RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1792, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԱՅՔ ՉԲՌՆԱԲԱՐՎԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցին, թե ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին, գերմանական Քյոլնի շուրջ 200 բնակչուհիներ հազիվ թե պատասխանեն` լավ: Հազիվ թե, որովհետեւ փաստ չէ, որ այն ինչ նրանց հետ տեղի է ունեցել բոլորի սրտով չէր: Հիշեցնենք, հունվարի 1-ի գիշերը, Գերմանիա տեղափոխված մի խումբ միրգրանտներ (հիմնականում մահմեդական) դուրս էին եկել քաղաքում զբոսնելու: Տեսնելով, որ ամեն ինչ հրաշալի է եւ ինչ գեղեցիկ են գերմանուհիները, միգրանտները հարձակվել են վերջիններիս վրա: Արդյունքում տեղի ոստիկանությունը ընդունել է շուրջ 200 դիմում-բողոք` Քյոլնի բնակչուհիներից այն մասին, թե Ամանորի գիշերը իրենց բռնաբարել են: Որպեսզի այս պատմությունը մեզ համար ավելի հասկանալի լինի, պատկերացրեք, որ Նովրուզի տոնին Երեւան եկած մի խումբ մահմեդական այլազգիներ մեր քաղաքում զբոսնում են եւ հարձակվում մեր կանանց վրա: Ընդ որում, նրանք ոչ թե եկել են մեր երկիր` որպես զբոսաշրջիկ, այլ որպեսզի քաղաքացիություն ստանան, նվազագույնը` կեցության եւ աշխատանքի իրավունք, այսինքն դառնան մեզանից մեկը, այսինքն ստանան մեր աշխատատեղերը (որոնք մեր պարագայում այդքան էլ շատ չեն), սովորեն մեր բուհերում, ստանան մեր երկրի թոշակներ, սոցալիական տարբեր փաթեթներ, բայց չընդունելով մեր երկրում ապրելու` բոլորիս կողմից ընդունված կարգը (եթե այն կա, իհարկե): Հայաստանի համար նման իրադարձությունը գուցե եւ ազգային անվտանգության խնդիրներ առաջացնի, ազգագրական իրավիճակ փոխի, մի խումբ արիացի-հայերի նյարդային համակարգը սարսափելի աստիճանի լարի, բայց, օրինակ, Գերմանիայում կարելի է ասել սպասվածից ավելի հանգիստ վերաբերվեցին իրենց քույրերի մասսայական անպատվության փաստին, ինչից ենթադրում ենք, որ գերմանացիներն ուրեմն տղամարդ չեն, կամ ավելի քիչ տղամարդ են, քան հայերս: Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելը, ով, ի դեպ, այդ օրը փառք Աստծո Քյոլնում չի եղել, տղամարդ չէ եւ նա իրադարձությունից հետո հայտարարել է, որ թերեւս կարիք կա որոշ փոփուխություններ մտցնել երկրի օրենսդրական դաշտում, այսինքն` ավելի խստացնել միգրացիոն օրենսդրությունը, այսքանը: Փոխարենը Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի ղեկավարները տղամարդիկ են եւ նրանք Քյոլնի իրադարձություններից հետո հայտարարեցին, որ փաստորեն իրենք շատ էլ ճիշտ էին, որ մահմեդական միգրանտների մուտքն իրենց երկրներ արգելել էին:

Գուցե այս պատմության հետ ոչ մի կապ չունեցող մի իրադարձություն էլ տեղի ունեցավ մահմեդական Եգիպտոսի զբոսաշրջության կենտրոններից մեկում` Հուրգանդա քաղաքում, որտեղ տեղի հյուրանոցներից մեկի տարածքում մի խումբ զիլ տղերք կրակ բացեցին հանգստացող զբոսաշրջիկների ուղղությամբ, որոնց թվում կան վիրավորներ, որոնց թվում էլ, ի դեպ, մեկ գերմանացի: Կարելի՞ է արդյոք ասել, որ այսպիսով ծայրահեղականները փորձում են հասկացնել, որ եթե անգամ իրենց վտարեն Եվրոպայից, իրենք իրենց երկրներում էլ նույնն են անելու: Թերեւս, ուրեմն կարելի՞ է արդյոք պնդել, որ մահմեդական միգրանտներին Եվրոպայից վտարելը ճիշտ քայլ կլինի:

Իմ կարծիքով` ոչ: Բանն այն է, որ որեւէ մեկը չի կարող մյուսին արգելել վերջինիս ավելի լավ ապրելու ցանկության կատարման մեջ: Ու եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ու Եգիպտոսում մարդիկ ավելի լավ չեն ապրում, քան Գերմանիայում եւ Շվեյցարիայում (որի Ցյուրիխ քաղաքում, ի դեպ, եւս մի քանի կանայք բռնաբարվել են), ապա նշանակում է, որ ոչ մի գերմանացի կամ շվեյցարացի չի կարող արգելել ոչ մի սիրիացու կամ եգիպտոսցու (չխառնել` եգիպտացու հետ, վերջինս էլ չկա), գնալ Գերմանիա կամ Շվեյցարիա եւ ավելի լավ ապրել: Խնդիրն ըստ իս արգելելու կամ վտարելու մասին չէ, խնդիրը հանդուրժողականության մեջ է: Ընդ որում, խոսքը ոչ թե բռնաբարողներին հանդուրժելու մասին է, այլ մեզ չնմաններին հանդուրժել չկարողանալու մասին: Այո, կոնկրետ մահմեդական երկրներից մարդիկ գալիս են Եվրոպա, հարմար տեղավորվում են, ամենահարմար տեղերում մզկիթներ են կառուցում, իրենց որդիների անունները դնում են Մուհամեդ կամ Հասան, իրենց որդիների համար հանում են տեղի անձնագրեր, արդյունքում տեղի բնակչության զգալի մասի անունը դառնում է Մուհամեդ կամ Հասան, բայց ո՞վ ասաց, որ բոլոր մուհամեդներն ու հասանները սպասում են, թե երբ պետք է դուրս գան քաղաք զբոսնելու, որպեսզի բռնաբարեն, ի վերջո, Քյոլնում եւ Ցյուրիխում բռնաբարողները եղել են մի քանիսը, իսկ Եվրոպա արտագաղթել են մի քանի հարյուր հազար մահմեդական միգրանտներ: Ու իմ կարծիքով, ավելի հետաքրքրական է ու կարեւոր, թե նրանք ինչ են արել այս Նոր տարվա գիշերը, քան այն, թե ինչ են արել մի քանիսը նույն գիշերվա ընթացքում:

Բայց ի՞նչ է նշանակում հանդուրժել: Այսինքն պե՞տք է արդյոք գերմանացին հանդուրժի, որ իր երկիր, քաղաք, բակ, շենք եկած սիրիացի Մահմուդը ընդունվում է աշխատանքի մի տեղ, որտեղ ինքը կարող էր աշխատել, կամ իր զարմիկը, կամ նրա երեխան ընդունվում է Բոննի բժշկական քոլեջ` անվճար, այն պարագայում, երբ այդ անվճար սահմանափակ տեղերից մեկը իր որդին կարող էր զբաղեցնել, կամ ամանորյա զեղչային շաբաթվա ընթացքում սիրիացին ավելի ճարպիկ է գտնվում եւ կարողանում է գերմանացուց առաջ գնել շատ էժան վաճառվող վերջին Mersedes-ը... այո, նշանակում է: Օրինակ Գերմանիայում աշխատանքի ընդունվում են ոչ թե «հանուն պապայի», այլ` ունեցած հմտությունների, եւ մի՞թե մեղավոր է սիրիացի միգրանտը, որ ավելի շատ հմտություններ ունի, քան գերմանացին: Բուհ ընդունվում են ըստ քննությունների արդյունքների` բացառապես: Եվ արդյոք մեղավո՞ր է սիրիացի միգրանտը, որն ավելի լավ է պատրաստվել քննություններին եւ ավելի բարձր արդյունքներ է ապահովում: Եւ ի վերջո, մի՞թե մեղավոր է սիրիացի միգրանտը, որը զեղչի շաբաթվա նախորդող օրը գիշերը չի քնում, այլ գնում է խանութի մոտ` հերթի, որպեսզի առաջիններից մեկը մտնի, այն պարագայում, երբ գերմանացին իր տանը անուշ քնած է, քանի որ նախորդ օրը ուրբաթ էր, եւ ինքը մի լավ հարբել էր` Քյոլնի Վալռաֆ-Ռիխարցի թանգարանի մոտ, որտեղ ուղեկցել էր եգիպտոսցի գեղեցկուհի միգրանտ Ամատալլային (ի դեպ մահմեդական միգրանտների թվում լինում են նաեւ գեղեցկուհիներ), որի սիրտն արդեն մի քանի օր է, ինչ ցանկանում է շահել: Ուրեմն գուցե ավելի ճիշտ է աշխատելը միգրանտների հետ, ընդ որում խոսքը ոչ միայն տեղի լեզուն, օրենքները սովորեցնելու մասին, կամ, ենթադրենք Գերմանիա ներգաղթած միգրանտներին գերմանացու հոգու հետ ծանոթացնելու գործընթացի մասին է, այլ նրան ընդունելու, նրան հանդուրժելու, նրան որպես յուրային ճանաչելու մասին: Օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում ...այսպես չեն անում, այսպես արել են ԱՄՆ-ում, եւ չգիտես ինչու, հունվարի մեկի գիշերը ոչ Նյու Յորքի, ոչ Սան Ֆրանցիսկոյի, ոչ էլ անգամ «սոդոմ-գոմոր» Լաս Վեգասի կանայք չեն բռնաբարվել:

Իսկ Քյոլնում եւ Ցյուրիխում կանանց բռնաբարողները հանցագործներ են, եւ ոչ միայն Քյոլնում ու Ցյուրիխում, եւ ոչ միայն կանանց բռնաբարողները եւ ոչ միայն բռնաբարողները... Ի դեպ, աշխարհում քանի՞ քրիստոնյա հանցագործ կա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ