցուցահանդեսները նորություն եւ թարմություն էինՙ ինչպես մշակութային այս օջախի, այնպես էլ արվեստասերների համար: Վարպետի աշխատանքների ցուցադրության զուգորդումը իր աշակերտների նկարների հետ, հետաքրքրական եւ ուսանելի ծրագիր էր, որն ունեցավ երկու նմանաբնույթ ցուցադրություն: Վերջին ցուցահանդեսին («Էդուարդ Իսաբեկյանը եւ իր ուսանողները») ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը տեղեկացրեց ՙ Անդրեյ Շուգարովից, Խաչիկ Աբրահամյանից եւ Սամվել Մարությանից ստացված երեք նկարների նվիրատվության մասին, իսկ որոշ ժամանակ անց ցուցասրահը համալրվեց Էդ. Իսաբեկյանի եւս մեկ դիմանկարովՙ Ֆրանկ Գասպարյանի հեղինակությամբ: Նորություն էր նաեւ izi. TRAVEL միջազգային ծրագրի ներմուծումը, որը ցուցադրված նմուշների մասին այցելուին հեռախոսի միջոցով առավել հանգամանալի տեղեկություններ կարող է տալ: Ծրագիրը հնարավորություն է տալիս օնլայն հետեւելու նորաստեղծ երեք էջերիՙ «Իսաբեկյանի հետքերով», «Իսաբեկյան ցուցասրահ» եւ «Իսաբեկյան վիրտուալ թանգարան»ՙ ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային, եւ մի քանի լեզուներով: Նախատեսվում է վիրտուալ թանգարանում ընդգրկել վարպետի բոլոր աշխատանքները: Ըստ տնօրենի, ծրագրի ներմուծումից հետո մեծացել է հետաքրքրությունը եւ օնլայն այցելությունների քանակը ավելանում էՙ ներգրավելով նաեւ օտարների:

Ցուցասրահի աշխատանքները սակայն խոչընդոտվում են պարբերաբար, հատկապեսՙ առատ տեղումների ժամանակ: Կառույցը լուրջ վերանորոգման անհրաժեշտություն ունի, որը տարիներ շարունակՙ չնայած տնօրենության ահազանգերին ու դիմումներին, մնում է չլուծված: Իսկ հետեւանքները ցավալի են: Ահավասիկ այս տարվա առաջին օրերին տեղացած առատ ձյունը, եւ մի քանի օր անց անակնկալ ձնհալը լուրջ վնասներ են հասցրել: Առաստաղից ու պատերից հոսող ջրերի խոնավությունը սպառնում է թանգարանի ցուցանմուշներին, այն աստիճան, որ աշխատակիցները ցուցադրությունից ժամանակավորապես ստիպված են եղել հանել երկու նկար. ջուրն անմիջականորեն հասել էր նրանց եւ վնասել:

«Հայարտի», որի կազմի մեջ գործում է ցուցասրահը, տնօրեն Ռիտա Շառոյանը դիմել է քաղաքապետարան. պատասխանը սպասվում է տասնօրյա ընթացքում: Այսպիսի իրավիճակները, սակայն, արագ միջամտություն են պահանջում. սա փողոց կամ բակ չէ եւ անկասկած ավելի ուշադրություն ու հոգատարություն է պահանջվում, քանի որ տիրող խոնավության պայմաններում ակնհայտորեն վտանգի են ենթարկվում ցուցասրահի մնացած նմուշներըՙ մեր քաղաքին պատկանող մշակութային արժեքներ, որոնք, իհարկե, պահպանել է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ